▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը հայ ժողովրդին «քցել» է

«Մեր բանակի պրոֆեսիոնալիզմը շատ բարձր է, բայց ամեն ինչ նրա հույսին թողնել պետք չէ: Բանակաշինությունը հասել է Էրզրում, դիվանագիտությունը մնացել է Գյումրիում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով՝ դիվանագիտական կողմը պետք է թեթևացնի բանակի բեռը.

«Մեր պաշտպանությունն, առաջին հերթին, մեր խնդիրն է, որովհետև ինչպես 1915 թվականին, այնպես էլ այսօր ճիվաղի դիմաց  կարող ենք մնալ առանց որևէ մեկի, սակայն չպետք է դադարել դաշնակիցներ փնտրել: Դաշնակիցներն  ինչքան հզոր լինեն, այնքան լավ է»,-նկատեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը կարծում է, որ դաշնակիցները պետք է շատ լինեն, չպետք է կապ հաստատել մեկի հետ.

«Եթե դաշնակիցը մեկն է, նա ձեզ մատի վրա խաղացնելու է: Ճիշտ է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց գիտենք, որ հայ ժողովրդին «քցել» է՝ պաշտպանելով թուրքական պետականությունը: Մեր պետությունն այսօր այս վիճակում է՝ 1920 թվականին ռուս–թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախը նվիրվեց Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին, սարերն էլ՝ Ռուսաստանին: Բայց, եթե հայ անմեղսունակ բոլշևիկները չլինեին, այդ հարցը չէր լինի»,-ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանն անդրադարձավ նաև Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդրին.

«1920 թվականին Չիչերինը նամակ է գրել Լենինին, որտեղ ասվում է,անշուշտ, մենք գիտենք, որ Արցախը Հայաստանն է, ժամանակին գրավել են թաթարները, բայց  մենք չենք կարող հայերին վերադարձնել այն, որովհետև դա կզայրացնի թաթարներին: Այսօր Ռուսաստանն այդ նամակը որպես քաղաքականություն 10 տարի է՝ ռեալիզացնում է ու հաջողություն չունի: Ուստի, որևէ օտար «սապոգ» ՝ լինի այն կարմիր, կապույտ, թե երկու գույնը միասին, մեր սահմանում չպետք է լինի: Գիտենք, որ խաղաղապահներ տեղադրվում են նաև կռիվներ սարքելու համար»,-նշեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին