▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո սրտի բաբախը դադարեց, բայց դու հավերժ ապրեցի՛ր ու մնացի՛ր մեր մեջ…

Հունվարի 12-ի առավոտը, որ լի էր բազմաթիվ խորհուրդներով ու ակնկալիքներով, մի ողջ ժողովրդի համար բացվեց մղձավանջային երազից հետո մնացած տեսիլքով: Իսկ Ավետիսյանների ընտանիքի համար այն այդպես էլ չբացվեց: Ինչպես արդեն գիտենք սպանդը, որ կատարվել էր այգաբացին այդ ընտանիքի հանդեպ, ճակատագրի բերումով, պատահականության արդյունքում թե բախտի բերմամբ 7 հոգանոց ընտանիքից ողջ էր մնացել միայն ընտանիքի ամենակրտսերը՝ Սերյոժան: Նա 6 ամսական էր: Նա դեռ նոր պիտի հասկանար չարն ու բարին, նա դեռ նոր պիտի լեզու առներ ու իր թոթովախոս բերանով բառբառեր, մայրիկ, հայրիկ, քույրիկ, տատիկ, պապիկ, հոլաքույլ: Նա դեռ նոր պիտի մտներ կյանք ու իր վճռական կեցվածքով կանգներ արդարության ու անարդարության միջնամասում ու հաղթեր: Նա դեռ պիտի սովորեր ու սովորեցներ, նա դեռ պիտի պաշտպաներ ու պաշտպանվեր, նա դեռ նոր պիտի սիրահարվեր…

Դեպքից օրեր անց, իսկ ավելի ճիշտ յոթերորդ օրը նա էլ ընդհատեց իր երկրային կյանքը: Գնաց ու միացավ իր ընտանիքին: Նա այլ կերպ չէր էլ կարող լիներ, նա ընտանիքի ամենասիրելի ու հարազատ որդին էր: Մեծերից եմ լսել.

-Ծծկեր մանկիկը մոր մահից հետո 7 օր գտնվում է հոգեւարքի մեջ, ու եթե մինչեւ ութերորդ օրը ապրեց ուրեմն կշարունակի ապրելը…

Ճիշտ մեկ շաբաթ, աշխարհի գթասիրտ ու բարեգութ մարդիկ աղոթեցին, աղոթեցին առ աստված, աղոթեցին արցունքոտ աչքերով ու սրտի արագազարկ բաբախով: Խնդրեցին բարձրյալին, որ առողջանա փոքրիկը: Խնդրեցին, որ արագ ապաքինվի ու շուտ մեծանա, համալրի մանուկների խումբը, պատանեկան օրերի դպրոցական նստարանը, համալսարանում գիտելիքի համար կռիվ տվող ուսանողի շարքերը, սահմանում զենքի հետ հսկող զինվորի պահակակետը, որ սիրած աղջկա ձեռքն ամուր բռնած քայլի այգու ծառաշատ արահետներով…

Աղոթքները բարձրացան վե՜ր, վե՜ր, կախվեցին ու մնացին օդում:

Ծննդյանս օրը՝ հունվարի 18-ին, երբ հարցրեցին թե ինչ նվեր կուզեմ, ասացի, որ հիմա աշխարհում ամենաշատը կուզեի այս փոքրիկ հերոսի կյանքի ամրապնդում, որ վերականգնվի առողջությունն ու… ապրի, ապրի թեկուզ հանունի համար, ապրելով ապրեցնի իր ընտանիքի հիշատակը, որն այլեւս պատմություն էր դարձել:

Ճիշտ 7 օր աշխարհի սրտացավ մարդիկ արթնանում էին այս փոքրիկով ու քնում նրանով… Անյքան էր հարազատացել որ կարծես թե յուրաքանչյուրիս ընտանիքի մի մասը լիներ, որ կարծես թե մեր սեփական երեխան լիներ… Աղոթում էինք ազգովի, աղոթում ու խնդրում..

Աստված իմ, ինչու՞, ինչի՞ համար…

Հունվարի 19-ի վերջալույսով վերջացավ նաեւ մեր այնքա՜ն սիրելի փոքրիկի կյանքը: Գրանցվեց կենսաբանական մահ ու հիմա էլ արդեն նա մեզ հետ չէ…

Նորից Գյումրի, նորից Գյումրու սբ. Նշան եկեղեցի, նորից մարդկային հոծ բազմություն, նորից լաց, ճիչ ու ողբ, նորից տխուր դեմքեր, աչքերի մեջ սառած արցունքներ, նորից անորոշ հայացքներ, սարսափած մարդիկ ու վրեժ երգող բռունցքներ…

Հիշում եմ փոքրիկին… աչքերիս մեջ դաջվել է նրա տղամարդու տեսակը: Հիշու՞մ եք ինչպես էր պառկել բժշկական իր անկողնու մեջ: Առաջին հայացքից կարծես թե մեր ազգային էպոսի վերջին ճյուղի՝ Փոքր Մհերի որդին էր, Դավթի թոռ Դավիթը, մեր թլոլ Դավիթը, մեր ծուռը: Մենք բոլորս գաղտնի հավատում էինք, որ նա կապրի, որ կապրի ու կշարունակի իր ընտանիքի արդեն ընդհատված պատմությունը:

Սիրելի փոքրիկ այսօր կողքիդ էի, գիտե՞ս… կանգնել էի գլխավերեւումդ ու ոչ մի կերպ չէի հեռանում… մտածում էի թե էդ ինչ ձեռք էր, որ…

…Դու հանգի՜ստ պառկած էիր քո մահիճում ու լուռ էիր: Քո փոխարեն մենք էինք լացում, փոքրի՛կ, քո փոխարեն մենք երդվեցինք, փոքրի՛կ… Սառած ձեռքս հպեցի քո սառած այտին ու չդիմացա… Գիտե՞ս փոքրիկ դու այսօր այնքան լավն էիր, այնքան հանգիստ… Ամբողջ աշխարհն էր քո կողքին… եկել էին մի վերջին անգամ քեզ սիրելու… Բոլորը քեզ խաղալիքներ էին բերել… բերել էին լացով ու սառած հայացքով… Իմ փոքրիկ Դավիթ իմ լույս Սերյոժա… դու մնացիր իմ մեջ որպես իմ էպոսի մի վերջին զարկը… բայց ասեմ, փոքրի՛կ, ազգդ արթուն է… եւ արթուն ես դու քո լույս ընտանիքով…

Ես հպարտ եմ քեզանով իմ ազգի ուժեղ ու տոկուն փոքրիկ: Քո սրտի բաբախը դադարեց, բայց դու հավերժ ապրեցի՛ր ու մնացի՛ր մեր մեջ…

…Կհանդիպե՛նք, փոքրիկ…

Աղբյուրը` nakhshkaryan.blogspot.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին