▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի առեղծվածային անհետացումը և «հայտնությունը»


azatutyun.am-ը գրում է. Ռուսաստանի ղեկավարը դատական համակարգի հարցեր է քննարկել

Անցած օրերին ռուսական և համաշխարհային մամուլում հրապարակվեցին հաղորդագրություններ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անհետացել է, պաշտոնական հանդիպումները չեղյալ են հայտարարվել, Աստանա կատարելիք այցը հետաձգվել է։

Այդ ամենը որոշ փորձագետներ մեկնաբանել են որպես Կրեմլի ներսում ինչ-ինչ խորքային գործընթացների ապացույց։ Նույնիսկ ասեկոսեներ էին տարածվել, թե Ռուսաստանի ղեկավարը հիվանդ է։

Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նմանօրինակ մեկնաբանություններն անվանել է «անհեթեթություն»՝ հավաստիացնելով, որ 62-ամյա Վլադիմիր Պուտինը փայլուն առողջական վիճակում է։

Նրա կարճատև «անհետացման» առեղծվածն այսօր լուծվեց։ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է տեսանյութ Պուտինի և Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հանդիպման մասին։ Դաշնության նախագահը և Գերագույն դատարանի նախագահը, մասնավորապես, քննարկել են Վճռաբեկ և Գերագույն դատարանների միավորման արդյունքը։

«Ես վստահում եմ մեր դատական համակարգի հիմնարար սկզբունքներին, ես կարծում եմ, որ այդ երկու ատյանների միավորումը պետք է նպաստի դատական գործավարության բարելավմանը, Ռուսաստանի դաշնության քաղաքացիները պետք է զգան, որ կան իրենց իրավունքները պաշտպանող կառույցներ»,- ասել է Պուտինը։

Ռուսական հեռուստատեսության փոխանցմամբ, այդ հանդիպումը տեղի է ունեցել այսօր` մարտի 13-ին։ Լրատվական միջոցներն այս առումով նշում են, որ Պուտինին մինչ այդ վերջին անգամ հանրությունը տեսել է մարտի 5-ին, և այդ ավելի քան մեկ շաբաթ տևած տարօրինակ բացակայությունն էր դարձել բազմազան ասեկոսեների առիթը։

Կադիրովը` պատուհա՞ս

Էլ ինչ ասես չեն ենթադրել մոսկովյան քաղաքական շրջանակներում` անտառում ծոմ պահելուց ու աղոթելուց մինչև պալատական հեղաշրջում։

Էկզոտիկ վարկածներից զատ քննարկվել է նաև Բորիս Նեմցովի սպանության արդյունքում ստեղծված վիճակը։ Որոշ մեկնաբանների կարծիքով, Պուտինն այս մի քանի օրում փորձել է լուծել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կարիրովի հարցը։

Բանն այն է, որ, ըստ այդ մեկնաբանների, Ռուսաստանի Դաշնության ուժայիններն այլևս չեն ցանկանում համակերպվել Չեչնիայի առաջնորդի ինքնագլուխ գործողությունների և հանդուգն հայտարարությունների հետ։

Ուժայիններն, իբր, պատրաստ են հանդուրժել Կադիրովի քայլերը, քանի դեռ դրանք տեղավորվում են բուն Չեչնիայի համատեքստում, բայց երբ Կադիրովը դուրս է գալիս իր ղեկավարած երկրամասի տարածքից, միջամտում է ամբողջ Հյուսիսային Կովկասի գործերին, անում արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող հայտարարություններ և եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի սատարում է իսլամիստներին, այդ թվում նրանց, ովքեր առնչություն ունեն Նեմցովի սպանության հետ, դա այլևս անընդունելի է դառնում։

Ըստ որոշ փորձագետների, Կադիրովն իսկական պատուհաս է դարձել Պուտինի համար, բայց, մյուս կողմից, Պուտինը չի կարող հեշտությամբ ձերբազատվել իր իսկ աճեցրած ու դաստիարակած այդ փոքր էմիրից, քանի որ Կադիրովի չեզոքացումը կպայթեցնի Չեչնիան և ամբողջ Կովկասը։

Ահա այդպիսի վարկած են քննարկում մոսկովյան քաղաքական շրջանակներում։ Իսկ այսօրվա գլխավոր փաստն այն է, որ, ըստ Կրեմլի, Պուտինը ողջ-առողջ է, շարունակում է հանդիպումները, մարտի 18-ին էլ միության և ինտեգրման պայմանագիր է կնքելու Հարավային Օսիայի ռեժիմի ղեկավար Լեոնիդ Տիբիլովի հետ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին