Նունե Եսայանը վերջերս հյուրընկալվել էր «Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում» նախագծին, շոուի ընթացքում կատարել իր սիրված երգերից մի քանիսը եւ անկեղծ պատասխանել հարցերին, որոնք վերաբերում են բոլոր ժամանակներում պահանջված լինելուն, մասնագիտական ընտրության դժվարին շրջանին, վաղ հասակում կայացրած հստակ որոշումներին ու երազանքներին։
Ժամանակին համահունչ
Փորձում եմ ժամանակի հետ քայլել եւ զգալ ժամանակի շունչը, զարկը։ Պետք է տեսնես՝ այս սերունդն ինչով է հետաքրքրված, ինչ են սիրում լսել, ու կարողանաս համահունչ շարժվել։ Չեմ ասում՝ տրվել, որովհետեւ չես կարող անել այն ամենն, ինչ դիմացինը սիրում է։ Ուղղակի պետք է խորամանկել եւ նրանց մոտեցնել քեզ՝ մեր ռիթմերով։ Նախկինում փորձեցի հայկական ժողովրդական երգերը ժամանակակից գործիքավորմամբ մատուցել, եւ իմ տարեկիցները սիրեցին։ Հիմա էլ պահում եմ հայկականությունը, պահում եմ ոգին, սերը։
«Սովորեցի այդ համալսարանում և ընթացքում հասկացա՝ շատ եմ տխրում»
Երգում եմ հինգ տարեկանից։ Հիշում եմ՝ երեխա էի, ուր գնում էինք, ծնողներս համոզում էին երգել եւ հիանում էին: Երբ եկավ մասնագիտության ընտրության հարցը, նրանք որոշեցին, որ՝ չէ, երգչուհի դառնալ չարժե, իսկ այ, ինժեներ՝ այո (ժպտում է,- հեղ․)։ Դե, մաթեմատիկա, ֆիզիկա դպրոցում լավ էի սովորում, ծնողներս էլ իմ փոխարեն որոշեցին, որ պիտի ընդունվեմ Պոլիտեխնիկական համալսարան, որպեսզի իրենք հիանային ինձնով, հպարտանային, բոլորն ասեին՝ ինչ խելոք բալիկ ունեն։ Բալիկն այդ համալսարանում սովորեց մեկ տարի ու հասկացավ, որ շատ է տխրում։ Իհարկե, այն թվականներին բարդ էր նման որոշում կայացնել, ծնողներին հակառակ գնալ, բայց ամառային արձակուրդների ընթացքում որոշեցի ու ասացի՝ «Ես էլ չեմ գնալու ինստիտուտ»։
Փոխարենը թերթի հայտարարության հիման վրա գնացի Ջազ եւ փոփ քոլեջ, հարցրի՝ ինչ է պետք ընդունվելու համար, ասացին՝ միայն երգել։ Նույնիսկ նոտաները չգիտեի, բայց ընդունվեցի լավ երգելու շնորհիվ։ Ծնողներս համաձայնեցին, ու ես երեք տարի սովորեցի մեծ վարպետների մոտ՝ Ռուբեն Մաթեւոսյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան, Տաթեւիկ Հովհաննիսյան եւ մեծանուն այլ երաժիշտներ։
Համարձակ եւ վստահ
Երբեք հետ մի կանգնեք ձեր նպատակներից ու որոշումներից, նույնիսկ եթե սխալ լինեն։ Ես էլ ավելի երիտասարդ տարիներին շատ եմ սխալվել, բայց սովորել եմ, որ էլ չկրկնեմ նույնը։ Երբեք չես կարող ասել՝ գործը հաջողություն կունենա, թե՝ ոչ, մինչեւ չանես։ Հատկապես մասնագիտություն ընտրելիս պիտի վստահորեն գնաս որոշմանդ հետեւից, որպեսզի հասկանաս՝ քոնն է, թե՝ ոչ։ Միշտ հետեւեք ձեր ցանկություններին եւ երազանքներին՝ պինդ, համարձակ ու վստահ։
Երազանքը
Երազանքս է՝ ինչ ունեմ, պահպանեմ, որովհետեւ ինչի մասին երազել եմ, հասել եմ: Իսկ հիմա ուզում եմ այդ ունեցածը պահպանել, եւ ոչ ոքին ոչինչ չպատահի ժամանակից շուտ։
Դիտեք նաև՝