▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձը 20 հազար դրամ՝ ՊԵԿ նախագահի հետ շփվելու համար․ Էդուարդ Հակոբյանի առաջին կարևոր գործը՝ նշանակումից հետո

Թարմացված․ ՊԵԿ-ը հերքում է տարածել  mediahub.am կայքի հրապարակման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով mediahub.am կայքի դեկտեմբերի 23-ի հրապարակմանը, անհրաժեշտ է համարում նշել, որ ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանի գործունեության վերաբերյալ նմանատիպ պնդումները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև չեն արտացոլում կարճ ժամանակահատվածում կատարված աշխատանքի ողջ ծավալը։

Նշանակումից ի վեր, ՊԵԿ նախագահն անցկացրել է մի շարք կարևոր հանդիպումներ՝ ինչպես կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանման, այնպես էլ պետական կառավարման մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, համակարգում կատարվել է առաջնահերթ խնդիրների գնահատում, նախանշվել են բարեփոխումների ուղղությունները և սահմանվել են առաջիկա ռազմավարական նպատակները։

Լրատվամիջոցի հրապարակման մեջ առկա պնդումները հիմնված են թերի տեղեկատվության վրա և հետապնդում են բացառապես ՊԵԿ նորանշանակ նախագահի և համակարգի համբավն արատավորելու միտում:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 27-ին նախատեսված միջոցառմանը, ապա այն կորպորատիվ հավաք է, որն ընդունված է պետական և մասնավոր հաստատությունների մեծ մասում: Ավելին, նմանատիպ մարդաշատ հանդիպումների շուրջ պայմանավորվածությունները հանդիսությունների սրահների հետ ձեռք են բերվում ամիսներ առաջ՝ հաշվի առնելով նախատոնական օրերին հյուրընկալող կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը:

Հորդորում ենք լրատվամիջոցներին հավատարիմ մնալ իրենց բուն առաքելությանը՝ հանրությանը մատուցել հավաստի և օգտակար տեղեկատվություն՝ զերծ մնալով էժանագին կամ սենսացիոն զեղումներով առաջնորդվելու գործելաոճից:

***

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանը մոտ մեկ ամիս է՝ նշանակվել է այս պաշտոնին, սակայն մինչ օրս դեռ որևէ լուրջ հանդիպում, որևէ փոփոխություն, խնդիրների գնահատում չի կատարել համակարգում։ Իսկ խնդիրներ այս համակարգում չափից շատ կան՝ Ռուստամ Բադասյանը, կարելի է ասել, խնդիրների կույտ և ավերակներ է թողել իր հետևից, որին մենք առանձին կանդրադառնանք։ 

Փոխարենը, MediaHub-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 27-ին՝ իր նշանակման մեկ ամիսը լրանալու նախօրեին, նորանշանակ ՊԵԿ նախագահը ամանօրյա հանդիպում-հյուրասիրություն է կազմակերպել ՊԵԿ միջին ու բարձր օղակի պաշտոնյաների հետ՝ ՊԵԿ նախագահի տեղակալներ, վարչության պետեր, բաժնի պետեր։ 

Սա ոչ այնքան կորպորատիվ է լինելու, որքան ոտքի վրա հանդիպում-ծանոթություն իր ենթակաների հետ։ Մեզ ասացին նաև, որ ամանօրյա այս հանդիպում-փարթին անցկացվելու է «Մեգերյան կարպետ»-ում, և ՊԵԿ նախագահը իր հյուրերի վրա նաև մուտքավճարի պարտավորություն է դրել՝ անձը 20 հազար դրամ։ Այսինքն՝ ՊԵԿ պաշտոնյաները պետք է 20 հազար դրամ վճարեն, որ տոնական մթնոլորտում, մի բաժակ ոգելիցի շուրջ ծանոթանան և շփվեն իրենց նոր ղեկավարի հետ։ Նկատենք, որ ֆինանսների նախարարությունում ևս այսպիսի ավանդույթ կար, և նախկին փոխնախարարը ֆիննախի ավանդույթները իր հետ ՊԵԿ է տեղափոխել։ 

Մեզ ասացին, որ ՊԵԿ աշխատակիցները տարակուսած են, որ կոմիտեի նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանի առաջին «կարևոր» գործը վճարովի փարթի կազմակերպելն է, մինչդեռ կարող էր նշանակման առաջին օրերին հրավիրել բոլորին, ծանոթանալ, հասկանալ՝ ինչ վիճակ է համակարգում, ինչ պետք է անեն, որ դուրս գան ստեղծված իրավիճակից, կադրային փոփոխություններ կատարեր, եթե համարեր, որ կան մեղավորներ, որոնք պատասխանատու են, օրինակ, բյուջեի թերհավաքագրումների համար և այլն։ 

Նկատենք, որ Բադասյանի հեռանալուց հետո միայն ՆԱՎ-ի (Ներքին անվտանգության վարչություն) պետ Գոռ Բակլաչյանն է սեփական դիմումի համաձայն գրել-դուրս եկել, քանզի Բադասյանի հետ էր եկել ՊԵԿ։ Մեկ էլ գնումների վարչության պետ Էդգար Հովսեփյանը, որը դարձյալ Բադասյանի կադրն է համարվում, ինչպես գրել էր MediaHub-ը, պատրաստվում է տեղափոխվել արդարադատության նախարարություն՝ որպես աշխատակազմի ղեկավար։ Բայց դրա համար նա դեռ պետք է հունվարին մրցույթի մասնակցի։ Այլ կադրային տեղաշարժեր մինչ այս պահը համակարգում տեղի չեն ունեցել, հավանաբար ՊԵԿ նորանշանակ նախագահը դեռ պատկերացում չունի՝ ինչ անի, ինչից սկսի, ում ազատի և ում նշանակի։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին