«Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ գրանցվեց իմ և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարճ ժամանակով փակել էին իմ մուտքը խորհրդարան, բայց հետո իր մամուլի խոսնակն ասաց, թե իբր տեխնիկական խնդիր է եղել՝ շուտով կկարգավորվի, և նորից ես կմտնեմ ներս։ Այդպես էլ եղավ՝ մի քանի րոպե անց իմ մուտքի արգելքը հանվեց և ես մտա խորհրդարան՝ իմ աշխատանքը կատարելու։
Այսօր տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը իբրև թե ինչ-որ կարգեր խախտելու և իրենց ձևակերպմամբ՝ «վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու» հիմնավորմամբ ինձ զրկել է ԱԺ հավատարմագրումից։ Այդ մասին ծանուցում էին ուղարկել իմ լրատվամիջոցի՝ MediaHub-ի խմբագրակազմին։ Ծանուցման մեջ, բնականաբար, միջադեպը ներկայացված էր խիստ միակողմանի և չկար որևէ հոդաբաշխ հիմնավորում, թե ինչու է ԱԺ աշխատակազմը զրկում լրագրողին, այս դեպքում՝ ինձ, ԱԺ-ում հավատարմագրումից։ Այդ հիմքերը մենք դեռ կվիճարկենք դատարանում։
Դրանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն է անդրադառնում այս միջադեպին ու դարձյալ ներկայացնում եղելությունը միակողմանի՝ միայն իրեն ցանկալի լույսի ներքո, որտեղ, բնականաբար, չի հիշատակում, թե ինչպիսի խուլիգանական ու փողոցային, ԱԺ նախագահի դիրքին ու կարգավիճակին ոչ հարիր պահվածք է ցուցաբերել նա ինձ հետ զրույցում և ինչպես է փողոցային բառապաշարով վիրավորական արտահայտություններ հնչեցրել իմ և իմ լրատվամիջոցի հասցեին։ Միայն նշել է, թե ես իբրև վիրավորել եմ իրենց վարչապետին։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Ես սովորականի պես ԱԺ տարածքում՝ լրագրողների համար չարգելված հատվածում իմ գործունեությունն էի իրականացնում, և պատահաբար նկատեցի Ալեն Սիմոնյանին, որը, իմ տպավորությամբ՝ պարապ-սարապ, զբոսնում էր միջանցքներով։ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում իմ դիմացով անցնելիս մենք իրար քաղաքավարի բարևեցինք, անցանք։ Մի քանի րոպե անց նա նորից հետ եկավ, ու ես նրան հարցրի՝ կարո՞ղ է ճեպազրույց տա, հընթացս նշեցի, որ հեռախոսով եմ այս պահին ու չեմ ուզում հեռախոսով մոտենալ և տեսանկարահանել, ուստի, եթե պատրաստ է ճեպազրույց տալ, ապա օպերատորիս խնդրեմ՝ մոտենա։ Սիմոնյանը, ինչպես նախկինում մի քանի անգամ էլի եղել էր, սկսեց հեգնանքով արտահայտվել իմ լրատվամիջոցի հասցեին, որ իր լրագրողը հեռախոսով է հարցազրույց անում, իբր՝ դա ամոթ է, ու սկսեց ձայնի՝ ծաղրական տոնայնությամբ ու համանման ժեստերով ծաղրի ենթարկել հեռախոսով հարցազրույց անելու հանգամանքը։ Ես էլ նրան հիշեցրի, որ իմ լրատվամիջոցը՝ MediaHub-ը, ինձ ամեն ինչով ապահովել է՝ թե՛ օպերատոր ունենք, թե՛ տեսախցիկ և միկրոֆով, պարզապես օպերատորս այդ պահին ճաշարանում է գտնվում, և եթե ինքը պատրաստ է հարցազրույց տալ, կարող եմ օպերատորիս կանչել։
Սիմոնյանն էլ, լսելով ճաշարանի անուն, իրեն ուղեկցող անձանց ասաց․ «Բուֆետ ասացիր՝ հիշեցի, հլը քել գնանք մի հատ էլ բուֆետ, տեսնենք՝ էնտեղ ինչ կա»։ Ու քայլեց դեպի ճաշարանի կողմ, ես էլ իր հետ խոսելով գնացի նույն ուղղությամբ, որ եթե հարցազրույց տալու լիներ, օպերատորիս ձայն տայի՝ գար։ Ճանապարհին Սիմոնյանն ինձ մտերմաբար կամ գուցե հեգնանքով, թե ինչու եմ այս լրատվամիջոցում աշխատում, քանզի նախկինում մի քանի անգամ իր նեգատիվ վերաբերմունքը ցույց էր տվել MediaHub-ի նկատմամբ, ասաց, թե՝ «լուրջ լրագրող ես, ինչո՞ւ քո սեփական լրատվամիջոցը չես բացում, ինչու ես այդտեղ աշխատում» և այլն։ Ես էլ կատակով ասացի, թե՝ «ես այդ տաղանդը չունեմ, որ, օրինակ՝ ՀԺ-ի խմբագրի նման կարողանամ տարբեր տեղերից փող ճարել, որ լրատվամիջոց պահեմ»։
Այստեղ Ալեն Սիմոնյանն արդեն բավականին ագրեսիվ տոնով ինձ վրա տվեց, թե՝ «մեռաք սաղ օրը սրա-նրա վրա գրելով փող աշխատել»։ Ու քանի որ նա արդեն անցավ իմ և լրագրողական համայնքի հասցեին վիրավորական, հեգնական արտահայտություններ անելուն ու մեզ մեղադրելուն, թե իբր «պատվերով նյութեր ենք գրում», ես էլ նրան հակադարձեցի, թե՝ «ՀԺ-ի խմբագրից ենք դա սովորել»։ Թվում էր՝ այդքանով պիտի ավարտվեր, բայց Սիմոնյանն այդ պահին փրփրեց, սկսեց հունից դուրս գալ ու հարձակվել ինձ վրա։ Այդ պահին մենք արդեն հասել էինք դեպի ճաշարան տանող փոքրիկ միջանցքի հատված, և նա աչքերից կայծեր արձակելով՝ սկսեց ինձ վրա տալ, սեղմել պատին ու գոռգոռալ ինձ վրա, թե՝ «էդ ինչե՞ր ես ասում վարչապետի հասցեին, ո՞նց ես համարձակվում նրան բան ասել» ու այս կարգի այլ արտահայտություններ։
Ես մի պահ անակնկալի եկա ԱԺ նախագահի այդ պահվածքից, որովհետև այդ կարգի ագրեսիա չէի սպասում նրանից, ու փորձեցի նրան հանդարտեցնել՝ ասելով․ «Ինչո՞ւ եք այդպես ագրեսիվ, ձեր վարչապետին ո՞վ բան ասաց»։
Բայց Սիմոնյանը չհանդարտվեց ու սկսեց ավելի վրա տալ՝ արդեն վիրավորական արտահայտություններ հնչեցնելով իմ և իմ լրատվամիջոցի հասցեին, օրինակ՝ «համբալ» արտահայտությունը թույլ տվեց իրեն, ինչին ես ընդամենը հակադարձեցի նույնությամբ, հետո ասաց՝ «ս...ր եղի ստեղից», որին ես դարձյալ հակադարձեցի նույնությամբ՝ ոչ որևէ բառ ավել, ոչ որևէ բառ պակաս։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված վիրավորանքներին ու փողոցային բառապաշարով արտահայտություններին ես հակադարձել եմ նույնությամբ՝ համարելով, որ եթե ԱԺ նախագահն իր դիրքն ու կարգավիճակը կարող է իջեցնել այնքան, որ լրագրողի հետ փողոցային մակարդակի խոսակցության մեջ մտնի ու իրեն այդպիսի արտահայտություններ թույլ տա, ապա ուրեմն ինքն այդ լեզուն է հասկանում և այդ լեզվին է տիրապետում, դրա համար պետք է իրեն իր լեզվով պատասխանել։
Եւ երբ Ալեն Սիմոնյանը տեսավ, որ իր վիրավորանքներին ստանում է համարժեք պատասխան, կտրուկ մոտեցավ ինձ՝ այն աստիճանի, որ իմ և նրա միջև սոցիալական հեռավորությունը էապես կրճատվեց, և ինձ թվաց, թե նա որևէ խուլիգանական գործողություն է անելու այդ պահին, օրինակ՝ հարվածելու է կամ թքելու, ինչի փորձն ինքն արդեն ունի։ Եւ մինչ մտածում էի՝ ինչպես պետք է պաշտպանվեմ կամ իր հավանական քայլերի դեպքում ի՞նչ պետք է անեմ, իր թիկնապահներն անմիջապես բռնեցին իմ ձեռքերը։ Այդ պահին ես հասկացա, որ բանը բանից անցել է, ու Ալեն Սիմոնյանը հիմա կամ կհարվածի ինձ կամ որևէ այլ խուլիգանական գործողության կդիմի։
Բայց, ով զարմանք, թիկնապահները նրան էլ սաստեցին՝ հավանաբար գնահատելով, որ իրավիճակը պայթյունավտանգ է, և նրան փորձեցին թույլ չտալ, որ այլ գործողությունների դիմի։ Եւ երբ իմ ձեռքերը բաց թողեցին, ես որոշեցի ուղղակի առանց որևէ բան ասելու հեռանալ՝ մտնելով ճաշարան։ Այդ պահին նորից լսեցի, որ Ալեն Սիմոնյանը իմ հետևից դարձյալ անպարկեշտ արտահայտություններ է թույլ տալիս, ես էլ նույն կերպ էլի իրեն հակադարձեցի ու մտա ճաշարան, ինքն էլ հոխորտալով հեռացավ։
Հաջորդ օրը մամուլում գրվեց իմ և ԱԺ նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որ Ալեն Սիմոնյանը միջանցքում գոռգոռացել և հայհոյանքներ է հնչեցրել, ինչը լսվել է միջանցքում։
Նկատենք, որ մենք գտնվում էինք ԱԺ ֆինանսական վարչության սենյակների մոտ, որոնցից մեկ-երկուսի դուռը բաց էր, իսկ մի փոքր այն կողմ էլ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների սենյակներն էին։ Եւ ինձ այդ միջադեպից հետո խորհրդարանից տարբեր անձինք զանգահարեցին՝ ճշտելու, թե ի՞նչ է տեղի ունեցել իմ և Ալեն Սիմոնյանի միջև, քանի որ վիճաբանության ձայներ են լսել, ես էլ ասացի՝ տհաճ խոսակցություն է տեղի ունեցել, որին ընթացք տալ չեմ ուզում, կարծում եմ՝ այդքանով ավարտվել է։ Բայց պարզվեց՝ Ալեն Սիմոնյանը որոշել է Նիկոլ Փաշինյանի մոտ «աչոկ» հավաքելու համար ահա այսպիսի քայլերի դիմել՝ շահարկելով Փաշինյանի անունն ու ցույց տալով, թե իբր ես վիրավորել եմ նրան, ինքն էլ կանգնել է իրենց «վարչապետի թասիբին»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն առաջին անգամ չէ, որ լրագրողների հետ կոնֆլիկտի մեջ է մտնում։
Նա հաճախ է իրեն դուր չեկած լրագրողներին վիրավորում, խայթում, և երբ տեսնում է՝ լրագրողը չի ընկրկում, Սիմոնյանը գործի է դնում իր իշխանական լծակներն ու ԱԺ հավատարմագրումից զրկելը կիրառում որպես «պատժիչ» մեթոդ տվյալ լրագրողի նկատմամբ։ Այդպես է վարվել նա, օրինակ, լրագրողներ Սյուզի Բադոյանի և Անի Գևորգյանի հետ, իսկ որոշ այլ գործընկերների նկատմամբ էլ ուղիղ հեռարձակման ժամանակ է իր ընդգծված նեգատիվ վերաբերմունքը ցուցադրել՝ վիրավորելով նրանց կամ ի ցույց դնելով իր ակնհայտ բացասական և տարբերակված վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Ընդ որում, որոշների նկատմամբ ԱԺ նախագահն այնքան փոքրոգի է գտնվել, որ անգամ անձնական մակարդակում տեղի ունեցած հարցերը շահարկելով է իր վերաբերմունքը ցուցադրել աշխատանքային հարաբերություններում։ Այսպիսի օրինակներ շատ կան, որոնց մանրամասները չենք հրապարակում՝ էթիկայի կանոններից ելնելով։
Ի դեպ, Աժ միջանցքներում տեսախցիկներ կան տեղադրված, տվյալ հատվածում ևս պետք է որ տեսախցիկներ լինեն։ Հետևաբար, եթե ԱԺ աշխատակազմը կամ Պետական պահպանության ծառայությունն առանց մոնտաժելու տրամադրի ԱԺ տեսախցիկների արձանագրածը, ապա այս ամենը կհաստատվի նաև տեսանյութով»։
MediaHub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյան