ԱՄՆ-ում փեսացուն եւ հյուրերը արտասվել են, երբ հարսնացուն հայերեն է երդում տվել։
Արարողությունը պլանավորելիս ֆիլիպինուհի Միշելը մտածել էր, որ զվարճալի կլիներ իր երդման վերջին տողը հայերեն արտասանել, որպեսզի զարմացնի ապագա ամուսնուն՝ Շահանին։
Հայերեն մեկ տողը շուտով վերաճել է մի քանիսի։ Հետո Միշելը որոշել է, որ եթե վճռել է հայերեն սովորել, որպեսզի երդումը հայերեն տա, ապա «արժե հայերեն արտասանել երդումն ինչպես հարկն է»։
Իմանալով, որ Շահանը ցանկանում է հայերեն սովորեցնել նաեւ ապագա երեխաներին, Միշելը գաղտնի սկսել է հայերեն սովորել հարսանիքից մոտ չորս ամիս առաջ, տեղեկացրել է USA Today-ը։
Քանի որ Շահանն աշխատում էր տանը որպես ինժեներ-ծրագրավորող, Միշելը ստիպված գաղտնի մտել է իրենց համալիրի հանգստի սենյակ, որպեսզի օնլայն-դասեր ստանա ուսուցչից՝ Շուշանից, որն արեւմտահայերեն է դասավանդում։
Շնորհիվ ջանադիր ուսման Միշելը յուրացրել է բազային բառապաշարը, քերականությունը, ընդհանուր արտահայտոթյունները եւ հայերեն այբուբենը։ Այդ ընթացքում, երբ ուսուցիչն օգնել էր նրան թարգմանել երդումը, նա արդեն գիտեր հայերեն կարդալ եւ գրել։
«Այս ամենը Շահանից եւ նրա ընտանիքից գաղտնի պահելն այս չորս ամիսների ընթացքում, հավանաբար, ամենադժվարն էր»,- ասել է Միշելը։ «Ես այնքան էի ուզում պատմել իմացածիս մասին, եւ եղել է ժամանակ, երբ հասկացել եմ որոշ բաներ, որոնք նրանք ասել են, բայց ստիպված էի անտարբեր դեմք պահպանել»։
Անակնկալը պահպանելու Միշելի վճռականությունն այնքան ուժեղ էր, որ անգամ ընկերներին ու իր ընտանիքին չի պատմել այդ մասին։
Այդ կարեւոր օրը Միշելն իրեն զարմանալիորեն հանգիստ էր զգում։ «Գուցե ադրենալինն էր, բայց ես այնքան հուզված էի նրանով, որ Շահանը կիմանա այն մասին, ինչի վրա այդքան երկար աշխատում էի»,- ասել է նա։ «Ես գիտեի, որ եթե անգամ ամեն բան կատարյալ չասեմ, Շահանի համար ավելի կարեւոր կլինեին ջանքերն ու իմաստը, որոնք ընկած էին դրանց հիմքում»։
«Շահանի արձագանքը այնքան հուզիչ էր, որ ես տեսա, թե ինչպես իմ արածի իմաստը իսկապես ցնցեց նրան մինչեւ հոգու խորքը»,- ասել է Միշելը։ «Դա ինձ պարուրեց այնպիսի սիրով եւ ուրախությամբ, եւ աշխատանքիս ու գաղտնի պահելու մի քանի ամիսները դարձրեց խիստ արժեքավոր»։
Վերջերս զույգը աղջիկ ունեցավ՝ Այլային։ Եվ հիմա նրանց ժամանակի զգալի մասը նրան իր հայկական եւ ֆիլիպինյան արմատներին ծանոթացնելուն է հատկացվում։
«Մենք տանը եւ Շահանի ընտանիքի հետ կխոսենք հայերեն որքան հնարավոր է շատ, որպեսզի նա կարողանա յուրացնել, իսկ ես կարողանամ շարունակել սովորել եւ կատարելագործվել»,- ասել է Միշելը։ «Նա նաեւ կուտի հայկական կերակուրներ իրենց տատիկների եւ պապիկների տանը, եւ ֆիլիպինյան ուտելիքներ տանը եւ իր ընտանիքում»։
Աղբյուրը` Նյուզ.am