ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ (ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ) ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծման իրավական հիմքերը, նպատակները, կարգը եւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Գաղտնազերծման (լյուստրացիայի) իրավական հիմքերը
1. Գաղտնազերծումը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով:
2. Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:
Հոդված 3. Օրենքի նպատակը
1. Սույն օրենքով իրականացվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթներն ու սկզբունքները պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով` ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց կամ դրանց փորձերից:
2. Հայաստանի Հանրապետությունում գաղտնազերծման նպատակներ են.
1) ժողովրդավարական հասարակության եւ սահմանադրական կարգի ամրապնդումը,
2) ազգային անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
3) սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը,
4) հանրության սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանությունը,
5) Խորհրդային, ֆաշիստական եւ այլ ամբողջատիրական գաղափարախոսության ու քարոզչության տարածման կանխումը:
Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) գաղտնազերծում (լյուստրացիա)` միջոցների համախումբ, որով բացահայտվում, հավաքագրվում, գնահատվում են սույն Օրենքի 5-րդ հոդվածով գաղտնազերծման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, գրանցվում եւ հաշվառվում են հետեւյալ անձինք, կանխվում եւ արգելվում է նրանց կողմից Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելը,
2) գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված գաղտնազերծում իրականացնող Հանձնաժողով,
3) հատուկ ծառայություններ (այսուհետ` հատուկ ծառայություններ ` նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ), հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ կամ այլ հատուկ ծառայություններ, ինչպես նաեւ այլ երկրների հատուկ ծառայություններ,
4) հատուկ ծառայությունների հետ գաղտնի կամ բացահայտ համագործակցած անձ` հատուկ ծառայությունների հանձնարարականների կատարմանը փաստացի եւ գիտակցաբար գործակցած անձ, ով գրավոր կամ բանավոր պարտավորված է եղել գաղտնի կամ բացահայտ համագործակցել այն դեպքերում, եթե գործունեությունը չի կանոնակարգվել տվյալ ծառայությունների կանոնակարգերով կամ օրենսդրությամբ (գործակալ, ռեզիդենտ, վստահելի անձ, հանդիպումների համար քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք, բնակարան կամ այլ շինություն, պահող, վարձակալող կամ տրամադրող անձ, արտահաստիքային օպերատիվ աշխատակից կամ հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ):
5) գործակալ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի (ոչ բացահայտ) համագործակցած եւ նրանց առաջադրանքներն ու հանձնարարությունները կատարած անձ,
6) ռեզիդենտ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով իրեն ներկայացված գործակալների ու վստահելի անձանց հետ կազմակերպել է աշխատանքները,
7) վստահելի անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով ինքնակամ տեղեկատվություն է տրամադրել այն անձանց ու փաստերի վերաբերյալ, որոնք հետաքրքրել են հատուկ ծառայություններին, ինչպես նաեւ կատարել է նրանց հանձնարարությունները,
8) քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք կամ այլ շինություն պահող, վարձակալող կամ տրամադրող անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով պահել, վարձակալել կամ տրամադրել է նրանց տնօրինման ներքո գտնվող տարածք բնակարան կամ այլ շինություն` պայմաններ ապահովելով գործակալական կամ օպերատիվ այլ գործունեության համար,
9) հանդիպումների համար բնակարան պահող, վարձակալող կամ տրամադրող անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով բնակելի տարածքներ է տրամադրել գործակալների եւ ռեզիդենտների հետ այդ ծառայությունների աշխատանքի համար եւ այդ աշխատանքների համար ապահովել է անհրաժեշտ կոնսպիրատիվ պայմաններ,
10) արտահաստիքային օպերատիվ աշխատակից` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով հասարակական հիմունքներով օժանդակել է հատուկ ծառայությունների հակահետախուզական գործունեությանը եւ աշխատանքներ է տարել իրեն վստահված գործակալների հետ, ընտրել վստահելի անձանց, ինչպես նաեւ կատարել այլ առաջադրանքներ ու հանձնարարություններ,
11) հատուկ ծառայությունների հետ համագործակցած այլ անձ` անձ, ով նախկին ԽՍՀՄ կամ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ համագործակցած մեկ այլ հատուկ ծառայության հանձնարարությամբ իրականացրել է գործակալի, ռեզիդենտի, վստահելի անձի, քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք կամ այլ շինություն պահող, վարձակալող կամ տրամադրող անձի, հանդիպումների համար բնակարան պահող, վարձակալող կամ տրամադրող անձի, արտահաստիքային օպերատիվ աշխատակցի եւ այլ գործառույթներ,
12) հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց գրանցում՝ հատուկ ծառայությունների հետ գաղտնի կամ բացահայտ համագործակցած անձանց, ինչպես նաեւ նրանց ու հատուկ ծառայությունների մասին անվտանգության մարմինների կազմած տեղեկությունների հաշվառում ռեեստրում,
13) ռեեստր` Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ձեւով վարվող տվյալների, տեղեկատվության ամբողջություն, որում հաշվառվում են հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձինք եւ նրանց նախկին գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:
Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների` Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ղեկավար պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց վրա, ովքեր մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատել կամ համագործակցել են նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ:
Հոդված 6. Գաղտնազերծման ենթակա անձինք եւ պաշտոնները
Սույն օրենքով սահմանված կարգով գաղտնազերծման ենթակա են՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները եւ նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը, Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական աշխատակազմի, տարածքային մարմինների եւ սահմանապահ զորքերի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների դատավորները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ դատախազները, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության մարզպետները, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները եւ ավագանու անդամները, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը եւ Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների ղեկավարները եւ աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, սույն հոդվածում սահմանված անձանց խորհրդականները, օգնականները եւ մամլո քարտուղարները, նոտարները, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահը, Պալատի խորհրդի անդամները, պետական զանգվածային լրատվամիջոցների ղեկավար կազմը, խմբագիրները եւ լրագրողները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր հավակնում են (թեկնածու են) զբաղեցնել սույն հոդվածով սահմանված պաշտոնները:
Հոդված 7. Հանձնաժողովի կազմավորման կարգը
1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով կազմավորվում է Հանձնաժողով` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաեւ վերջիններիս սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու եւ սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով:
2. Հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից առաջադրված` մեկական արհեստավարժ մասնագետ, ընդ որում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված երկուական ներկայացուցիչ:
3. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար, ընդ որում` նրանցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացրած անդամը:
4. Հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք:
5. Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից Հանձնաժողովի անդամներ առաջադրելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հանձնաժողովի կազմը եւ վերջինիս ներկայացմամբ` կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է Հանձնաժողովի անդամների վարձատրությունը եւ բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները:
6. Հանձնաժողովի անդամի հրաժարականի, հետկանչի կամ պաշտոնը թափուր մնալու դեպքերում սույն օրենքով նրան առաջադրելու իրավունք ունեցող մարմինները պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում Հանձնաժողովին են ներկայացնում նոր անդամի թեկնածությունը:
Հանձնաժողովի ներկայացմամբ Կառավարությունը իր առաջիկա նիստում փոփոխություն է կատարում Հանձնաժողով ստեղծելու մասին որոշման մեջ:
7. Հանձնաժողովը գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների ավարտը կամ արձակումը:
Հոդված 8. Հանձնաժողովի գործունեության կարգը
Հանձնաժողովը`
1) ձեւավորումից հետո մեկամսյա ժամկետում մշակում եւ հաստատում է իր կանոնադրությունը,
2) ստեղծում է աշխատանքային խումբ, որն արձանագրում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց խոստովանությունները, նրանց եւ հատուկ ծառայությունների գործունեության մասին տեղեկությունները եւ դրանք փոխանցում է Հանձնաժողովին,
3) հավաքագրում, ստուգում եւ վերլուծում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց տրամադրած փաստաթղթերը, նյութերը եւ այլ տեղեկությունները, ինչպես նաեւ դրանք ներկայացնում է Հանձնաժողովին` ռեեստրում այդ անձանց հաշվառելու համար,
4) հավաքագրում, ստուգում եւ կանոնակարգում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց տրամադրած տեղեկությունները եւ նրանց նախկին գործունեության մասին տեղեկատվությունը,
5) հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ խոստովանած անձանց խնդրանքով միջոցներ է ձեռնարկում նրանց շանտաժի, հավաքագրման կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելու փորձերից պաշտպանության ուղղությամբ,
6) սահմանում է հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները եւ հրապարակում դրանք,
7) վարում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց ռեեստր:
Հոդված 9. Հանձնաժողովի իրավունքներն ու պարտականությունները
1. Սույն օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովն իրավունք ունի`
1) ստանալ եւ հավաքագրել գաղտնազերծման ենթակա անձանց վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված տեղեկությունները` ներառյալ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող, որոնք առնչվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններին,
2) բացահայտել հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց,
2. Հանձնաժողովը պարտավոր է`
1) օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող եւ սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով բացահայտված անձանց առաջարկել ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց,
2) որոշում կայացնել` գաղտնազերծելու եւ հրապարակելու սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված անձանց մասին տեղեկատվությունը, եթե մերժվում է Հանձաժողովի` սույն հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետով սահմանված առաջարկությունը, ինչպես նաեւ տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան մարմնին` պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով,
3) ապահովել գաղտնազերծման ենթարկվող անձի, նրա վերաբերյալ տվյալների եւ ռեեստրի տեղեկատվության գաղտնիությունը` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի,
4) նախազգուշացնել գաղտնազերծման ենթակա անձանց իրենց (այդ թվում` այլ անձանց) վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու կամ դիտավորյալ սուտ կամ կեղծ տեղեկատվություն հայտնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին,
5) սույն հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետով սահմանված դեպքում գաղտնազերծել եւ հրապարակել Հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ողջ տեղեկատվությունը,
զ) հիմնավորել Հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը,
6) հանդես գալ դատարանում, եթե Հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը դատական կարգով բողոքարկվել է,
7) որոշում կայացնել` գաղտնազերծելու եւ հրապարակելու Հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ողջ տեղեկատվությունը` առանց պահպանելու սույն հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետով սահմանված ընթացակարգը, եթե գաղտնազերծման ենթակա անձի կողմից իրագործվել է մարդկության դեմ ուղղված զինվորական հանցագործություն կամ ցեղասպանություն:
Հոդված 10. Հանձնաժողովի կողմից որոշումների կայացման կարգը եւ բողոքարկումը
1. Հանձնաժողովը սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված որոշումները կայացնում է փակ նիստում` Հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է անդամների 2/3-ի ներկայության դեպքում:
2. Հանձնաժողովի նիստին կարող է ներկա գտնվել այն անձը, ում վերաբերյալ կայացվում է որոշումը:
3. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում կայացումից հետո մեկամսյա ժամկետում, որի ընթացքում կարող է դատական կարգով բողոքարկվել այն անձի կողմից, ում վերաբերյալ այն կայացվել է:
4. Հանձնաժողովի` ուժի մտած որոշումները ենթակա են պարտադիր կատարման:
Հոդված 11. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
Օրենսդրությամբ սահմանված վարչական, քրեական եւ կարգապահական պատասխանատվություն է առաջանում, եթե`
1) Հանձնաժողովն իր կայացրած որոշումը սույն օրենքով սահմանված դեպքում եւ կարգով չի հրապարակում,
2) Հանձաժողովը հրապարակում է ակնհայտ սուտ, կեղծ, չհիմնավորված, փոփոխված կամ խեղաթյուրված տեղեկատվություն,
3) տեղեկատվություն տիրապետողը խոչընդոտում է տեղեկատվության տրամադրումը Հանձնաժողովին,
4) Հանձաժողովին տրամադրվում է ակնհայտ սուտ, կեղծ, չհիմնավորված, փոփոխված կամ խեղաթյուրված տեղեկատվություն,
5) խոչընդոտվում է Հանձնաժողովի կայացրած եւ սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշման կատարումը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում:
Հոդված 12. Անցումային դրույթներ եւ օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի համար Հանձնաժողովը ձեւավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում