<<Տուր զհամար տնտեսութեան քո>>.
Շարունակում ենք Մեծի Պահոց մեր ճամփորդությունը, որի նպատակն է ինքնաարժևորման գիտակցումը` ով եմ ես, ինչ անելիք ունեմ, որն է իմ նպատակը:
Կյանքը մարդաարժևորումն է. Որոնք են մարդու անելիքներն առհասարակ, իսկ Պահքը ինքնաարժևորում. Որն է իմ անելիքը: Ամեն օր ու հատկապես պահոց օրերին այս ամենի մասին են յուրաքանչյուրիս մտածումները, իսկ դեպի ճշմարտություն տանող ուղիները` Տիրոջ խոսքերում:
Մեծ Պահքի չորրորդ շաբաթը բացող կիրակին Ավետարանի <<Տուր զհամար տնտեսութեան քո>> ուղերձով է սկսվում : Այս արտահայտությունը Անիրավ Տնտեսի առակի գաղափարական գիծն է:
Առակի այլաբանական խորհուրդը բազմաշերտ է: Առակում ` <<աշխարհը>> Աստծո պատկերը կրող մարդն է, <<աշխարհում>> հիշատակվող <<տնտեսը>>` նույնպես մարդը` այս անգամ ինքնաարժևորման գիտակցումով: Այսպես, աշխարհը մարդն է` իմ նմանը, իսկ տնտեսը` ես ինքս, ու հրամայական է` շիտակ հարաբերություն հաստատել իմ նմանի հետ` աշխարհի հետ, ապա նաև ինքս ինձ հետ իբրև տնտես, քանի որ ինձ է շնորհվել անաղարտություն, որն անհրաժեշտ է նույն անաղարտությամբ վերադարձնել <<Տանուտեր>>-Արարչին: Առակում հիշատակվող <<հող մշակել>> և <<մուրալ>> արտահայտությունների այլաբանությունը նույնպես դիպուկ է.<< հող մշակել>>-ը սեփական անձը մշակելն է` Աստծո պատվիրանների գործադրմամբ, իսկ <<մուրալ>>-ը` իմ նմանի հետ հարաբերությունն է դարձյալ Աստծո առաջադրած օրենքներով:
Ինչպիսի տնտես ենք մենք, ինչ պատասխան ենք տալու մեր Արարչին. մենք առակում հիշատակվող տնտեսն ենք ու չենք օգտագործում մեզ տրված կարողությունները` նախ ճանաչելու մեզ, ապա մեր նմանին ու վերջում Նրան, ում պատկերով ստեղծվել ենք: Եթե փորձում ենք տալ <<Մարդ Աստծո, տուր զհամար տնտեսության քո>> հարցի պատասխանը, այսինքն կա եռաչափ հարաբերության ներդաշնակության ձգտում, ուրեմն մենք շարժվում ենք Մեր Տիրոջ թողած ճշմարտության ճանապարհով: Իսկ այդ ճանապարհներից մեկը նաև Պահքն է:
Պատասխան տուր քեզ տրվածի համար . Տնտեսի միաշաբաթ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet