«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ փակ հանդիպում է ունեցել ԱԺ-ում ՔՊ-ականների հետ: Պապիկյանն ասել է, որ քննությունը կպարզի Ազատի դեպքի մեղավորներին, եւ նման միջադեպեր եղել են բոլոր ժամանակներում, դա չի կարելի վերագրել նախարարի թերացմանը: Վստահեցրել է, որ բանակի համար միջոցներ չեն խնայում, բարեփոխումներն ընթացքի մեջ են:
Հանդիպմանը մասնակցել է ՔՊ խմբակցության փոքր մասը, հիմնականում՝ Պապիկյանի աջակիցները, 2 տասնյակից պակաս մարդ: Պատգամավորներն ինչ-որ պատրվակներ են գտել հանդիպմանը չգալու համար: Այսինքն` փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը, քանի որ առաջնորդը եւս այլեւս հիացած չէ նրանով»:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ՝ հունվարի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման առիթը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպն էր, ինչի հետեւանքով 15 ժամկետային զինծառայող հրդեհի զոհ դարձավ։
«ժողովուրդ» օրաթերթին Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից մանրամասներ հայտնի դարձան։ Այսպես, ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ թեեւ ամենասուր հարցերն են ուղղվել պաշտպանական գերատեսչության ղեկավարին, բայց հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է բավականին հանգիստ, ոչ լարված մթնոլորտում։ «Խոսել ենք այն բոլոր խնդիրների, մտահոգիչ երեւույթների մասին, որ կա ոչ միայն բանակի, այլ նաեւ հասարակության ներսում առհասարակ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դեպքի պատասխանատուն (գոնե քաղաքական մակարդակում) բոլորս ենք, թիմն է, հետեւաբար իրավիճակը լարելու կամ լարվածություն ստեղծելու կարիք ընդհանրապես չկար»,- ասաց մեր աղբյուրն ու ավելացրեց, որ հանդիպման ժամանակ Պապիկյանի հրաժարականի հարցը չեն քննարկել. այդ մասին անգամ հարց-տեսակետ չի հնչել։
Ավելին՝ ներկաները Պապիկյանին քաջալերել են, որ օրհասական այս պահին, երբ բանակն իսկապես մեջքն ուղղելու կարիք ունի, չպետք է թույլ տալ, որ նա հանկարծ որոշի թողնել հեռանալ։ Տեղեկացանք նաեւ, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը շատ թվով պատգամավորներ են բացակայել. մի մասը՝ գործուղումների մեջ գտնվելու, մի մասը՝ այս օրերին տարածված վիրուսային հիվանդությունների, մի մասն էլ պարզապես նպատակահարմար չգտնելու պատճառաբանությամբ է բացակայել»: