Թուրքիայի տարածքում կատարված Սուրուչի գործողությունը միջադեպերից եւ ռմբահարումներից առանձնանում է եւ նոր իրավիճակի նախաբանի հանգամանք է ստանում:
«Իսլամական պետությունն» ընդդեմ քրդական ուժերի պատերազմը տարվում էր թուրքական սահմաններից դուրս, հատկապես Իրաքում եւ Սիրիայում: ԻՊ-ի կողմից քրդական կենտրոնի դեմ իրականացված հարձակումը Սուրուչում` պատերազմի տեղափոխության լուրջ նախադրյալ կարող է նկատվել: Եւ այստեղ անտեղի չեն այն բոլոր վարկածները, որոնք կենտրոնանում են Թուրքիայի կողմից ստեղծված ԻՊ-ի վերահսկողությունից դուրս գալուն եւ թեկուզ քրդական ուժերին հարվածելու նպատակով նույնինքն թուրքական շահերին հարվածելու իրողության վրա:
Քաղաքական տրամաբանությամբ անհավանական չպետք է նկատել նաեւ այն, որ մահապարտի՝ Սիրիայից Թուրքիա թափանցած լինելու հավանականությունը սահմանային գոտիների անվտանգության նպատակով կարող է նպաստել Անկարայի ծրագրերին կամ նույնիսկ արդարացնել թուրքական ներխուժումը Սիրիա` ահաբեկիչների Թուրքիա անցումը կանխարգելելու հայտարարությամբ:
Այս առումով մինչ այժմ խոսքը Թուրքիայից Սիրիա ահաբեկիչների անարգել հոսքի մասին էր. բնականաբար ահաբեկիչներին անցք տրամադրող թուրքական կամուրջը հակառակ ուղղությամբ ևս աշխատում էր, սակայն տարբերությունը այս դեպքում այն է, որ Թուրքիա վերադարձողը այս անգամ գործողություն է կազմակերպում նաեւ Թուրքիայում:
Ամերիկյան զգուշացումները Անկարային սկսել են ձեւ ու մարմին ստանալ. ԻՊ-ը այն գործիքն է, որ իրեն սնողի դեմ կարող է աշխատել, երբ ավելի մեծ կենտրոններից հղվեն համապատասխան ազդանշանները:
Դժվար կացությունների առաջ կանգնած պաշտոնական Անկարայի համար դեմքը փրկելու հատկանիշով բնութագրվող հայտարարությունն այն է, որ Սուրուչի հարձակման թիրախը Թուրքիայի ազգային միասնությունն էր: Թուրքիայի վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը քուրդերին բացառապես Թուրքիայի քաղաքացիներ է նկատում, ովքեր այս տրամաբանությամբ թուրք ազգի կարեւոր բաղադրատարրերն են: Միեւնույն հանկերգն է, որը օգտագործվում է նաեւ այս դեպքում. Օսմանյան կայսրության ժողովուրդները, այսօրվա Թուրքիայի քաղաքացիները, համատեղ բնօրրանում ապրողները:
Միեւնույն ազգ նկատելով քրդերին, վարչապետի պաշտոնակատարը, սակայն կատարել է երկրորդ հայտարարությունը. ընդունել է, որ Թուրքիայի ազգային միասնությունը (թեկուզ իրենց պատկերացմամբ) այսօր վտանգվել է: Սա հար եւ նման է նախագահ Էրդողանի նախընտրական ճառին, որտեղ ընդգծվել էր Թուրքիայի մասնատման վտանգի առկայությունը` դարձյալ շեշտելով, որ արեւմտյան լրատվամիջոցներն ու հակաիշխանական որոշ ուժեր սպառնում են Թուրքիայի տարածքային ամբողջականությանը:
Դավութողլուի տրամաբանության սահմաններում մնալով հետեւում է այն, որ թուրք ազգի միասնականությունը խախտողները ԻՊ-ի խմբավորումներն են: Հասցեագրումը ուղղակի չէ թուրքական կողմից. ըստ լրատվությունների, դեռեվս ստուգվում են անձնասպանական գործողության հեղինակի ԻՊ-ի հետ ունեցած ենթադրյալ կապերը: Անկարան ուրեմն ցարդ պաշտոնապես չի ամբաստանել ԻՊ-ին` անձնասպանական գործողության հետևում կանգնելու հանցանքով:
Անկախ այն իրողությունից, որ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական գործողությունների վերաձեռնարկելու որոշակի տվյալներ առարկայանում են, պետք է ասել, որ ԻՊ - քրդական ուժեր պատերազմը, որ խորքում Թուրքիա-Քուրդիստանի պատերազմ է, ըստ էության կարող է որոշ դիմափոխություն ապրել ոչ միայն աշխարհագրական վայրի փոփոխությամբ:
Սուրուչը եթե իրոք նախաբան է, սա նշանակում է, որ Թուրքիայի տարածքում ԻՊ-ը փորձելու է հարվածել քրդական կենտրոններին: Իսկ քրդաբնակ շրջաններից մի կարեւոր մաս պատմական առումով հստակ պատկանելիություն ունեն:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր