▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ վրա է ծախսել պարսիկը Երևանում 1000 դոլարը

Երեկ մի հոդված եմ կարդում, որտեղ 3 օրով Երեւանում հանգրվանած պարսիկ զբոսաշրջիկը իր բողոքն է արտահայտում Հայաստանից։ Առաջին բողոքը վերաբերում էր նրան, որ օդանավակայանում երկար է սպասել փաստաթղթային ձեւակերպումներին։ Ուրեմն դա ռուսներն են անում, իրենք սովոր են հերթերին։ Տաքսիստը մինչեւ քաղաք 5.000 դրամ է պահանջել։ Միայն պարսիկներին չեն խաբում, բոլորին էլ խաբում են, դուրդ չի գալիս՝ երթուղային նստիր։ Վարորդին խնդրել է էժան, բայց հարմարավետ հյուրանոց տանել։ Ուրեմն ուղեւորվում է օտար երկիր՝ առանց նախապես ուսումնասիրելով հյուրանոցները եւ նրանց գները։ Վարորդը նրան տարել է Գոլդեն Տյուլիպ, որտեղ մեկ օրվա արժեքը եղել է 110 դոլար, ինչը շատ թանկ է համարել, բայց հոգնած է եղել՝ ուրիշ հյուրանոց փնտրելու համար։ Հյուրանոցը ծառայող չի ունեցել եւ ինքն է իր ուղեբեռը համար բարձրացրել։ Հետաքրքիր է՝ 3 օրվա համա ի՞նչ իշաբեռ էր հետը քարշ տալիս, որ դժվարացել է մի երկու հարկ բարձրացնել։ Առավոտյան հյուրանոցի աշխատակցին հարցրել է, թե ինչ տեսարժան վայրեր կարելի է այցելել։ Առաջարկել են Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Մատենադարան։ Աստեղ լիովին համաձայն եմ. միայն կատարյալ ապուշը պարսիկին նման առաջարկներ կաներ, ինչպես զբոսաշրջիկն է ասում՝ գերեզմաններ իր երկրում էլ կան։ Հետեւաբար պետք էր առաջարկել այնպիսի բաներ, ինչ իրենց երկրում չկան։ Օրինակ՝ Ջրաշխարհ, գիշերային ակումբ, Փարվանա ռեստորան։ Երեկոյան ցանկացել է մզկիթ գնալ՝ աղոթելու։ Պարզել է, որ Երեւանում միայն մի մզկիթ կա, մնացածները քանդել են։ Այդքան բան իմացողը պետք է իմանար նաեւ, որ միայն մզկիթներ չեն քանդել, եկեղեցիներ էլ են քանդել։ Այս մեկն էլ իբր թողել են, որպեսզի աշխարհին ապացուցեն, թե հայերը տոլերանտ են, սակայն դա այդպես չէր, քանի որ մզկիթում միայն չորս մահմեդական այցելու կային։ Դե կներես, էլի. էդ հայերն ե՞ն արգելել, որ մզկիթ չգնաք։ Սակավամարդությունը հենց ապացույցն է այն բանի, որ մահմեդական աղոթքներն են ձեւական եւ ցուցադրական. երբ պարսիկը հայտնվում է մի վայրում, որտեղ ստիպող կամ հետեւող չկա, նշանակում է մզկիթ գնալն էլ պարտադիր չէ։
Ցանկացել է ճաշել, բայց իր պատվիրած ուտեստն իր ուզած չափով չեն եփել. չհասկացվեց՝ հո՞ւմ էին թողել, թե՞ վառել։ Եվ որի համար պահանջել են 25 դոլար, ինչը դարձյալ թանկ է համարել։ Այստեղ արդեն հյուրը կարծես ինչ-որ բան խեղաթյուրում է. համենայնդեպս երեւանյան ցանկացած օբյեկտում գները ներկայացված են թե՜ ճաշացուցակներում, թե՜ պատերին կախված ցուցանակներում։ Վերցրու այն, ինչը հասու է գրպանիդ։ Եվ վերջում ասում է, թե երեք օրում ծախսել է 1.500 դոլար, բայց հաճույք չի ստացել։ Հետաքրքիր է, եթե 330 դոլարը վճարել է հյուրանոցի համար, իր ներկայացրած գներով էլ մի 200 դոլարի սնվել եւ տաքսի է նստել, ապա ինչի՞ վրա է ծախսել մնացած 1000 դոլարը։

 

Վանիկ Ալեքսանյան

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին