Արդեն մոտ կես տարի է անցել ոչիշխանական ուժերի պարտությունից: Շատ բան պարզվեց, շատ բան մնաց անհասկանալի, սակայն, հերթական անգամ հաստատվեց այն պարզ ճշմարտությունը, որ իրավիճակի վրա ազդելու և փոփոխություններ իրականացնելու միակ հնարավորությունը`միավորումն է: Գուցե և 2014 թվականի ընդդիմության միավորումը թերություններ ուներ, գուցե քաղաքական օրակարգն էր անկատար, հնարավոր է, որ գործողությունների պլանը պատշաճ չէր մշակվել, և այդ ամենը բերեց այն արդյունքի, որն այսօր արձանագրված է, բայց մեկ բան ակնհայտ է` այդ միավորումն ու միասնական գործունեությունը իշխանության համար դարձավ ստրեսի, ինչ-որ չափով զգոն լինելու և նույնիսկ հակակշիռ ուժի առկայությունը հաշվի առնելու առիթ: Հենց այդ պատճառով իշխանությունը հերթական անգամ գնաց ոչքաղաքական մեթոդներով ուժային ճնշմամբ հարցի լուծմանը:
Ամեն դեպքում, անկախ այս դատողություններից, պարզից էլ պարզ է, որ քաղաքական մրցակցության ու պայքարի տիրույթում ուժերի համադրումն ու մեկտեղումը բերում է էական ազդեցության դաշտի ձևավորմանը: Զգալով այդ ազդեցությունը` իշխանությունները փորձում են բանակցել ընդդիմության հետ, առաջարկում են որոշակի զիջումներ իրենց գործողություններում կամ նույնիսկ իշխանության որոշակի մասով: Եթե ընդդիմությունը սկսում է սեթևեթել, դա դառնում է իր «վախճանի» սկիզբը: Պահանջվում է ուղղակի որոշակի ժամանակ, որի ընթացքում իշխանությունը, որպես կանոն սկսում է ազդել ընդդիմադիր տարրերի վրա առանձին- առանձին, իսկ քաղաքական ռեսուրսի տևացող ապարդյուն վատնումը հանգեցնում է հասարակության հիասթափությանը: Եթե ընդդիմությունը համաձայնության է գալիս իշխանության հետ գործակցելու հարցում, այն անմիջապես վարկաբեկվում է ու կորցնում հասարակության վստահությունը, հետևաբար զրկվում է նաև ազդեցությունից քաղաքական դաշտում: Եվ վերջապես, երբ ընդդիմությունը կտրուկ մերժում է իշխանություններին, դրանով իսկ վերջիններիս թողնում է մեկ տարբերակ` հարցի լուծում ուժի կիրառմամբ, ոչքաղաքական ճանապարհով, իսկ երբեմն էլ ՝ արյունով :
Ցավոք, խնդիրը կայանում է նրանում, որ ընդդիմադիր միավորումները գործում են հիմնականում կա՛մ հետընտրական շրջանում, կա՛մ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում՝ կախված քաղաքական իրավիճակից, սոցիալական լարումից, կամ այլ հանգամանքներից: Մինչդեռ ընտրությունների ժամանակ լուրջ միավորումներ գրեթե չեն լինում, և ազդեցիկ քաղաքական ուժերը դրանց առանձին են մասնակցում: Պատկերացրեք` ինչպիսի արդյունք կարձանագրվեր, եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մյուս ոչիշխանական ուժերի հետ միասնաբար մասնակցեին 2012-ի խորհրդարանական ընտրություններին: Իսկապես, արդյունքը կարող էր լինել բացարձակապես այլ՝ դրանից բխող հետագա հետևանքներով հանդերձ:
Միավորվելու միջոցով քաղաքական հարթակում ազդեցության դաշտը պետք է ձևավորել նախընտրական շրջանում և ճիշտ մարտավարության արդյունքում արտաբերել այն ընտրությունների գործընթացի վրա: Սա կարող է երբեմն կրկնակիի հասցնել այն վստահությունը, որը կարող են ստանալ ընդդիմադիր քաղաքական ուժերը առանձին- առանձին: Իսկ խորհրդարանական ընտրություններում տարած միասնական հաղթանակը կարող է ապահովել ամբողջական համակարգային փոփոխությունների մեկնարկը:
Ակնհայտ է, որ չափազանց մեծ աղքատությունը, գործազրկությունը, տնտեսական անկումն ու սոցիալական ճգնաժամն անարդյունավետ պետական կառավարման արդյունք են, և բնական է, որ անարդյունավետ կառավարողներն իրենց տեղը պետք է զիջեն առավել արդյունավետ կառավարելու ունակ ուժերին, իսկ գալիք ընտրությունները այդ փոփոխությունն իրականացնելու համար լավագույն հնարավորությունը կարող են դառնալ: Եթե, իհարկե, գոնե այս անգամ ձևավորվի միասնական ազդեցության դաշտ, եթե տեղի ունենա ոչիշխանական ուժերի միավորում հենց նախընտրական փուլում ու ընտրությունների ժամանակ:
Անշուշտ, ոչիշխանական ուժերի համար ոտքի կանգնելու ժամանակն է գալիս…
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ,
ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյան