▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նռնաքարե վզնոցը». հայ ռեժիսորի ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին

«20-րդ դարի սկզբի հայ ազգի ողբերգական պատմության և առավելապես ազգային անհամատեղելիության հաղթահարմանն ու  զուտ մարդկային հարաբերությունների ներկայացումն է «Նռնաքարե վզնոցը» ֆիլմի հիմքում»,-այս մասին Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Սերժ Գաբյանը:

«Նռնաքարե վզնոցը» ֆիլմի գործողությունները պտտվում են ավանդական նշանակություն ունեցող մի իրի շուրջ, որը հինավուրց մի վզնոց է և ստեղծվել է դեռ 17-րդ դարում հայ վարպետ ոսկերչի կողմից: Զարդը իրենից ներկայացրել է տոհմածառ, որի բոլոր տարրերը, այս դեպքում, վզնոցի ոսկե հատիկները կրել են տոհմի անդամների անունները: Վզնոցը միշտ եղել է տոհմի ավագ կանանց տնօրինության տակ, որպես տոհմին պատկանող ընդհանուր արժեք:

Ռեժիսորի խոսքերով, հանդիսատեսը ֆիլմում կտեսնի մեր նկարագրած յուրօրինակ զարդի պատմությունը, սկսած 17-րդ դարից, ամբողջ 20-րդ դարի ընթացքում և ընդհուպ մինչև մեր օրերը:

«Այսինքն՝ պատմական իրադարձությունների արդյունքում, անցնելով պատերազմների և հեղափոխությունների միջով, գրեթե միստիկական զուգադիպությամբ, բայց ավելի շուտ մարդկային բարձրագույն հատկությունների շնորհիվ, վզնոցը քանիցս կորել ու կրկին ետ է վերադարձել իր խորհրդանշած տոհմի զավակների մոտ: Եվ մեր ժամանակներում, կրկին կորած համարվելով, կարծես նորից ձգում, իր մոտ է բերում տոհմի մեր ժամանակակից ներկայացուցչին՝ ոչ այլուր, քան ներկայիս աշխարհի մայրաքաղաքներից մեկում՝ Նյու Յորքում»,-նշում է ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմի բովանդակության հետ կապված կարևոր դրվագներ ժամանակից շուտ չբացահայտելու մտավախությամբ, այնուամենայնիվ  Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Սերժ Գաբյանը կիսվեց նաև կինոնկարի արտադրության հետ կապված որոշ մանրամասների մասին:

«ֆիլմի արտադրությանը մասնակցող հիմնական ստեղծագործական խումբը կազմված է լինելու միջազգային մասնագետներից:  Ես և Ռուսաստանում գործող «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի նախագահ և ֆիլմի պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանը Ֆիլմի նախագծի վրա  աշխատում ենք արդեն գրեթե մեկ տարի: Այս տարի փետրվարին պայմանագիր է կնքվել Եվրոպական մի  ֆինանսական կազմակերպության հետ, որն իր վրա է վերցրել ֆիլմի ֆինանսավորումը և որի անունը պրոդյուսերական խորհուրդը նախընտրում է դեռ չնշել: Ֆիլմի ստեղծման գաղափարը հավանության են արժանացրել նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական համայնքների մի շարք ականավոր գործիչներ և հայ գործարարներ, ովքեր անգամ խոստացել են աջակցել ֆիլմի ստեղծման ընթացքին՝ օր առաջ հանդիսատեսի ուշադրությանը այն ներկայացնելու ցանկությամբ»,-պարզաբանեց Սերժ Գաբյանը:

Ըստ նախնական աշխատանքային ծրագրի՝ «Նռնաքարե վզնոցը»ֆիլմի նկարահանումները կսկսվեն ամռանը, իսկ  միջազգային հանդիսատեսին այն կներկայացվի այս տարվա նոյեմբերին:

Ֆիլմի սցենարի հեղինակ՝ Լիլիթ Մկրտչայնը դեռ 2009 թվականին գրել է վզնոցի պատմությունը՝ հիմնվելով մի շարք իրական պատմությունների վրա:

«Ֆիլմի հիմնական լեզուն անգլերեն է, քանի որ մեր գերխնդիրն է՝ մի հայ ընտանիքի ու հայ ընտանիքի տոհմական մասունք հանդիսացող մի զարդի պատմությամբ համաշխարհային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ կենտրոնացնել  հայտնի չլուծված խնդրի և դրա հետեւանքով մի շարք ազգերի ընտանիքների ճակատագրերի ուղղությամբ»,- նշեց Սերժ Գաբյանը:

Նկարահանումներն անցկացվելու են Հայաստանում, Ղազախստանում, Լատվիայում և ԱՄՆ-ում: Գլխավոր պրոդյուսերներ՝ Ստեֆան Հեքիմյանը և նրա ամերիկացի գործընկերը, ինչպես նաև սցենարի հեղինակ Լիլիթ Մկրտչյանը սկսել են բանակցել հոլիվուդյան մի շարք հայտնի աստղերի գործակալների հետ: Գլխավոր հերոսուհու դերակատարման համար պայմանականորեն ընտրված են Էմմա Վոթսոն և/կամ Էնն Հեթըվեյ  ժամանակակից կինոյի հայտնի դերասանուհիները, գլխավոր հերոսի դերակատարման համար՝ ընտրված են Բրեդլի Կուպերը և/կամ Ջոշ Հարթնեթը: Երկրորդ պլանի օժանդակող դերերում ստեղծագործական խորհուրդը տեսնում է Փոլ Բեթանի, Շայա Լյաբոֆ, Բենեդիկտ Քամբերբեթչ դերասաններին: Երկրորդ պլանի կարևոր կին կերպարներից մեկի դերակատարման համար կհրավիրվի  Մոնիկա Բելուչին: «Մի քանի գործակալներ արդեն հավանություն են տվել սցենարին և նույնիսկ հիացմունք արտահայտել դրա գաղափարական արժեքի կապակցությամբ: Մոտ օրերս ամեն ինչ ավելի պարզ կլինի»,- ասաց ռեժիսորը:

Ավելացնենք նաև, որ արդեն պայմանագրեր են ստորագրվել հագուստի մոդելավորման և արտադրության, նաև ֆիլմի դեկորացիաների և ինտերիերների կառուցման համար: Ֆիլմի մոնտաժը իրականացվելու է հոլիվուդյան հայտնի տեխնոլոգիական ստուդիաներից մեկում:

Ռեժիսորը նշեց նաեւ, որ ֆիլմի ֆինանսավորումը հնարավոր է դարձել «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի և ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանի շնորհիվ և ֆիլմից ստացված եկամուտների մեծ մասն «Աշխարհի մարդիկ» հիմնադրամն օգտագործելու է հայկական ժամանակակից մշակույթը եւ պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային հանրությանը բազմակողմանիորեն ներկայացնելու իր առաքելությունը շարունակելու համար:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին