«Հայաստանում վերջին օրերին տեղ գտնող իրադարձությունները դրական եմ գնահատում», - «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասաց Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին։
Փաստը, որ Հայաստանում կարող են այսպիսի ցույցեր կազմակերպվել, խոսում է երկրում գործուն քաղաքացիական հասարակության գոյության մասին, որին հուզում են երկրի տնտեսական և քաղաքական խնդիրները, ընդգծեց նա:
«Նման ցույցեր այսօրվա դրությամբ չեն կարող տեղ գտնել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ էլ Կենտրոնական Ասիայի երկրներում», - նշեց Սթրոնսկին՝ շարունակելով․ - «Այդ առումով սա դրական է խոսում Հայաստանի մասին, սակայն համոզված եմ, որ կառավարությունը կցանկանար արդյունավետ ճնշում գործադրել ցուցարարների նկատմամբ և այժմ փորձում է իր լծակները: Դեռ կտեսնենք, թե դա ինչի կարող է հանգեցնել»:
Վերլուծաբանը հավելեց, որ խաղաղ սոցիալական բնույթ կրող ցույցերը կարող են վերածվել քաղաքական ցույցերի այն դեպքում, եթե երկրի ղեկավարությունը լուրջ փոխզիջումների չգնա։
Հարցին՝ արդյոք Հայաստանում ծավալվող իրադարձությունները ունե՞ն ընդհանրություններ ուկրաինական Մայդանի հետ, Սթրոնսկին պատասխանեց, որ կան որոշ ընդհանրություններ, սակայն Ուկրաինայի դեպքում իրավիճակը այլ էր, Ուկրաինայի քաղաքական դաշտը տարբերվում է հայաստանյան քաղաքական դաշտից․ Ուկրաինայում համատեղ գործում էին արևմտամետ և ռուսամետ քաղաքական ուժեր, Հայաստանում չկա ուժերի այսպիսի տարանջատում։
Մինչդեռ վերլուծաբան Իգոր Դանչենկոն «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշեց, որ սկզբունքորեն այս երկու շարժումները ունեն ընդհանրություններ։
«Հայաստանում հակակառավարական ցույցերը սկսվել էին դեռ նախագահական ընտրություններից հետո, հայտնի է, որ հայաստանցիների շրջանում ներկայիս ղեկավարությունը ժողովրդականություն չի վայելում, այս առումով Մայդանի հետ զուգահեռներ կան», - ասաց Դանչենկոն:
Ինչպես նշեց Փոլ Սթրոնսկին, այս շարժման ամենադրական կողմերից մեկն այն է, որ դրա շարժիչ ուժը նոր սերունդն է, սերունդ, որը հետագայում ինքը պետք է կերտի Հայաստանի ապագան, և դրանից ելնելով կարելի է ասել, որ Հայաստանին կարող է սպասել խոստումնալից ապագա։