▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ ապագայից

             Հիմա, երբ Հայաստանում ապրում են ինը միլիոն հայեր, որոնք կրթված են, արդար և հարուստ... Հիմա, երբ որևէ հակառակորդ չի համարձակվում Հայաստանի սահմանների ուղղությամբ կրակ արձակել, շնորհիվ մեր երկրի ռազմական ուժի... Հիմա, երբ Հայաստանի հետ հաշվի են նստում աշխարհի բոլոր գերտերությունները... Հիմա, երբ Արցախն էլ Հայաստան է... Հիմա, երբ հայ երիտասարդը հանգիստ ընտանիք է կազմում, շատ զավակներ ունենում ու հրաշալի մանկություն ապահովում հայ փոքրիկի համար ...

            Հիմա... Հենց հիմա ուզում եմ հետ գնալ ինը տարի` հիշելու համար ինչպե՞ս այս Հրաշքը դարձավ իրական: Ուզում եմ նորից վերհիշել, ավելի լավ հասկանալ, վերապրել` նախապատրաստվելու համար հաջորդ Հրաշքին: Չէ որ Հրաշքներն զգում են, երբ իրենց սպասում ես ...

            Այն ժամանակ այս մասին բարձրաձայնելը նշանակում էր դառնալ ծաղրանքի առարկա: Քչերն էին հավատում Հրաշքներին, իսկ շատերն անգամ իրենք իրենց չէին հավատում: Բայց մի Հալիվոր որոշել էր, որ ճամփաբաժանին նստած, Հրաշք որոնողներին ցույց է տալու ճիշտ ճանապարհը: Փնտրողներին գտնողն էր Նա ...

            Ինձ էլ գտան: Գտան ու հասկացան, որ լիքն եմ:

            Լցնելու համար հարկավոր է դատարկել, բայց դատարկելու իրավունք ունի միայն նա, ով կարող է լցնել. լցնել ավելի լավով, քան նախկինում էր: Տհաճ է, երբ քեզ դատարկում են: Սկզբում շփոթվում ես: Թվում է, որ քեզանից խլում են այն ամենաթանկը, որից կազմված ես դու. բոլոր սկզբունքներդ, արժեքներդ, հավատամքդ: Կան մարդիկ, որ բացում են աչքերդ. դրանից հետո միշտ չէ, որ հստակ գիտես շնորհակալ լինես նրանցից, թե հայհոյես նրանց: Դատարկվելուց հետո գալիս է վերստին լցվելու պահը, բայց հավերժ դատարկ մնալու խոնարհ համաձայնությամբ: Դու պիտի այս անգամ այնպես լցվես, որ դատարկ մնաս:

            Սկզբում քեզ թույլ են տալիս հասկանալ, որ դու ընտրյալ չես, որ քեզ չեն պատրաստում իշխելու համար: Քեզանից ծառա են պատրաստում` բառիս բուն իմաստով ծառա: Եվ այդուհետ քո առաքելությունը, քո կյանքի ողջ նպատակը դառնում է ծառայելը: Ու բնավ էական չէ` դու դա էիր երազում մի ժամանակ թե ոչ: Էական է այն, որ դու գրամ անգամ չես կասկածում, որ դրա համար ես այս անգամ լույս աշխարհ եկել:

            Դատարկելուց թափում են անգամ պիտանին, որովհետև պիտանին անպիտանի հետ երկար մնալուց նոր որակներ է ձեռք բերում: Բայց դա խնդիր չէ... Լցնողները` Նրանք, գիտեն պիտանին կրկին վերադարձնելու եղանակը: Ու մի օր, երբ ինքդ ես դառնում Դատարկող, հասկանում ես թե որքան արդար են վարվել քեզ հետ` այդքան ցավ ու տհաճություն պատճառելով:

            Բայց վերադառնանք հետ: Ինձ այն ժամանակ սովորեցրեցին Հրաշքների անատոմիան, բացատրեցին ապագան նյութականացնելու ձևերը, հասկացրեցին, որ միայն նրանք են ինչ-որ բան փոխում, ովքեր չեն տառապում ինչ-որ բան փոխելու մոլուցքով: Սովորեցրեցին ոչինչ չանել, այլ Լինել: Ես հասկացա թե ինչ է Սրբազան Անգործությունը: Փոքրիկ Հրաշքներից հետո սկսում ես պատկերացնել, թե ինչպես են գործում Հրաշքները, ինչ մեխանիզմով են դրանք աշխատում:

            Լցվելիս` ես հիացա ուրիշների բանալիներով, բայց համոզվեցի, որ իմ դուռը միայն իմ բանալին է բացում: Եվ սկսվեց... Սկսվեց արթնացումը: Ավելի վաղ գիտեի, որ մարդ օրվա մեջ մեկ անգամ է արթնանում կամ երկու: Բայց, օրվա մեջ կարելի է արթնանալ ամեն րոպե, ամեն վարկյան: Սա անսպասելի էր: Ամեն արթնացումս մեկընդմիշտ երաշխավորում էր, որ այլևս երբեք չեմ քնի նախկին քնով: Ամեն արթնացումս մի բանալի էր բերում, մի օրենք` անքննարկելի մի ճշմարտություն` բնության, Տիեզերքի օրենքների պես: Եվ ահա այդ օրենք-բանալիները տրվեցին նաև ինձ` կայանալիք Հրաշքի մասնիկը լինելու համար: Եվ քանի որ դրանք նախկինում արդեն գործել էին հազար անգամ, այս անգամ էլ գործեցին: Ինը բանալիներ էին դրանք ...

            Լավ մասնիկ լինելու համար, ինձ ծանոթացրին այս համակարգի այլ մասնիկների հետ, որոնք գործել էին նախկինում, արել իրենց գործը և գնացել: Դա սովորական ծանոթություն չէր: Դու լռում էիր և լսում: Երբ ավարտվում էր այն, ինչ պիտի լսեիր, ավարտվում էր նաև ծանոթությունը: Եվ ոչ մի հարցի իրավունք:

            Մեսրոպ անունով մեկը, որին Մաշտոց էին անվանում իբրև բարձրագույն հոգևոր կոչման կրողի, ինձ պատմեց սյուներ կառուցելու մասին: Ասաց. «Այնպիսի սյուն պիտի կառուցես, որ եթե ամբողջ տաճարն էլ փուլ գա, այդ սյունի վրա վերստին հնարավոր լինի վերականգնել տաճարը: Իմ սյունը հայերենն է»: Վարպետն ասաց նաև, որ մագնիսն է երկաթին ձգում և ոչ հակառակը, և որ իրեն ցնցոտիներ հագած 10-12 հոգին էլ բավարար էին: Ես վերցրեցի այդ բանալին` հասկացա, որ խտությունը քանակից կարևոր է, որ կրակ բերող մեկը կարող է լուսավորել խավարում խարխափող միլիոններին:

            Հետո հանդիպեցի մի զորավարի` Գևորգ անունով, մի ծաղիկ ձեռքին: Երդվել էր տուն չվերադառնալ մինչև չիրագործեր իր կողմից իր առջև դրված խնդիրը: Ու չէր վերադարձել: Էլ երբեք տուն չէր գնացել: Միայն այն պատճառով, որ խնդիրը լուծել էր գերազանց, բայց ոչ լիարժեք: Ասաց. «Միավորողներն են Հրաշքը դարձնում իրական: Բաժանողները...»: Լռեց, գլուխը աջ ու ձախ տարուբերեց, շարունակեց. «Տիեզերքում ամեն բան մեկ է: Միավորողներին Տիեզերքն է ուղարկում և Տիեզերքն էլ օգնում»: Ինձ տրվեց նաև այս բանալին` ես հասկացա, որ Հայրը չի բաժանում որդիներին, որ բաժանողը` Հայր չի: Սկսեցի միավորել` որպես ծառա:

            Տեսա մեկ ու կես միլիոն սերմերի մայր հողում թաղված: Լսեցի ձայնը գարուն լացողի: Նրա երգից ծիլ էին տալիս սերմերը ու նոր կյանք բերում: Ասաց. «Մի պայքարիր: Դու դառնում ես այն, ինչի դեմ պայքարում ես»: Կարծեցի խելագար է: Վարդապետ էր... Վերցրեցի բանալին, հասկացա, որ որևէ բանի դեմ պայքարելը դրա սերմերը հողի մեջ դնելն է:

            Վաղուց մեռած կույր տատուս տեսա: Նա էլ ինձ «տեսավ» նախկինի նման` ոտնաձայներով: Թեյ խնդրեց կրկին ու հետո ասաց. «Սև քարը վերևում է»: Հիշեցի, որ ասում էր. «Վերևում մի մեծ, սև քար կա. ընկնում է դժգոհ մարդկանց գլխին»: Թեյը տվեցի: Բանալին վերցրեցի: Հասկացա, որ դժգոհողներն են ծնում դժգոհության պատճառները:

            Տեսա ծեր թագավորին` ծովերով հայտնի, ցամաքում անպարտելի: Էլի Մեծ էր, էլի հաղթական: Նոր արշավանքներ էր ավազին գծում: Ժպտաց ու ասաց. «Ծովերը չհասան, թագս հասավ: Որն էլ հասներ, մյուսին հետևից բերելու էր` վաղ թե ուշ»: Հետո ցույց տվեց ձեռքի հին մետաղադրամն ու դրա վրա պատկերված թագը: Ասաց. «Ութ չէ` ինն է: Աստղն ինը թև ունի» ու նետեց ծովը: Վերցրեցի բանալին, հասկացա, որ հենց ինն էլ պիտի լիներ: Հեքիաթում էլ հրեղեն տղեն ինը ամիս, ինը օր, ինը րոպե անցնելուց հետո է ծնվում:

            Քեզ տեսա Հայկ: Տեսա, որ նստած նամակ ես գրում ապագայից: Ոչինչ չասեցիր: Վերցրեցի բանալին: Հասկացա, որ ապագայից գրելով` կարող ես ստեղծել այդ ապագան:

            Ոգուհու որդուն տեսա` Գրիգորին, օձերին չխայթել էր սովորեցնում: Ասաց. «Ես մորս որդին եմ, ոչ թե` հորս: Ոչինչ չավերեցինք: Հեթանոսությունը պահեցինք, կռապաշտությունը քանդեցինք: Այն ինչ կար, կա ու լինելու է: Քանի Գիրք ունեինք, այդքանն էլ պահեցինք»: Վերցրեցի բանալին, հասկացա, որ ձեռագրերը չեն այրվում: Սկսեցի կարդալ Գրքերը:

            Հովվին տեսա, ով գայլը գառին խառնած տուն էր բերում: Ասաց, որ երազում անընդհատ քանդված վանք է տեսնում` արդեն հազար տարի և որ շինում է վանքը ու այն կրկին քանդվում է: Ասաց. «Երևի Մհերի հերթն է ...»: Ցույց տվեց աջ թևի նշանը: Վերցրեցի բանալին, սովորեցի, որ հասկացված մեկ տառն ավելին է, քան հարյուրավոր չհասկացված տառերն ու բառերը:

            Վերադառնալիս նորից Հալիվորին տեսա: Չգիտեի, որ Նա էլ է բանալի տալու: Հարցրեցի Նրան. «Մենակ ինչպե՞ս կարող եմ»: Պատասխանեց. «Մենակ չես: Ահա ապագայից ուղարկում ենք քեզ այս նամակը և ով կարդա այն, ով հասկանա` քեզ պես ծառա, սպասվող Հրաշքի մասնիկ պիտի դառնա ...»:

 

 

Հայկին` Հայկից

18.03.2024 թ.

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին