«Ժնևյան կոնվենցիայի համաձայն՝ բնակավայրերի ռմբակոծումը ռազմական հանցագործություն է: Երեխայի, ծերերի սպանությունը՝ նույնպես: Այս ամենը մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք: Պետք է պահանջենք նաև, որ Ադրբեջանն իր զինվորների դիակները վերադարձնի նրանց ընտանիքներին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ այս 4-օրյա պատերազմի ընթացքում փորձում էին ստուգել մեր մարտունակությունը.
«Բայց պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Ալիևը միշտ չէ, որ ադեկվատ է արձագանքում: Մինչև Վաշինգտոն գնալը նա այս պատերազմական գործողությունները չէր պլանավորել, ուղղակի լարվածությունն էր ուզում պահպանել՝ ցույց տալով, որ Արցախի հարցը լուծված չէ: Իսկ կոճակը սեղմեց գագաթնաժողովի ավարտին: Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանի ռեյտինգը շատ ցածր է: Եվրոպական լիդերներից ոչ ոք չէր ուզում խոսել նրա հետ, իսկ եթե խոսում էին, ապա հարցնում էին, թե երբ է քաղբանտարկյալներին ազատելու: Հո Էրդողանի կամ Պակիստանի նախագահի հետ պաչ-պռոշտիով չէ: Ալիևը հասկացավ, որ Արցախի հարցը ճնշումով չի կարող լուծել ու հավասարակշռությունից դուրս եկավ: Պետք է իմանալ, որ վտանգը միշտ էլ կա: Ալիևը էմոցիոնալ է: Ամեն դեպքում, մեծ ազդեցություն կթողնի բանակի մարտունակությունը: Թշնամին հարձակվեց հանցագործների միջոցով, նրանք զինվորներ չէին, իսկ մեր 18-ամյա զինվորները ջարդուփշուր արեցին, դրա համար էլ չկարողացան կռիվը շարունակել»,-նկատեց Ստեփան Գրիգորյանը:
Անի Կարապետյան