▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանուկ Աբեղյանի՞, թե՞ մեր ընդհանո´ւր ողբերգությունը». Մերուժան Հարությունյանի հարցազրույցը

Asekose.am-ի երկրորդ հարցազրույցը հայ լեզվաբան, պոետ, արձակագիր, թարգման, ֆիզիկոս Մերուժան Հարությունյանի հետ։ 

Մերուժան Հարությունյանը ծնվել է 1948 թվականին։ 1964-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում և մինչ օրս ֆիզիկա է դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

Մ. Հարությունյանը 1985 թվականից զբաղվում է նաև լեզվաբանությամբ, թարգմանությամբ, քաղաքատնտեսությամբ և գրում է արձակ և չափածո գործեր, թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Ունի 20-ից ավել թարգմանական գործ և սեփական հրատարակած 2 գեղարվեստական ու 2 քննախոսական գիրք, մեկ տասնյակից ավել հրապարակախոսական ծավալուն հոդված, 2 գիրք մոտ 40 գիտական ու մեթոդական հոդված՝ ֆիզիկայից, քաղաքատնտեսությունից, լեզվաբանությունից ու գրականության տեսությունից։

 

Հարցազրույցը վարում է Հովհաննես Եսայանը


– Պրն Հարությունյան, 153 տարի առաջ մարտի 15-ին ծնվել է հայ անվանի գիտնական Մանուկ Աբեղյանը, ու ձեր նախորդ երկու հարցազրույցից երևաց, որ մեր ժողովուրդը շատ քիչ բան գիտի այս իրո´ք որ պատվելի գիտնականի ու մարդու մասին: 

– Պրն Եսայան, դուք ճիշտ եք, մեր ժողովուրդը ոչ միայն շատ քիչ բան գիտի Աբեղյանի մասին, չնայած ա´յն հանգամանքին, որ Աբեղյանի անունը մեր մամուլը չափազանց շատ է շոշափում, այլև խավարամոլները, Աբեղյանի թշնամիներն ու սրանց հետևորդներն արդեն 110 տարի է, ինչ անարդարացի փնովում են Աբեղյանին, մեծ մասամբ Աբեղյանի հեղինակած ուղղագրական ռեֆորմի համար, իմիջիայլոց չիմանալով, որ այդ ռեֆորմի առաջին նախաձեռնողը եղել են մեր կաթողիկոսն ու հանգուցյալ հրաշալի գիտնական-հայագետ Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանը, դեռ բոլշևիկյան հեղափոխությունից առաջ, 1912-13 թվերին: (Այս ռեֆորմի մանրամասն պատությունը կա իմ «Կոմիտասի ու Աբեղյանի անձնական և մեր ընդհանուր ողբերգությունը գրքի մեջ, 1910, 1911, «Լուսաբաց» հրատ.):

Բայց դառնամ ձեր հարցին ու հակիրճ թվարկեմ Աբեղյանի արած վիթխարի կարևորություն ունեցող գործերը:

 

***

Մանուկ Խաչատուրի Աբեղյանը (1865-1944) ծնվել է Նախիջևանի Աստապատ գյուղում, սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1876-1885), ավարտելուց հետո մոտ երեք տարի դասավանդել է ճեմարանում, ուսումը շարունակել է Ենայի, Լայպցիգի, Բեռլինի ու Փարիզի համալսարաններում (1893-1898), հետո էլ դասավանդել է` Շուշու թեմական դպրոցում (1887-1889), Թիֆլիսի Հովնանյան դպրոցում (1889-1893), Ներսիսյան դպրոցում ու Հայկական պետական գիմնազիայում (1914-1919): 

Հետո Աբեղյանը եղել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հիմնադիր դասախոսներից, որտեղ եղել է պատմագրական ֆակուլտետի դեկան (1923-1925), գլխավորել է Հայաստանի գիտահետազոտական առաջին հիմնարկը` Գիտության և արվեստի ինստիտուտը, (հետագայում սրա հիման վրա կազմակերպվեց Հայաստանի պետական ակադեմիան, ուրեմն, թերևս իրավունք ունենք ասելու, որ հենց Աբեղյանն է մեր Գիտությունների ակադեմիայի հիմնադիրը), հետո աշխատել է ԵՊՀ-ում ու զանազան գիտական հիմնարկներում: 

Պրոֆեսոր է 1926-ից, գիտության վաստակավոր գործիչ` 1935-ից, Հայաստանի ակադեմիայի հիմնադիր անդամ` 1943-ից, ինչից հետո ապրեց մոտ մեկ տարի: 

1929-ից բժիշկներն Աբեղյանին կարդալն ու գրելն արգելել են: Այնուամենայնիվ, Աբեղյանը, կարողության չափով, աշխատել է մինչև կյանքի վերջը: 

Աբեղյանը 1926-ից մի քանի անգամ խնդրել է, որ իրեն երկու ասպիրանտ տան, որ սրանցից հայոց լեզվի տեսության մասնագետ պատրաստի, բայց անընդհատ խոստացել են ու էդպես էլ չեն տվել: Ու այդպես էլ հայերն Աբեղյանից հետո հայոց լեզվի տեսության իսկական մասնագետ չունեցան, չնայած, արդեն մի քանի «Հայոց լեզվի տեսություն» է լույս տեսել, բայց այս մենագրությունները, բոլորն է´լ անխտիր, ղարիբյանական քերականությունների «սկզբունքներով» են գրված:

Աբեղյանը հայտնաբերել է «Սասնա ծռերի» երկրորդ տարբերակը, Եվրոպա գնալուց առաջ, 1886-ին, գրի է առել ու 1889-ին հրատարակել է «Դավիթ և Մհեր» ժողովրդական վեպի Մոկաց պատումը: Գիտական մեծ վարպետությամբ ու խորությամբ հետազոտել է «Սասնա ծռերը» (սա ամփոփելով մի գեղեցիկ գրքում), նորովի է ուսումնասիրել հայերի հին ու նոր հավատալիքները ու սրա գերմաներեն տարբերակի համար («Հայ ժողովրդական հավատալիքը» վերնագրով) Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 

Աբեղյանը գիտական քննությամբ ապացուցել է հայ ժողովրդական այլ վեպերի («Վիպասանք»-ի, «Պարսից պատերազմ»-ի, «Տարոնի պատերազմ»-ի) գոյությունը: 

Աբեղյանը հայ էպիկական ստեղծագործությունը բաժանել է հինգ շրջանի` «Նախնական հմայքներն ու առասպելները», «Առասպելական վեպի կամ վիպասանքի անցումային շրջանը», «Պարսից պատերազմը», «Տարոնի պատերազմը», «Սասնա ծռերը»:

Աբեղյանն ուսումնասիրել է հայ հին ու նոր ժողովրդական բանաստեղծությունը, մանավանդ միջնադարյան հայրեններն ու (մեծ մասամբ) Կոմիտասի հավաքած երգ-տաղիկները (որ նաև Կոմիտասի խնդրանքով ու գործակցությամբ խմբագրել է): 

Աբեղյանը ցույց է տվել, որ հայրենները Քուչակինը չեն, այլ հին ու անհայտ հեղինակներինն են, ու որ դրանցից շատերն ունեն ա´յն տեսակ շերտեր, որոնք գալիս են հնագույն հեթանոսական օրերից, ինչը լրիվ համաձայն է Կոմիտասի ուսումնասիրություններին: Այս արդյունքները տպվեցին «Հայոց հին գրականության պատմություն» երկհատոր աշխատության մեջ, ըստ էության, հետմահու (1944, 1946): 

Աբեղյանը նաև հայկական վերածննդի տեսության հիմնադիրն է: Աբեղյա´նն է առաջինը ուսումնասիրել արևելահայերենի շեշտադրության համակարգը:

Աբեղյանի «Հայոց լեզվի տաղաչափությունը» (1933) հայ իրականության մեջ անգերազանց է մինչև այսօր:

Աբեղյանը, մեկ ուրիշ համարյա լրիվ մոռացված պատվելի հայ գիտնականի` Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի հետ, հայ քննական-բաղդատական տեքստաբանության հիմնադիրն է: 

Աբեղյանը հրատարակել է քննական-բաղդատական բնագրեր (սրանցից կարևորագույնը Խորենացու «Հայոց պատմությունն», Ս. Հարությունյանի աշխատակցությամբ, ինչի մասին Ս. Մախասյանն իր այս պատմության աշխարհաբար թարգմանության ծանոթագրությունների մեջ «համեստաբար» միայն մի անգամ է հիշատակում): 

Աբեղյանն է կազմել նաև Կորյունի Վարք Մաշտոցի գործի քննական տեքստն (Հայր Միաբանից անկախ) ու սա թարգմանել է աշխարհաբար: 

Աբեղյանն է Կ. Մելիք-Օհանջանյանի հետ կազմել ու հրատարակության պատաստել «Սասնա ծռեր»-ի տարբերակները (1936, 1944-1951):

Աբեղյանը այն օրերի համաշխարհային նորագույն քերականության այսպես կոչված` երիտքերականների (որոնց ամենակարկառուն ներկայացուցիչներն են Աճառյանի ուսուցիչներ` Հայնրիխ Հյուբշմանն ու Անտուան Մեյեն) հետևորդն էր Հայաստանում, ու աշխարհաբար հայերենի առաջին գիտական քերականության հիմնադիրն է: 

Առաջինն Աբեղյանն էր, ով հրաժարվեց հայերենի քերականությունը լատիներենի քերականության կանոններով ձևելուց, ինչը, մեր հունաբանների ու լատինաբանների 15-դարանոց գրապայքարից հետո, դարձել էր մի ուրիշ վնասակար ՙավանդույթ՚: 

Աբեղյանի քերականական հիմնական գործերն են` «Աշխարհաբարի քերականություն»-ը (1906), «Աշխարհաբարի շարահյուսություն»-ը (1912), «Հայոց լեզվի տեսություն»-ը (1931), «Մի քանի քերականական խնդիրների մասին» գործը (1936), «Հայոց լեզվի ուղղագրությունը» (1892), «Գրաբարի համառոտ քերականություն»-ը (1907), «Աշխարհաբարի հոլովները», (1908), «Հայցական հոլովը մեր աշխարհաբարում» (1909) (հենց սրա´ մեջ էր Աբեղյանը ջախջախել Ս. Մալխասյանցի ՙտեսությունը՚, ինչի պատճառով Մալխասյանը Աբեղյանի զինակցից վերածվեց Աբեղյանի երդվյալ թշնամուն): 

Աբեղյանի կարևորագույն գործերից է «Ժողովրդական լեզվի շեշտադրությունը», ինչը, իմ կարծիքով, այդպես էլ եզակի ու առանց շարունակության մնաց հայագիտության մեջ:

Աբեղյանը, բացի սրանք, 1941 թվին հրատարակում է իր ««Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ-Դերկետո դիցուհու արձաններ» գեղեցիկ մենագրությունը, որտեղ ցույց է տալիս, որ այս կոթողների ռուս գիտնականներ` Մառի, Սմիռնովի ու Բ. Պիոտրովսկու մեկնաբանությունները լրի´վ սխալ են: 

Աբեղյանի այս քննությունն ու քննադատությունն էնքան հզոր էր, որ սրանցից ոչ մեկը ծպտուն անգամ չի հանում: 

(Աբեղյանի այս գործն իրոք շատ խորն է ու եզակի, ու եզրակացություններն էլ` մինչև այսօր անառարկելի են, չնայած, ինչքան ե´ս եմ հասկանում, Աբեղյանը ծանոթ չի եղել համեմատական ազգագրության անգլիական դպրոցի հիմնարար աշխատություններին, մանավանդ Ջեյմս Ջորջ Ֆրեզերի (James George Frazer-ի) գործերին, ինչը թե´ զարմանալի է, թե´ հասկանալի, եթե հաշվի առնվի այն օրերի Հայաստանի մեկուսությունը: Զարմանալի է նաև այն հանգամանքը, որ Ֆրեզերը իր Psyche’s Task կարևորագույն գորձի մեջ մի քանի անգամ հիշատակում է Աբեղյանի դեռ նոր հրատարակված «Հայ ժողովրդական հավատալիքը» դիսերտացիան:

(Զարմանալի ու անհասկանալի է նաև ուրիշ մի բան: Ջեյմս Ջորջ Ֆրեզերի գործերն այսօր է´լ են Հայաստանում համարյա անծանոթ): 

Ծպտուն չհանեցին, բայց էս անգամ էլ Բ. Պիոտրովսկի´ն դարձավ Աբեղյանին ու հայերին հակակրող: (Սովետի օրերին Բ. Պիոտրովսկին հեռացույցով մի ժամ խոսեց Ուրարտուի մասին, ու վերջում էլ ավելացրեց, թե «Ուրարտուն Կովկասում է»: Կարծում եմ, որ սա ասածս հակակրանքի բավարար վկայություն է):

21. Աբեղյանի բառարանագիտական գործերն են. Ռուս-հայերեն ռազմական բառարանը (1925), «Ռուս-հայերեն իրավաբանական բառարան»-ը (այլոց հետ, 1919) «Լատին-ռուս-հայերեն բժշկական բառարան»-ը (այլոց հետ, հրատարակվել է հետմահու, 1951-ին):  


– Իրո´ք որ չափազանց տպավորիչ է: Մարդ քիչ է մնում չհավատա, մի՞թե այս ամենը միայն մեկ մարդու աշխատանքի արդյունքն է:

 

– Անկասկած տպավորիչ է, մանավանդ երբ սա համեմատում ես Մալխասյանի, Ղարիբյանի ու Գուրգեն Սևակի գիտական ժառանգության հետ, ինչի գերակշիռ մասը ավելի քան համեստ է: 

Ու մեր նախորդ հարցազրույցներին ասել եմ արդեն, որ Արարատ Ղարիբյանն ու Գուրգեն Սևակը այն օրերի մի քանի ուրիշ ջահել ասպիրանտի հետ 1930 թվից ընկան Աբեղյանի հետեվից, հայտարարելով, թե «Աբեղյանի քերականությունն ու գրականագիտությունը հակադիալեկտիկական, բուրժուական, մախիստական, բերկլինական, իդեալիստական, ֆորմալիստական, բուրժուական են» ևն ու որ «իրանք մերժում են սրանք ու պտի ստեղծեն հայերենի նոր, պրոլետարական քերականություն ու գրականագիտություն»:

Աբեղյանը, ստիպված, թե´ թողեց Համալսարանը (մոտ 50 տարի հայ ուսումնական հիմնարկներում դասավանդելուց հետո), թե´ քերականությունով ու գրականագիտությունով զբաղվելը, մինչեվ իրա մահը:

Աբեղյանն իր այս գործի վերջին մասն արել է իր համար այսպիսի մղձավանջային պայմաններում:

Այս կամպանիան էր պատճառը, որ չնայած Աբեղյանի գիտական վաստակը Աճառյանինից պակաս չի, բայց Աբեղյանին մերոնք կամ քիչ են հիշատակում, կամ էլ այդ հիշատակությունները, համարյա միշտ, բացասական են, ու այն էլ` միայն ուղղագրական ռեֆորմի կապակցությամբ: 

– Պրն Հարությունյան, դուք ինպե՞ս եք գնահատում Աբեղյանին որպես հայագետ, օրինակ, ո՞ւմ վաստակն է ավելի մեծ, Աբեղյանի՞նը, թե՞ Աճառյանինը:

– Մի անգամ մեր վաստակավոր ֆիզիկոսներից հանգուցյալ ակադեմիկոս Գուրգեն Սերոբի Սահակյանը, Վիկտոր Համբարձումյանի գիտական «զինակիցներից» մեկը, հարցրեց ինձ.

– Մերուժան, մեր հայագետներին մի քանի անգամ հարցրել եմ, թե ո՞ւմ գիտական վաստակն է ավելի մեծ, Աճառյանի՞նը, թե՞ Աբեղյանինը, բայց ոչ մի անգամն էլ խելքը գլխին պատասխան չեմ ստացել: Դո՞ւ ինչ կասես:

Ես ասացի.

– Գուրգեն Սերոբիչ, ինքներդ է´լ լավ գիտեք, որ էդ համեմատությունը երևի տեղին չի, որովհետև էրկուսն էլ հզոր են ու էրկուսի վիթխարի վաստակն էլ անուրանալի ա, բայց ասեմ ի´մ տպավորությունը: Սկզբում ես Աճառյանի գործերն եմ կարդացել, ու սրանց էնցիկլոպեդիականությունն ուղղակի ապշեցուցիչ ա: Մարդկանց թվում ա (ու սկզբում ի´նձ էլ էր էդպես թվում), թե Աճառյանի գրքերում գրածը լրիվ հենց Աճառյանի ստեղծածն ա: Սա նույնն ա, թե որ մտածես, որ Լանդաուի ու Լիֆշիցի տեսական ֆիզիկայի բազմահատորյակի ողջ ֆիզիկան հենց Լանդաուի ու Լիֆշիցի ստեղծածն ա: Հետո, երբ կարդացի Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը», էնքա´ն զարմացա, որ քերականությունը կարա էդքան կուռ տրամաբանական կառուցվածք ունենա, որ մտածեցի. «Էս Աբեղյանը ոնց որ ֆիզֆակ կամ մեխմաթ ավարտած ըլնի»: Ասեմ համ էլ, որ Աբեղյանի համարյա բոլոր գործերի շարադրանքն էլ հենց ի´ր հետազոտությունների արդյունքն ա, այնինչ, Աճառանն իրականացրել ա հայերենի վերաբերյալ իր օրերին հայտնի ողջ լեզվաբանությունը հավաքելու ու ամփոփելու իր ծրագիրը:

Պրոֆեսոր Սահակյանը մի քանի վայրկյան մտածեց ու հետո ասաց.

– Գիտե՞ս, Վիկտոր Համազասպիչն է´լ էր (Համբարձումյանը) ասում, թե «հայագետներից միայն Աբեղյանն է, ով երկաթյա տրամաբանություն ունի»:

– Պրն Հարությունյան, այնուամենայնիվ, նույնիսկ արտասահմանում Աբեղյանին իրապես գնահատող չկա՞:

 

ՊԱՏԱՍԽԱՆ – Այսօր չկա, այն պարզ պատճառով, որ մեր այսօրվա սինքրոն լեզվաբանությամբ զբաղվողները միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում ոչինչ չեն հրատարակում: Սրա համար էլ այլազգի լեզվաբաններն այսօր ո´չ հայերեն գիտեն, ոչ է´լ հետաքրքրվում են հայերենի սինքրոն քերականությամբ, ոչ էլ կարդում են Հայաստանում լույս տեսած լեզվաբանական նյութերը: Բայց երբ 1912 թվին լույս տեսավ Աբեղյանի «Աշխարհաբարի շարահյուսությունը» Անտուան Մեյեն Փարիզում իսկույն իմացավ սա, կարդաց այդ գիրքն ու գրեց. «Չնայած Մանուկ Աբեղյանի այս գրքի մի փոքր դպրոցական տեսքին, սա շատ լուրջ գիտական աշխատանք է, և բոլո´ր նրանք, ովքեր շահագրգիռ են հայերենով, պիտի անպայման ուսումնասիրեն այս գիրքը»:

 

– Պրն Հարությունյան, Աբեղյանի քերականական հայացքներին այսօր մեր լեզվաբաններից ո՞վ է հետևում, ո՞վ է շարունակում նրա լեզվաբանական հետազոտությունները:

 

– Պրն Եսայան, արդեն 82 տարի է, ինչ Աբեղյանի քերականությունը չի դասավանդվում Հայաստանի և ոչ մի կրթական հաստատությունում, ու ես դեռ չեմ հանդիպել որևէ հայ լեզվաբանի, ով գոնե կարդացած լինի Աբեղյանի քերականական գործերը, ո՞ւր մնաց Աբեղյանի լեզվաբանական հետազոտությունները շարունակող լինի: Ինչքան էլ տարօրինակ ու գուցե մեծամիտ հնչի, Աբեղյանի քերականական հետազոտությունների միակ հետևորդն ու շարունակողն էլի ե´ս եմ, ֆիզիկո´սս:  Բայց ես այս հետազոտություններն սկսել ու շարունակել եմ միայն և միայն ա´յն պատճառով, որ համոզված եմ եղել ու հիմա է´լ եմ համոզված, որ ինձնից բացի այդ գործը ուրիշ ոչ մեկը չի շարունակի: 


– Մի քանի խոսքով չէի՞ք ասի, ձե´ր հետազոտություններն ի՞նչ արդյունքներ են տվել ու ինչ հեռանկար կունենան:

– Իմ մոտ 30-ամյա (եթե ոչ ավել) լեզվաբանական հետազոտություններն արդեն ամփոփել եմ մի մենագրության մեջ, ինչի վերնագիրն է. «Հայերենի տեսության առանցքային հարցերը: (Լեզվի ցրիվ կարգը, աբեղյանատիպ քննություն` հիմնված Լեզվի Գլխավոր Օրենքի վրա)»:

– Ի՞նչ սպասելիք ունեք ձեր այս մենագրությունից, ի՞նչ եք կարծում, մե՞ծ ազդեցություն կունենա դա, պրն Հարությունյան:

 

– Մենագրությանս ազդեցության մեծն ու փոքրը չգիտեմ, բայց դրա ծավալը հաստատ է մեծ, մոտ 520 էջ, դպրոցի գրքերի ֆորմատով: Սպասելիքս, ցավոք, բացասական է: Համարյա վստահ եմ, որ մեր պաշտոնական լեզվաբանությունը մենագրությունս ուղղակի չնկատելու կտա:


– Մի քանի նոր լեզվաբանական հարց չէի՞ք նշի ձեր գրքից:

 

– Խնդրեմ, նոր են` բառերը դասակարգելու իմ սիստեմը, լեզվի ցրիվ կարգի տեսությունը, տեղառքի կանոնը, հայերենի թվական-գոյականի ու բայի համաձայնության օրենքը, հայերենի հոլովաձևերի թվի վեճի վերջնական լուծումը, հայերենի եղանակիչ նախադասությունները, դերբայներից` հարակատարն ու վաղակատարը լայն իմաստով գոյականի շարքին դասելը, թերբայի գաղափարը, ինվերսիայի կանոնը, Ը-ի կանոնը ևն: 

Ես շարունակել ու առաջ եմ տարել Աբեղյանի գործը, հենվելով հետազոտության հնդեվրոպաբանության ու մանավանդ ժամանակակից լեզվաբանության հիմնադիրներէ Հենրի Սվիթի, Ֆերդինանդ դե Սոսյուրի ու Օտտո Յեսպերսենի ու այլոց գիտական մեթոդի վրա:


– Ի՞նչ դրական նոտայով կավարտեք մեր այս հարցազրույցը:

 

– Ցավոք, դրական նոտայի ոչ մի հիմք չեմ տեսնում: Այս տարի Աբեղյանի ծննդյան 153 ամյակն է, ու այս հոբելայնի սովորականի պես այսքան անշուք տոնելն իմ այս վերջին ասածի վկայությունն է: 

Հազար ափսոս, բայց թացն ու չորն իրարից լավ չջոկելը երևի մեր ազգային գլխավոր «ավանդույթն» է:

Սրա անենացավալի վկայությունն էլ ա´յն հանգամանքն է, որ Աբեղանից ընդամենը մի 5 տարի ավագ ու հայագիտության հիմնադիրներից մեկի` հանգուցյալ Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի հոբելյանը երբեք չի նշվել, ու նույնիսկ Հայր Միաբանի մահվան ստույգ տարեթիվն էլ հայտնի չի (տես «Հայկական հանրագիտարանը»): Այս վերջին փաստից էլ եզրակացնելի է, որ Հայր Միաբանի գերեզմանի տեղն է´լ հայտնի չի, քանի որ դրա վրա մահվան տարեթվը գրված կլիներ:

Այնուամենայնիվ, իմ հույսը, պրն Եսայան, ձեր պես առաջադեմ ջահելներն են: Հույս ունեմ, որ դուք ամեն ինչ կանեք, որ ճշմարտությունը, լինի սա գիտական, թե հասարակական-քաղաքական, մոտ ապագայում Հայաստանում էլ կհաղթի, իմ դրական նոտան սա´ է:

Կարդացեք նաև. Մեր այսօրվա արևելահայերենն ունի 2 իրար հակասող ու բացարձակ անհամատեղելի քերականություն․Մերուժան Հարությունյանի բացառիկ հարցազրույցը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին