Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Կոմանդոսին ցնցել է մեր ժողովրդի հայրենասիրությունը.
«Առաջին անգամ եմ տեսնում, որ երիտասարդ աղջիկներն այսքան մեծ թվով հերթ կանգնեն՝ հայրենիքը պաշտպանելու համար: Օրերս իմ մարտական ընկերներից մեկը եկավ գրանցվեց, որ գնա Արցախ: Երկու օր հետո եկավ իր աղջիկը՝ Անին, թե ես էլ եմ ուզում գնալ: Բոլորին խնդրեցի, որ ծափահարեն նրան՝ այս քայլի համար, քանի որ Ալիևը նրան ու շատերին տեսնելով վախեցավ ու հրադադար հաստատվեց: Ինչ վերաբերում է մեր քաջ զինվորներին, ապա նրանց պետք է ասենք՝ ապրե՛ս, որ դու քո վախը հաղթահարեցիր: Փաստ է, մարդ է, իսկ ամեն մարդ վախ ունի իր մեջ, անվախ մարդ չկա, նորմալ երեւույթ է: Վախը երկու կողմ ունի, մեկը ստիպում է պաշտպանվել, մյուսը՝ փախչել»:
Նրա կարծիքով՝ այս պատերազմը Ադրբեջանին ձեռնտու չէր.
«Հարևաններն Ադրբեջանին ստիպեցին դուրս գալ ոչ թե Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի դեմ: Ադրբեջանը հերթական կեղտոտ, ստոր քայլը կատարեց: Ալիևը խաբեց Ռուսաստանին, քանի որ խոստացել էին չօգտագործել ժամանակակից այդ զենքերը: Իսկ, թե ինչու չպահեց խոստումը, թող ՌԴ պաշտպանության նախարարն ու ղեկավարությունը պարզեն»:
Արցախյան ազատամարտի հերոսի խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմը կհանգեցնի մեծ զոհերի.
Արցախը շատ մարդկային կորուստ կունենա, իսկ Ադրբեջանը կոչնչանա, դա կլինի նրա վերջը: Ադրբեջանը նստած է նավթի վրա և եթե այդ երկրի վրա ուղարկես մի քանի հրթիռ, ապա նրա տարածքի 30-40% ը կարելի է ոչնչացնել»:
Կոմանդոսը պնդում է՝
«Չի կարելի մի սանտիմետր տալ կամ հետ գնալ, կամ փոխարինել այլ տարածքներով. Ռուս քաղաքագետների խոսքերով Ռուսաստանը ասում է, որ ամենադժվար կացությունն իրենցն է, քանի որ Հայաստանն իրենց ռազմական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը: Դե եկ հասկացիր, թե Ռուսաստանն ում կողմից է: Շատ դժվար է հասկանալ: Այդ հավասարությունը մեզ վնասում է: Եթե տարածքային զիջումների կամ փոխանակումների գնանք, հակառակորդին թույլ կտանք, արագ մեզ մոտենալ ու խեղդել: Սա է թուրքերի երազանքը»:
Արցախյան ազատամարտի հերոսն անդրադարձավ նաև հակառակորդի անօդաչու սարքերին.
«Ես վերջերս եմ խոսել Կարեն Վարդանյանի հետ, ով տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունն է ղեկավարում ու զարմացած էի, որ ասում է՝ կա անտարբերություն այդ զինտեխնիկայի նկատմամբ: Նա ասաց՝ ոչ ոք չի ուզում: Մինչդեռ, ընդհակառակը, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդ սարքերը մեզ պետք են»,-նշեց Կոմանդոսը:
Անի Կարապետյան