«Ինքնարարում»` բավական ճոռոմ ու հնարածին անվամբ հեռուստահաղորդման շրջանակներում զրուցում են երկու բանաստեղծներ:
Մեկը նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, մյուսը՝ գործող պաշտոնյա: Խոսքը Հակոբ Մովսեսի եւ Հրաչյա Թամրազյանի մասին է:
Դե, ընկեր բանաստեղծներ են, սերնդակիցներ են, Հ. Մովսեսը հարց է տալիս, Թամրազյանն էլ պատասխանում է, որի ծննդյան 60-ամյակին է նվիրված «Ինքնարարումը»-ը:
Մինչ բանաստեղծական մտորումներին ծանոթանալը հեռուստաէկրանին տեսնում են փողոցում փակցված մի կայքի գովազդային վահանակը:
Տխուր, ռաբիս, անբովանդակ մի կայք, որտեղից ամեն օր մարտնչող տգիտություն է ծորում:
Բանաստեղծները խոսում են վեհ, անանց արժեքների մասին, ինքնահիացումով հաստատում մեկը մյուսի կարծիքը, արծարծում են հավերժական թեմաներ ու խորանում-հասնում մինչեւ «հարասություններ»…
Իսկ մինչ այդ, ինչպես նկատեցինք՝ մարտնչող տգիտությունը ցուցանող կայքի գովազդն էին ցուցադրում:
Բանաստեղծները հասել են փիլիսոփայական ընդհանրացումների, հատել մտածողության հնարավոր եւ անհնար սահմաները՝ ներշնչված զրուցելով բարձր արժեքների շուրջ:
Դե, մտածում ես հաղորդումն այդպես էլ կշարունակվի:
Բայց ո՛չ:
Հանկարծ հաղորդման շրջանակներում ցուցադրում են Մատենադարան այցելած երկրի ղեկավարին պատկերող կադրեր, որտեղ տեսնում ենք բանաստեղծ-տնօրենի «մատների թաթերի վրա» ձիգ ու զգաստ, հաճոյացող ու դեմքին ժպիտ նկարած կերպարանքը:
Այս կադրերը այնքան երկար են ձգվում, որ կարծես թե դրանով էլ ավարտվում է «Ինքնարարումը»:
Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը երկու բանաստեղծների զրույցի «արանքում»:
Եվ ընդհանրապես, դեռ հարց է՝ Սերժ Սարգսյանը գիտի՞, որ իրեն էլ են ներգրավվել բանաստեղծական զրույցի մեջ:
Նման հաղորդում կարող է պատրաստվել եւ եթեր հեռարձակվել միայն Հանրային հեռուստաընկերության պատվերով՝ երկրի ղեկավարի հանդեպ ջաղինյանական անհուն քծնանքի շրջանակներում:
Հեղինակ`
Մերի Նահապետյան