▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացի

Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար, համոզված է Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում վերլուծաբանը նշեց, որ համաձայնագրի իրականացման եւ Իրանից որոշ պատժամիջոցների հանման դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը առեւտրի, փոխադրումների եւ տեխնոլոգիաների ոլորտում.

«Իրանի հետ առեւտուրը Հայաստանի արտաքին առեւտրի ընդամենը 5 տոկոսն է կազմում, ինչի պատճառը պատժամիջոցներն էին. այսպիսով, Իրանից պատճամիջոցները հանելուն պես Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն»:

Դրան գումարած՝ Հայաստանն իրական հնարավորություն է ստանում իր տարածքով իրանական գազ տեղափոխել դեպի Եվրոպա, ինչն իրական է նույնիսկ Ռուսաստանի հակազդեցության դեպքում.

«Ես միանշանակ Հայաստանին կխրախուսեի քննարկել Իրանի եւ Վրաստանի հետ իրանական էներգակիրների իր տարածքով փոխադրման հնարավորությունները»:

Ընդհանուր առմամբ, Սթրոնսկիի կարծիքով, համաձայնագիրը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Համաձայնագրին այլ կերպ է նայում նախկինում ռազմական փորձագետ,  իսկ ներկայում` Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկը, ում կարծիքով, ամեն ինչ կապված կլինի Թեհրանից: Մասնավորապես, պատժամիջոցների մի մասի վերացման դեպքում Իրանն իրավունք կստանա ազատորեն վաճառել նավթ եւ գազ, որից մոտավոր հաշվարկներով 150 միլիարդի հավելյալ եկամուտ կստանա:

Վերլուծաբանի կարծիքով, այդ գումարի մի մասը կարող է օգտագործվել հարեւանների թվում իրանական ազդեցության ավելացման համար.

«Իրանը կփորձի ավելացնել սեփական դերակատարությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն, հնարավոր է անի դա ավելի քաղաքակիրթ մեթոդներով»:

Այսպիսով, Բլանկի խոսքով, համաձայնության արդյունքում Իրանը կարող է փոխվել եւ այդ դրական փոփոխությունը տարածել հարեւանների վրա: Իսկ կարող է ընդհակառակը` հավատարիմ մնալ նույն սկզբունքներին եւ նավթից ստացվող դոլարների շնորհիվ ավելի մեծ ծավալներով հովանավորել Համաս ու Հեզբոլահ ահաբեկչական խմբավորումներին.

«Եթե Իրանը հավատարիմ մնա բարիդրացիական հարեւանության սկզբունքներին եւ չփորձի իշխանափոխություն կազմակերպել հարեւան պետություններում, ինչը դեռեւս մեզ անհայտ է, ապա միջուկային ծրագրի շուրջ այս համաձայնագիրը դրական կանդրադառնա Հարավային Կովկասի երկրների վրա, հակառակ դեպքում՝ ազդեցությունը բացասական է լինելու»:

Երկու մասնագետը համամիտ են մեկ բանում՝ հայ-իրանական հարաբերությունները համաձայնագրի վավերացման դեպքում որեւէ կերպ չեն տուժի, այլ՝ ընդհակառակը, կշահեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին