▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պատմել պատանիներին հակաբեղմնավորիչների մասին

Սեռական դաստիարակության կարևորագույն բաղադրիչն է հակաբեղմնավորիչների մասին զրույցը պատանիների հետ: Որպեսզի պատանին հասկանա, թե ինչ է հակաբեղմնավորիչը, նա պետք է իմանա ինչ է բեղմնավորումը:

Ընդհանրապես բազմաթիվ մասնագետների և գիտնականների կողմից ապացուցված է, որ միակ միջոցը, որ ապահովում է 100% պաշտպանություն հղիությունից դա ժուժկալությունն է (աբստինենցիա, կամ սեռական հարաբերություն չունենալը): Սեռական կյանքի սկսել-չսկսելը սերտորեն կապված է պատանիի  ինքնագնահատականից, ինքնավստահությունից: Ապացուցված է, որ գիտակից, տեղեկացված (այս ոլորտից) պատանին ավելի ուշ է սկսում սեռական կյանքը, քան նրանք, ում հետ չի տարվել զրույց սեռական դաստիարակության թեմայի շուրջ:

Մեծ է  ծնողների դերը  պատանիի բարձր ինքնագնահատականի և ինքնավստահության ձևավորման մեջ: Կարևոր է, թե ինչքան է պատանին վստահում ծնողին, որքան ազատ է նա իրեն զգում ծնողների հետ քննարկելու սեքսի հետ կապված հարցերը: Հնարավոր է, որ ծնողը ամոթխածություն զգա պատանիի հետ հակաբեղմնավորիչների մասին խոսելիս: Դրա համար կան հատուկ նյութեր, մշակված բժիշկների, հոգեբանների,  մանկավարժների և մասնագետների կողմից, որոնք արտասահմանում կոչվում են sex educator-ներ (բառացի՝ սեքս կրթողներ):

Ծնողները կարող են դիմել այդ նյութերին և աննկատ տրամադրել դրանք պատանիին: Իսկ եթե ծնողն ուզում է ինքը խոսել պատանիի հետ հակաբեղմնավորիչների մասին, ապա շատ կարևոր է, որ հենց ծնողը լավ իրազեկված լինի նրանց մասին: Չէ որ կան շատ միֆեր հակաբեղմնավորիչների վերաբերյալ:

Հակաբեղմնավորիչների տեսակներ.

Հակաբեղմնավորիչ սպեղանի. սպեղանին պարունակում է հորմոններ (էստրոգեն, պրոգեստերոն), որոնք կանխարգելում են ձվազատումը՝ օվուլյացիան, հետևաբար տեղի չի ունենում բեղմնավորում: Հակաբեղմնավորիչ սպեղանին փակցվում է դաշտանի առաջին օրը կամ դաշտանը սկսելուց հետո առաջին  կիրակին: Սպեղանին փոխվում է ամեն շաբաթ երեք շաբաթվա ընթացքում, չորրորդ շաբաթը սպեղանին չի փակցվում և սկսվում է դաշտանը: Սպեղանին փակցվում է հետևյալ հատվածներից որևէ մեկին՝ որովայն, բազուկի վերևի մաս, նստատեղ կամ մեջքի վերին հատված: Սպեղանին ինքնին կարող է ունենալ նշանակման հակացուցումներ և կողմնակի ազդեցություն: Այդ իսկ պատճառով պետք է անպայման խորհրդակցել մասնագետի հետ:

Հակաբեղմնավորիչ հաբեր (ՀԲՀ). ազդեցության մեխանիզմը նման է հակաբեղմնավորիչ սպեղանիին, այսինքն հաբերը պարունակելով հորմոններ, թույլ չեն տալիս, որ տեղի ունենա ձվազատում:  ՀԲՀ լինում են երկու տեսակի՝ 21 և 28 հաբերով: Առաջինը ընդունվում է 7-օրյա ընդմիջմամբ, իսկ երկրորդի վերջին 7 հաբերը հորմոն չեն պարունակում իրենց մեջ (пустышка): ՀԲՀ այլ տեսակ են հաբերը, որոնք պարունակում են պրոգեստերոնի փոքր քանակություններ՝ մինիհաբեր:

Արդյունավետ լինելու համար նրանք պետք է ընդունվեն ամեն օր նույն ժամին, առանց ընդմիջման: Ազդում են լորձաթաղանթի կառուցվածքը փոփոխելով, թույլ չտալող, որ բեղմնավորված ձվաբջիջը ներդրվի արգանդի լորձաթաղանթի մեջ: Իրենց արդյունավետությամբ զիջում են ՀԲՀ, որոնք պարունակում են և էստրոգեն, և պրոգեստերոն: ՀԲՀ-ի երկու տեսակն էլ պետք է ընդունվեն ամեն օր, անկախ նրանից, լինելու է սեռական հարաբերություն, թե ոչ: Պետք է հիշել, որ հակաբեղմնավորիչ հաբերը ՉԵՆ պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից: Հորմոն պարունակող հակաբեղմնավորիչների էֆֆեկտիվությունը հետևյալն է. մեկ տարի օգտագործելու դեպքում 100-ից 8 դեպքում հնարավոր է հղիացում:

 

Հակաբեղմնավորիչ օղ. ազդեցոթյան մեխանիզմը երկակի է: Պարունակելով հորմոններ, ընկճում է ձվազատումը, և հաստացնելով արգանդի վզիկի լորձաթաղանթի շերտը մեխանիկական խոչընդոտ է ստեղծում սերմի ներթափանցման համար արգանդի խոռոչ: Օղը տեղադրելուց հետո հակաբեղմնավորիչ ազդեցությունը սկսում է մոտ մեկ շաբաթ անց, այդ իսկ պատճառով այդ մեկ շաբաթվա ընթացքում սեռական հարաբերություն լինելու դեպքում պետք է օգտագործել ալտերնատիվ միջոց՝ պահպանակ: Օղի դիրքը էական չի հակաբեղմնավորիչ ազդեցության էֆեկտիվության առումով: Եթե կինը իրեն հարմարավետ չի զգում, ապա կարող է փոխել օղի դիրքը: Եթե ինչ-ինչ պատճառներով օղը դուրս է եկել, այն պետք է ցողել գոլ ջրով (ոչ տաք!) և կրկին տեղադրել երեք ժամվա ընթացքում: Եթե օղը դուրս է եկել այն կրելուց երեք շաբաթ անց, պետք է խարհրդակցել բժշկի հետ. հնարավոր է անհրաժեշտ լինի նոր օղ դնելու: Էֆեկտիվությունը նույնն է ինչ հորմոն պարունակող այլ հակաբեղմնավորիչներինը, որոնք բոլորն էլ ունեն ընդհանուր կողմնակի ազդեցություններ.

անկանոն մենստրուալ արյունահոսություն

սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ

կրծքերի զգայունություն

արյան մակարդուկներ

Իսկ այս կողմնակի ազդեցությունները բնորոշ են միայն հակաբեղմնավորիչ օղերին.

հեշտոցի գրգռվածություն կամ վարակ

հեշտոցային արտադրություն

խնդիրներ կոնտակտային լինզաներ օգտագործելիս

Օղը ցանկալի տարբերակ է այն կանանց համար, ովքեր հաճախ մոռանում են խմել հաբերը: Եվ այնուամենայնիվ, կան բժշկական հակացուցումներ հակաբեղմնավորիչ օղի օգտագործման համար և պետք է խորհրդակցել բժիշկի հետ:

Հակաբեղմնավորիչ ներարկում. կատարվում է պրոգեստերոնի ներարկում, ինչը խոչընդոտում է ձվազատմանը: Հակաբեղմնավորիչ ներարկումն ունի բավականին բարձր էֆեկտիվություն. մեկ տարի անընդմեջ օգտագործելու ընթացքում 100 կանանցից 3 մոտ կարող է առաջանալ հղիություն: Ներարկումներն արվում են 3 ամիսը մեկ անգամ: Հղիանալու հավանականությունը մեծանում է, եթե հաջորդ ներարկումը հետաձգվում է: Պետք է նորից շեշտել, որ բոլոր հորման պարունակող հակաբեղմնավորիչները չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից: Այդ իսկ պատճառով նրանք ավելի նպատակահարմար են մեկ, ՎՍՏԱՀԵԼԻ սեռական զուգընկեր ունենալու դեպքում:

Հավանական կողմնակի ազդեցություններ.

անկանոն դաշտանային ցիկլ կամ նրա բացակայություն

դեպրեսիա

քաշի ավելացում

կրծքերի զգայունություն

գլխացավեր

Հետազոտությունները ցույց են տվել, որ հորմոնների երկարատև սրսկումները հանգեցնում են ոսկրերի խտության անկման, որը վերականգնվում է ներարկուները դադարելուց հետո:

Ծխող կանայք պետք է տեղեկացնեն դրա մասին բժիշկին, քանի որ ծխելը էլ ավելի է նպաստում ոսկրերի խտության անկմանը, ինչպես նաև կողմնակի ազդեցությունների հաճախականացմանը:

Աղբյուրը` sexeducationblog.wordpress.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին