Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
«Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝ առանց մանիպուլյացիայի կամ փոփոխությունների։
Երբ հարթակներում տեղի են ունենում տարօրինակ փոփոխություններ, հանրության մոտ անվստահելիություն է առաջանում պետական կառույցների կողմից տրամադրվող տվյալների անկողմնակալության և ազնվության մասին։
Վերջին այս դեպքը, երբ իմ հարցման պատասխանի հերթականությունը փոխվեց, ստեղծվեց այնպիսի իրավիճակ, թե ես ներկայացնում եմ մոլորեցնող կամ սխալ տեղեկատվություն։
Սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլև հստակ ազդանշան, որ պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը։
Այս դեպքը, ցավոք, եզակի չէ։ Ավելի վաղ արձանագրվել են նմանատիպ այլ դեպքեր՝
1. Գայի արձանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների վճարված ակտերի անհետացումը գնումների կայքից...
2. Փակ շուկայի դիմացի գետնանցման կատարողական ակտերի վերաբերյալ դեպքը, երբ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը իմ հրապարակած տեսանյութի մեկնաբանություններում հերքեց դրանց գոյությունը, որից հետո տվյալները կայքից անհետացան։
Այս դեպքերը պարզ օրինակ են, թե ինչպես թափանցիկության պակասը կարող է վնասել ոչ միայն հանրային վստահությանը, այլև խոչընդոտել հասարակության իրավունքի իրացմանը՝ ստանալ ճշգրիտ տեղեկատվություն, կամ տվյալների փոփոխությունը կարող է օգտագործվել որոշակի շահերի համար՝ կեղծ պատկեր ստեղծելով իրականության մասին»։