Հայ-ռուսական ներկա ոչ բնականոն, վասալային հարաբերությունների հիմքերն այսօր չեն, որ դրվել են ու սոսկ մի իշխանություն չէ, որ դրա համար պատասխանատու է:
Անբողջ քաղաքական համակարգի իմպոտենտությունն ու անորակությունը հանգեցրեցին նրան, որ անցյալ տարի այս օրերին՝ սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի շուրթերից Մոսկվայում հնչեց հայտնի հայտարարությունը:
Ընդ որում, այդ հայտարարության բովանդակությունից շատ ավելի սարսափելի էր դրա մատուցման ձևը, 180 աստիճանանոց շրջադարձի անբնականությունը, պարտադրողի ցինիզմն ու պարտադրվողի խեղճությունը:
Մոսկվան այն քիչ վայրերից մեկն էր, որտեղ Սերժ Սարգսյանը, թերևս, ներկայացնում էր քաղաքական ողջ համակարգն ու հասարակության զգալի մասին:
Եթե մի կողմ թողնեք «Ժառանգության» անօգնական բողոքը, խորհրդարանական տիտղոսակիր ընդդիմությունը լռությամբ կամ ծափերով ողջունեց սարգսյանական եվրասիականությունը:
Էապես լյումպենացած մեր հասարակության մեծամասնության արձագանքը արդարացված-կենցաղային էր. մոսկվաներում հայտնված մեր հայրենակիցներին ձեռ տվող չի լինի, կաշխատեն, փող կուղարկեն, կապրենք...
Նույնիսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով օբյեկտիվորեն գոնե մինչև վերջերս վեր էի կանգնած քաղաքական ռաբիս համակարգից ու լյումպենացող հասարակությունից, երեք ամիսը մեկ անգամ իր տնից դուրս գալու առիթն օգտագործեց, որպեսզի իր գրասենյակից հորդորի թթու խոսք չասել Պուտինի հասցեին:
Տեր-Պետրոսյանին պատահաբար չհիշեցի. նրա կառավարման առաջին տարիներին, հայ-տուսական հարաբերություններն իդեալական էին՝ այնպիսին, ինչպիսին կուզենայի տեսնել այսօր:
Սակայն 1996-97թթ-ից սկսած՝ ամեն բան փոխվեց. նախ ԼՂ խնդրի չկարգավորվածությունը, ապա իշխանության որակական անկումը հանգեցրեցին գործընկերային հարաբերությունների խաթարմանն, որն իր արտացոլումը գտավ Մեծ պայմանագրում ու հայ-ռուսական հարաբերություններում՝ առհասարակ:
1998-ի իշխանափոխությունը, Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման ավտորիտար մշակույթն ավելի մեծ կախվածություն առաջացրեցին Մոսկվայից, որտեղ տերուտնօրենն արդեն Վլադիմիր Պուտինն էր՝ իր դեմոկրատուրայով(այս բնորոշումը տրվում է այն ռեժիմներին, որոնք միանգամայն լեգալ ճանապարհով կարող են գալ իշխանության՝ ոչնչացնելով դեմոկրատական ինստիտուտները):
Սակայն, բացասական իմաստով, շրջադարձային դարձավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն, որն, ըստ իս, հյուսիսից արձակված ամենամահացու հարվածն էր մեր պետականության, նրա իմունային համակարգի ուղղությամբ:
Հատկապես այս իրադարձությունից հետո սկսվեց Հայաստանի «ռուսականացման» տոտալ գործընթացը, որի վերջակետը դրվեց սեպտեմբերի 3-ին...