Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ.
Հայկական չդադարող հարցը Սբ. Ստեփանի անունը կրող երկու քաղաքների միջև
Հայկական հարցը դիվանագիտության մեջ առաջին անգամ հայտնվեց Սան-Ստեֆանոյի պայմանագրում, և այդ օրվանից, անկախ պատմական կոնկրետ շրջանում ստացած ձևակերպումից՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների հարց, համիդյան ջարդեր, առաջին Ցեղասպանություն, սումգայիթյան ջարդեր, Բաքվի ջարդեր, թե արցախյան պատերազմ, միշտ եղել է նույնը՝ պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու հայերի իրավունքի հիմնահարցը։ Սան-Ստեֆանոյում ծնված Հայկական հարցը շարունակում է մեզ հետ մնալ մինչ օրս՝ անկախ այն փակելու, մոռանալու և նույնիսկ խմբագրելու պատմական ու ժամանակակից փորձերից։
Հայկական հարցն ինչպես նախկինում, անպես էլ այսօր ունի երկու օբյեկտ-շահառու՝ հայերն ու հայերի թշնամիները։
Մեր թշնամիների համար Հայկական հարցի լուծում է հանդիսանում այն, ինչը պարտադրեցին Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագրով, որը նախատեսում էր 10 հազար քռ. կմ տարածքով Հայաստան, և որի մասին պատմաբան Լեոն ասում էր` «ապրելու համար փոքր է, որպես գերեզման` մեծ է»: (Հայրենիքը քռ. կիլոմետրերով չափելը ահա այսպիսի պատմական աղետալի նախադեպեր է ունեցել):
Առ այսօր մեր թշնամիների պլաններն ու նպատակները չեն փոխվել։ Նրանց պարտադրանքով՝ 1920թ. Հայաստանի կառավարությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը և նույնը փորձում են անել այսօր։
Հայկական հարցի լուծման երկրորդ շահառուն հայերն են։
Հայերը երբեք հաշտ չեն եղել Հայկական հարցի հետ: Անցած 150 տարվա ընթաքում այդպես էլ չի ձևավորվել և չի ձևակերպվել գիտակցում, որ մեր՝ հայերիս, ազգային ինքնության ողնաշարը հենց Հայկական հարցն է։ Հայկական հարցի շուրջ է կառուցված հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողությունը, պատմությունն ու ինքնության ճարտարապետությունը։ Պատմականորեն հայկական քաղաքական ուժերը համախմբվել կամ պառակտվել են Հայկական հարցի շուրջ: Հայկական հարցն է եղել Առաջին Հանրապետության և նույնիսկ Սովետական Հայաստանի փիլիսոփայական հենքը: Հայրենադարձությամբ, Ցեղասպանության հուշահամալիրի կառուցմամբ՝ Սովետական Միությունը ևս ընդունեց, որ Հայաստանի հիմքը Հայկական հարցն է։ Ավելորդ է ասել, որ Հայկական հարցը նաև Երրորդ Հանրապետության ստեղծման հիմքում է՝ ի դեմս Ղարաբաղի: Հայկական պահանջատիրությունը մինչև օրս դրսևորվում է Հայաստանի զինանշանի վրա: Մեր ամեն ինչն է դրա շուրջ և դրա մասին՝ անկախ այն հանգամանքից ընդունում ենք այս փաստը, թե՝ հերքում։ Եվ մի բան հստակ է. Հայկական հարցի էությունը, պատմությունը կամ սիմվոլները խմբագրելով կամ պիտակավորելով հարցը փակելն անհնար է։ Ասածիս ապացույցը հայերի շուրջ ստեղծված իրականությունն է՝ 1878 թվականին Սան-Ստեֆանոյից մինչև մերօրյա Ստեփանակերտ։
Անցած 150 տարում չեն փոխվել ո՛չ թշնամու պլանները, ո՛չ էլ Հայկական հարցի էությունը։ Փոխվել է Հայկական հարցի աշխարհագրությունը:
Մեկ ուրիշ կարևոր բան էլ է փոխվել. Հայկական հարցի և հայ լինելու ծանրության տակ ստեղծվել են նոր հայեր, ովքեր միայն ծագումնաբանությամբ են հայ: Այս մարդիկ չունեն ազգային արժանապատվություն, ինքնություն ու հիշողություն: Չունեն իրենց իսկ ընտրությամբ, որովհետև այդպես են որոշել և համարում են, որ առանց դրանց ապրելը հեշտ է: Ես նրանց կկոչեի «հայախոսներ», որովհետև նրանք հայ են այնքանով, որքանով ընդամենը խոսում են հայերեն:
Նրանք, ովքեր հասկանում են ինչ է Հայկական հարցը և կրում են այդ հարցի էությունը՝ ինստիտուցիոնալ, գենետիկ և հոգևոր մակարդակով, գիտեն պատմություն, եկեղեցու հետևորդ են՝ տրադիցիոն և ոչ,
նույնիսկ եթե անհավատ են, բայց արժևորում են պատմությունն ու պատմության մեջ ինստիտուտների դերը, այս բոլոր մարդիկ հայերն են։ Իսկ այս արժեքները հերքողները «հայախոսներն» են, ովքեր մերժում են, ծաղրում են ազգայինը, հայտարարում են, թե դա ժամանակավրեպ է ու հնաոճ:
«Հայախոսները» թուրք չեն, նրանք ամեն ինչով հայ են՝ լեզվով, խոսքով, դեմքով, ամեն ինչով, բայց էությամբ հակահայ են։ Նրանք Հայկական հարցը մոռանալու կամ թշնամու օգտին լուծելու հետ կապված խնդիր չունեն, որովհետև, ինչպես նշեցի, չունեն ինստիտուցիոնալ, գենետիկ և հոգեևոր կապ հայկականության հետ, նրանք խզել են այդ կապը՝ հրաժարվելով ինքնությունից: «Հայախոսներն» անազգ են, նրանք մտել են մեր մեջ ու ներսից քանդում են երկիրը։
Սան-Ստեֆանոյից մինչև Ստեփանակերտ կա երկու կռիվ. Հայկական հարցը ուժով լուծող թշնամիների կռիվը հայերի դեմ (ի դեպ, թշնամիները պատմության ընթացքում փոխվում են, բայց նրանց նպատակներն ու թիրախները՝ ոչ): Եվ երկրորդը, որը ներսից քանդում է Հայաստանն ու հայությանը, հայերի ու «հայախոսների» կռիվն է: Հայերը պայքարում են հայկական ինքնության պահպանման համար, յուրքաչյուրը իր մեթոդներով՝ պատերազմով, խաղաղությամբ, բանակցություններով, իսկ «հայախոսները» կռվում են հայերի դեմ, նրանք չեն համարում, որ սահմաններից դուրս ունեն թշնամի, նրանց թշնամիները երկրի ներսում են: Հայերն անընդհատ կաշկանդվում են հանրայնացնել այս ներքին կռիվը, ինչի արդյունքում «հայախոսներն» այսօր օբյեկտիվորեն շատացել են, կամ առնվազն նրանց ձայնը դարձել է ավելի լսելի։ Եվ մենք պետք է ընդունենք այս փաստը։
Պետք է խոստվանենք, որ Սան-Ստեֆանոյից մինչև Ստեփանակերտ մենք ոչ միայն կորցրել ենք մեր պատմական հողերի մեծ մասը, կորցրել ենք նաև հայերի մի ստվար զանգվածի ու քանի որ չենք ունեցել խիզախություն հայտարարելու, որ երկրի ներսում էլ կան վատ հայեր, այդ մարդիկ շատացել են ու դարձել են օրակարգ թելադրող։
Այս իրավիճակն ունի մեկ լուծում։ Հայերը պետք է միավորվեն և լռեցնեն «հայախոսներին»:
Պետք է միավորվել՝ անկախ քաղաքական հայացքներից, ճամբարներից, անկախ նրանից նախկինում իրար մասին ինչ ենք ասել, անկախ նրանից առաքելական ենք, թե բողոքական, սփյուռքի ներկայացուցիչ ենք, հայաստանցի, թե ղարաբաղցի, լիբերալ ենք, թե պահպանողական, «սորոսական» ենք, թե ռուսամետ, եղել եք «խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» գաղափարախոսության կրողը, թե միայն խաղաղության կամ միայն պատերազմի։ Հայերը պետք է համախմբվեն, սկսեն պաշտապանել հայկական ինքնությունը, որպեսզի կարողանան լուծել Հայկական հարցը։ Հակառակ դեպքում, կհայտնվենք նույն ստատու-քվոյում, ինչ 150 տարի առաջ, որը սկսել է Սան-Ստեֆանոյում և չի ավարտվելու Ստեփանակերտում։ Նույնիսկ չի ավարտվելու Գորիսում, Ջերմուկում ու Շորժայում։ Ստեփանակերտը ընդամենը ժամանակավոր կանգառ է Երևան եկող ճանապարհին։ Սրանք ապագայի հոռետեսական կանխատեսումներ չեն, այլ փաստեր, որոնք, ցավոք, չեն դադարում իրականություն դառնալ՝ անկախ նրանից որքան ուժգին ու մասսայաբար ենք հերքում դրանք:
Լուծումը, իսկապես, մեկն է. պետք է դադարենք կռվել իրար դեմ, պետք է լռեցնենք հայկական ինքնությունը դավաճանածներին՝ բացելով պատուհան Հայկական հարցի դիվանագիտական լուծման համար։
Եվ այո՛ Հայկական հարցն ունի դիվանագիտական լուծում։ Այսօր դեռ ունի։