▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը մեկ քայլ առաջ է Ադրբեջանից ու Վրաստանից

Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ են կատարվել: Եթե նախկինում մինչև ատենախոսության պաշտպանությունը գիտությունների թեկնածուից 3 գիտական հոդված էր պահանջվում, որոնք միջազգային որևէ ամսագրում պետք է տպագրված լինեին կամ ՀՀ-ում ԲՈՀ-ի կողմից ընդունելի պարբերականներում, ապա այժմ մենք հստակեցրել ենք միջազգային բառը.միջազգային են այն գիտական պարբերականները, որոնք ընդգրկված են աշխարհի ամենաուժեղ, ընդգրկուն շտեմարաններում՝Web of Science, Scopus,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ սա արված է, որպեսզի ՀՀ-ում գիտությունը հավասարապես քայլի աշխարհի գիտության հետ.

«Մենք չենք կարող կղզիանալ»,-նկատեց Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով.

«Մեզ մոտ շատ ավելի լավ են զարգացած բնագիտական, քան հումանիտար, հասարակագիտական ուղղությունները, ուստի Կառավարությունը գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում նախատեսեց բացառություն այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում իրենց աշխատանքները տպագրել միջազգային հեղինակավոր ամսագրերում: Նրանց թույլատրվեց 6 հոդվածով գնալ պաշտպանության»:

Անդրադառնալով գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալուն՝ ԲՈՀ-ի նախագահի տեղակալը նշեց, որ նախկինում պահանջվում էր 20 գիտական հոդված, որից 5-ը պետք է տպագրված լիներ միջազգային հեղինակավոր ամսագրում, իսկ այժմ հստակ ասել են, որ ՝Web of Science, Scopus-ում ընդգրկված ամսագրերը պետք է լինեն: իսկ դրանց թիվն ամբողջ աշխարհում հասնում է մոտ 30.000-ի.

«Հայկական ամսագրերից 4-ն են ընդգրկված այս շտեմարաններում և վերաբերում են բնագիտությանը: Համեմատության համար ասեմ, որ այս 2 շտեմարաններում ընդգրկված են 3 վրացական և 2 ադրբեջանական ամսագրեր: Այսինքն, այս առումով ՀՀ-ն մեկ քայլ առաջ է»,-նշեց Ատոմ Մխիթարյանը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Սամվել Խուդոյանն էլ իր անհանգստությունը հայտնեց գիտության մի շարք կարևոր ճյուղերի  մասին, որոնք մահացած են, անգամ թեկնածու չկա.

«Ռազմական հոգեբանությունը, որը շատ կարևոր է մեր երկրի համար, ոչ մի դոկտոր չունի: Նույնը նաև զոոհոգեբանության, արվեստի հոգեբանության, նեյրոհոգեբանության, տնտեսական հոգեբանության, հոգելեզվաբանության դեպքում: Չգիտեմ, թե այս խնդիրն ինչպե՞ս կարելի է լուծել»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին