Երբ լսում ես, թե որքան կոռեկտ հարցեր են տալիս լրագրողները, որոնցում անգամ հեգնանք չկա, այլ լավագույն դեպքում սրություն, ու լսում ես, թե ոստիկանապետի կողմից ինչ խայտառակ ու անձնապես վիրավորող պատասխան է հնչում լրագրողական դաշտի լավագույն լրագրողներից մեկի՝ Սիրանույշ Պապյանի վերին աստիճանի կոռեկտ հասցեին /ի դեպ՝ վստահ եմ, պատասխանը բոլորին էր վերաբերում/, երբ տեսնում ես պաշտոնյայի խռոված կեցվածք՝ ինչ է թե հասարակության աչքերին երկրի բարեփոխումները չեն երեւում, երբ տեսնում ես, որ ոստիկանությունը փորձում է թելադրել, թե լրատվամիջոցներն ինչպես աշխատեն, հետեւյալ հարցերն են առաջանում պարոն Գասպարյանին.
-ո՞վ է մեղավոր, որ ոստիկանների պահվածքը հանրահավաքից հանրահավաք գրգռում է հասարակությանն իր անհասկանալի դրսեւորումներով. լրագրողնե՞րը, որ արձանագրում եմ այդ ամենը, թե՞ հրաման տվողները,
- ո՞վ է մեղավոր, որ դուք չեք ցանկանում ընդունել տեսագրությունների անառարկելի փաստը, որտեղ երեւում է, թե ինչպես են լրագրողները հայտարարում իրենց ինքնության մասին, բայց ոստիկանները շարունակում են բերման ենթարկել նրանց,
-ի՞նչ կապ ունեն ընտրությունների ժամանակ քաղաքացի-դիտորդ- լրագրողների բեջերը ապրիլյան պատերազմի մերկացրած այն խայտառակ փաստերի ու իրողությունների հետ, որոնք վերաբերում են մեր անվտանգությունը վտանգող պետական դրսեւորումների հետ, կամ այն լրագրողների հետ, որոնց դուք վիրավորում եք,
Ցավալի է, որ ժողովրդավարական հռչակված պետության մեջ այսպիսի դրսեւորումներ կարող են լինել, որոնք արդեն խնդիր են պատերազմի չնվազող սպառնալիքի ներքո գտնվող հասարակության հետագա կոնսոլիդացիայի համար:
Մտածեք այս մասին:
Ոչ մեկ մեղավոր չէ, որ հարցեր կան:
Մեղավոր են նրանք, ովքեր սպառիչ պատասխաներ չունեն կամ չեն տալիս: