Ինչպես տեղեկացրել էինք` ամիսներ առաջ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասի շենքերից մեկում գտնվել էր նկարիչ Էդուարդ Արծրունյանի տարիներ շարունակ ոչնչացված համարվող որմնանկարը, որը վերջերս տեղական հուշարձանի կարգավիճակ ստացավ:
«Հիմա ամենակարևորը որմնանկարն ամրակայելն ու վերականգնելն է: Որքանով հասկացա` պետությունը գումար տրամադրելու նպատակ չունի, սակայն այս հարցում հայտնվել են աջակիցներ` Արծրունյանի ընկերը Պետերբուրգից, ով ռեստավրատոր է, պատրաստակամություն է հայտնել օգնել այս հարցում»,-մեզ հետ զրույցում ասաց արվեստաբան, լրագրող Անահիտ Կորյունը:
Ինչ վերաբերվում է սեփականատիրոջը, ապա, Անահիտի խոսքով, անկախ այն հանգամանքից, թե ում է պատկանում տարածքը, պետությունը սեփականատիրոջ հետ պարտավորագիր է կնքում, որով նա պարտավորվում է չվնասել հուշարձանը: Իսկ այս պահին այն գտնվում է զորանոցի ակումբի շենքում և խնամվում է զորամասի հրամանատարական կազմի կողմից:
Վերջերս Մալայանի ակնաբուժական կլինիկայում հայտնաբերվել է վարպետի գործերից մեկը.
«Երբ 2009 թվականի սեպտեմբերի 27-ին Գյումրի էինք մեկնում` Էդուարդ Արծրունյանի հոր` ջրաղացպան Սիմոն Արծրունյանի ջրաղացները տեսնելու, դեռ Երևանից դուրս չեկած` 15 թաղամաս հասնելուն պես, Արծրունյանը խնդրեց իր զարմիկին` Էդմոնդ Արծրունյանին մեքենան քշել դեպի Մալայանի ակնաբուժական հիվանդանոց, քանի որ այնտեղ իր հեղինակած վիտրաժն է գտնվում: Այդ ժամանակ մեքենայում վարպետի որդին` Արտեմն էր, վերոնշյալ Էդմոնդն իր որդի Արմանի հետ, բնականաբար, Վարպետն ու ես: Եվ, Էդմոնդը պատճառաբանելով, թե շտապում ենք, մերժեց հորեղբորը, ասելով, թե կայցելենք մեկ ուրիշ անգամ: Վարպետիս խոսքը մնաց ականջներումս:
Մեր աշխատանքային խումբը այցելեց Մալայանի ակնաբուժական կլինիկա: Ճիշտ է, վարպետի ասած վիտրաժին չհանդիպեցինք` փոխարենը կլինիկայի ֆոյեում մի հրաշալի բառելիեֆային հարթաքանդակային կոմպոզիցիա տեսանք: Երկար ուսումնասիրեցինք, որևէ հատվածում ստորագրություն չգտանք, սակայն անսպասելի կերպով տեղում 2 օրինակ էսքիզներ հայտաբերվեցինք, որոնք վարպետի ձեռագրին էին նման: Հարթաքանդակի էսքիզի հեղինակը միանշանակ Էդուարդ Արծրունյանն է, սակայ,ն թե ինչ խմբով են աշխատել, անհայտ է` քանդակագործին և կերամիկայի վարպետին գտնել չհաջողվեց: Կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Մալայանն անձամբ հարթաքանդակի վրա աշխատող խմբի անդամներից ոչ մեկին չհիշեց, քանի որ նրանց հետ երբևէ չի առնչվել, սակայն հաստատեց այն միտքը, որ աշխատանքն իրականցվել է 1986 թվականին»,-պատմեց արվեստաբանը` հույս հայտնելով, որ կհայտնվեն քանդակագործն ու այն մարդիկ, ովքեր մասնակից են եղել այս աշխատանքի ստեղծմանը` ամրագրելով իրենց կատարած աշխատանքը և ինչու չէ անունը արվեստի պատմության մեջ:
Խոսելով վարպետի հետ իրենց ծանոթության մասին` Անահիտը նշեց, որ Արծրունյանի հետ որպես լրագրող ծանոթացել է, երբ 2008-ին գյումրեցի արվեստագետների մասին նյութեր էր պատրաստում, սակայն իրենց բարեկամությունը սկսվել է 2009թվականից, երբ վարպետը վրձնել է իր առաջին դիմանկարը:
«Այդ ժամանակվանից սկսեցի հաճախ այցելել նրան` գրի էի առնում նրա անցած ճանապարհը, ստեղծագործությունների պատմությունը: Այնուհետև նրա 80-ամյա հոբելյանն էր մոտենում և նա ինձ` անփորձիս վստահեց իր 2 խոշոր ցուցահանդեսների կազմակերպման գործը և ես պատվով դուրս եկա դրանց տակից: Դրանից հետո մենք դարձանք իսկական բարեկամ-ընկերներ»,-անկեղծացավ արվեստաբանը:
Անի Կարապետյան