Աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Եվրոպայի մայրաքաղաքը ցնցած ահաբեկչական արարքների վրա։ Ամբողջ Եւրոպային ուղղված ահաբեկչական արարքների շարժառիթները չի կարելի միանշանակորեն բանաձեւել` իրենց բոլոր հետապնդած նպատակները միանշանակ նշելով։
Այս օրերին ԻՊ-ի դեմ ամենաբիրտ պատերազմը տարվում է սիրիական տարածքների վրա ռուս- ամերիկյան համաձայնությամբ, Եվրոպայի երկրորդական մասնակցությամբ, սակայն հարվածվողը առաջին հերթին եւ այս տարողությամբ Եվրոպան է։
Արդեն պարզ է, որ խնդիրը սոսկ Բելգիային չի վերաբերում, այլ պաշտոնական Բրյուսելին, որ միայն Բելգիայի մայրաքաղաքն չէ։
Մարդասիրական տագնապը դեռ իր լուծոմը չգտած, ապահովական տագնապը վերադառնում է Եվրոպա փարիզյան դեպքերի հիշեցումը կատարելով, միաժամանակ ոճի կրկնություն եւ դեպքերի շարունակականությունն ընդգծելով։ Մարդասիրական տագնապին ավելանում է ապահովականը, առանց մոռանալու, այլ ընդհակառակը` շեշտելով նաեւ տնտեսականը։
Այս խճանկարում բռնկված տարածաշրջանում երեւում է հրդեհի բոցերը չընդունող Իսրայելը, իսկ տնտեսության համաշխարհային ճգնաժամում տնտեսական դանդաղ վերելք արձանագրող ԱՄՆ-ը։ Այժմյան գնահատականով ԻՊ-ից ամենասուր կերպով տուժում են տարածաշրջանային երկրներն ու Եվրոպան։ Եվրոպան, փաստորեն ապրում է ահաբեկչական գարուն։
Եվրոպա միգրանտներ ուղարկելով համատարած ճգնաժամ առաջացրած Անկարան ֆինանսական հավելյալ բեռներ էր պարտադրում Բրյուսելին ճգնաժամի կասեցման համար նոր պարտամուրհակներ ստորագրել տալով։ Առաջինը չփակած երկրորդն ու ընդհանուր հանրագումարայինը պահանջելով Ակարան առանց այն էլ սրացնում էր նաեւ տնտեսական տագնապը։ Միգրանտների հետ նաեւ ահաբեկիչ տարրեր ուղարկելով Եվրոպա Անկարան նախանշում էր միգրանտների հարցի լուծմանն առընթեր առաջացնել նոր տագնապ Եվրոպայի համար` ապահովական բնույթով։ ԻՊ-ը դեռեվս պիտի շարունակեր աշխատել իբրեւ աշխարհաքաղաքական գործընթացների կայացման համար գլխավոր գործիք։
Բրյուսելը ցնցած ռմբահարումների նախօրեին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Բելգիային պաշտոնական բողոք էր հայտնել այն բանի առնչությամբ, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից Բրյուսել այցելության ժամանակ տեղական իշխանությունները թույլատրել են քաղաքի կենտրոնում կանգնեցնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) վրանը:
Խնդրի հետ կապված Անկարայում Բելգիայի դեսպան Մարկ Թրոնթուզուն կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան են հայտնել Թուրքիայի բողոքը:
Պայթյուններից անմիջապես հետո Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների մասին հանդես էր եկել հայտարարությամբ:
«Բելգիան թույլ էր տվել, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության դրոշներն ծածանվեն իր երկրում», ինչն էլ վիրավորել էր իրենց:
«Ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ-ին միշտ պետք է առանձնացնել, սակայն երկրներ կան, որ չեն պայքարում այնքան, ինչքան հարկավոր է»,-ասել է Բոզքըրը՝ մեղադրելով Բելգիայի կառավարությանը ՔԲԿ-ական «ահաբեկիչներին» քարոզչություն անելու թույլտվություն տալու համար:
Ակնարկը թափանցիկ էր. Բրյուսելը ընդունելով քրդերին, առիթ էր տվել ահաբեկչության իրականացումը իր երկրում։
Այն ինչ Ակարային չհաջողվեց անել Սիրիայում՝ քրդական շարժումը ներկայացնել իբրեւ ահաբեկչական կազմակերպություն, հիմա Անկարան փորձում է անել Եվրոպայում։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր