Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվում է «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ առաջին ֆորումն առիթ դարձավ, որ աշխարհը խոսի մարդածին ամենամեծ չարիքի, ցեղասպանության մասին: Այս մասին ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, 2015 թվականը մի հանգրված էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի իրավունքի եւ պատմական արդարությանն ուղղված 100-ամյա պայքարը: «Մենք դա խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված շնորհակալության եւ վերածննդի ուղերձներով: Մեր պատկերացումը հստակ է. պետք է Ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն ձեւավորել: 2015-ն այս առումով կարեւոր էր. շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, ականավոր անհատներ իրենց համերաշխությունը հայտնեցին ցեղասպանությունների դեմ մեր ընդհանուր պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:
Մենք փոխկապակցված ենք, մեկի հաջողությունը բերում է մյուսի հաջողությանը: Որեւէ մեկս չենք կարող ապահովագրված զգալ այն սարաափներից, որ ապրել են մեր նախնիները 20-րդ դարում: Եթե այսօր իսկ որոշում չընդունենք, չասեն՝ այլեւս երբեք, մենք վճարելու ենք դրա համար»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Ցեղասպանություն վերապրածներն այստեղ են նրա համար, որ ցույց տան, որ ցեղասպանություն իրականացնողները չեն հաղթել:
«Այսօր էլ մարդկությունը մարդկայնության պակասի կարիք ունի: Դրա վկայությունն է ցեղասպանության ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է ցեղասպանությունը վերապրածների համար: Անուղղակիորեն չեմ բացառում հնարավորությունների առկայության պայմաններում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը»,-ասաց նա:
ՀՀ նախագահի խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե առկա մեխանիզմների կատարելագործման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանությունը վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի անհրան է համակարգված ձեւով մոտենալ խնդրի լուծմանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ցանկացած հանցագործության դատապարտումը ենթադրում է փոխհատուցում. պետք է ապահովել անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը այլ նաեւ իրականացնել այն:
«Ի՞նչ պատասխանատվություն են կրում պետությունները համանման հանցագործությունները խրախուսելու համար: Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով չի զիջում միջազգային ահաբեկիչներին: Մի քանի օր առաջ ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով, նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցցանցերում հերոսության դրսեւորում որպես այն ցուցադրելով, եւ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող երկիրը հյուրընկալում է քաղաքակրթությունների դաշինք խորագրով համաժողովը»,-ընդգծել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արմատախիլ անի ցեղասպանածին դրսեւորումները, որտեղ էլ դրանք դրսեւորվեն:Միաժամանակ, կարծում եմ ցեղասպանություն հանցագործության հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերը բավարար ուշադրության չեն արժանացնում վերապրածների խնդիրների միջազգային իրավական կարգավորումներին: Նույնը կարելի է ասել նաև փախստականների հետ կապված միջազգային իրավական ռեժիմի մասին: Կարևոր է հասկանալ, թե առկա իրավական մեխանիզմների կատարելագործման կամ նորերի ներմուծման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություններ վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի թերևս անհնար է համակարգված ձևով մոտենալ խնդրի լուծմանը:Ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաև կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում: Ասվածը բնականաբար վերաբերում է նաև ցեղասպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ վերապրածներին: Պետք է ապահովվեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլ նաև իրականացնել այն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ողջ աշխարհին։ Մեկնարկեց «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր այդ դժվարին օրերին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Շնորհավորում և հիացմունքս եմ հայտնում մրցանակի հավակնորդներին․ ձեր բոլորի պատմություններն էլ շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։ Շնորհակալ եմ նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, մրցանակաբաշխության կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը։»,-ասել է Սերժ Սարգսյանը: