▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան լճի գյուղացի մարմնավաճառներն իրար գլուխ են ջարդել, բայց «կասկածյալը» սիրած տղան է

1in.am-ը գրում է․ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և «գործընկերուհի» Աննա Տ.-ի հետ:

Վիճաբանությունը բուռն է եղել, Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ձեռքերով ու մանավանդ ոտքերով «տղամարդկային» հարվածներ է հասցրել Աննայի գլխի շրջանին ու մարմնի տարբեր մասերին:

Աննայի առողջությանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, պատճառվել է ծանր վնաս՝ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմա՝ աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք՝ անցումով գանգի հիմ՝ միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում՝ ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում: Շուշանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Նրա խափանման միջոցը կալանավորումն է:

Շուշանը մարզի բնակչուհի է, Երևանում ապրել է վարձով:

Մեկ այլ մարզի բնակիչ է նաև տուժողը: Երևանում նրանց վաստակի աղբյուրը հնագույն մասնագիտությունն է եղել:

Շուշանն ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի:

Ամբաստանյալ Շուշանն ու տուժող Աննա Տ.-ն աշխատել են «Լունա» գիշերային ակումբում՝ դեպքից մեկ-երկու ամիս առաջ:

Ըստ գործի նյութերի՝ դեպքի պահի դրությամբ Շուշանն ու Աննան զբաղվել են մարմնավաճառությամբ: Դեպքը կատարվել է Բագրատունյաց պողոտայում:

Շուշան Դ.-ն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Սկզբում նրա վարկածը եղել է այն, որ տուժողը գլխի շրջանում ծանր վնասվածքները ստացել է իր հրելուց հետո վայր ընկնելու, գլուխը «բորդյուրին» խփելու հետևանքով:

Սակայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության ստացումից հետո Շուշանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Շուշանը փոքրամարմին, նիհարակազմ, դպրոցականի հիշեցնող կին է: Դատական քննության ընթացքում հաճախակի հանդես է գալիս հայտարարություններով, պասիվ նստած չի սպասում միայն հանրային պաշտպանի գործողություններին:

Տուժող Աննան դատարանում տված իր ցուցմունքում ասել է, թե Շուշանը չէր կարող իրեն պատճառել այն վնասվածքները, որոնք ինքը ստացել է. «Դա ասում եմ՝ Շուշանին շատ լավ ճանաչելով»:

Ըստ տուժողի՝ Շուշանը, անկախ իր «մասնագիտությունից», ընկեր է ունեցել, սիրահարված է եղել Արագածոտնի մարզի բնակիչ Ն.-ին:

Աննայի բնութագրմամբ՝ Ն.-ն շատ կոպիտ է վարվել ինչպես Շուշանի, այնպես էլ իր հետ: Բռնություն է գործադրել Շուշանի նկատմամբ, սպառնալիքներ է տվել: Բայց Շուշանը սիրել է նրան, չնայած Ն.-ն ամուսնացած էր, փոքրիկ աղջիկ ուներ:

Դեպքի ժամանակահատվածում Շուշանն ապրել է տուժողի հետ, նույն վարձով տանը:

Դեպքի օրը Ն.-ն Շուշանին ու տուժողին հրավիրել է իրենց գյուղից ոչ հեռու հացատուն՝ հոր ծնունդը նշելու:

Խնջույքից հետո՝ գիշերվա ժամը երկուսի-երեքի սահմաններում, Ն.-ն համագյուղացու մեքենայով աղջիկներին բերել է Երևան:

Մեքենայի մեջ աղջիկները վիճել են միմյանց հետ…

Տուժողը դատարանում ասել է, թե հարվածի պահը չի հիշում: Ուշքի է եկել Էրեբունու հիվանդանոցում, գլխի վնասվածքով:

Հիվանդանոց են գնացել Ն.-ն ու նրա մայրը, ովքեր պատրաստակամություն են հայտնել հատուցելու տուժողի հիվանդանոցային ծախսերը:

«Եթե Ն.-ն մեղավոր չէր, նա մոր ու հորաքրոջ հետ ինչո՞ւ էր հիվանդանոց եկել, ինչո՞ւ էր ասում, թե հիվանդանոցի ծախսերը կփակեն, եթե չբողոքեմ»,- դատարանում ասել է տուժող Աննան:

Դեպքի վայրից Ն.-ն, նրա ընկերը և տաքսու վարորդը հեռացել էին՝ գիշերով Շուշանին մենակ թողնելով գիտակցությունը կորցրած Աննայի հետ:

Շուշանն է դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմի հետ Աննային տեղափոխել հիվանդանոց…

Տուժողն ասել է, թե նախաքննության ժամանակ ինքը գրել է, որ Շուշանից բողոք չունի: Կարծել է, թե այդքանը բավական է, որ Շուշանին չդատեն: Բայց քանի որ հիմա Շուշանը դատվում է, դրա համար էլ ինքը պնդում է, որ Շուշանին ճանաչում է, նա իրեն այդպիսի վնասվածքներ չէր պատճառի:

Քիչ թե շատ՝ իմանալով, որ Ն.-ն ագրեսիվ է եղել, նա ձեռք է բարձրացրել Շուշանի վրա, սպառնալիքներ է տվել նախկինում, տուժողը ենթադրել է, որ իրեն հարվածողը կարող էր իրենց հետ նույն մեքենայում գտնվող Ն.-ն լինել:

Շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Վկայություն տվեց Ն.-ի համագյուղացի Կարենը, ով տաքսու ծառայություններ է մատուցել:

Դեպքից հետո Ն.-ն ու նրա մայրը վկայի մեքենայով գյուղից Երևան էին ժամանել և հիվանդանոցում այցելել էին մի աղջկա, ում վկան չէր ճանաչել, այդ օրը տեսել էր առաջին անգամ:

Վկան, ըստ նրա նախաքննական ցուցմունքի, լսել է, որ Ն.-ն ու նրա մայրը աղջկա հետ խոսել են հիվանդանոցային ծախսեր փակելու մասին:

Վկա Կարենը դատարանում ասաց, թե այդ պահը արդեն չի հիշում:
Ն.-ն ու նրա մայրը մտել են հիվանդանոց, քիչ անց դուրս են եկել, վկան նրանց նորից գյուղ է տարել:

Ճանապարհին Ն.-ն վկային պատմել է, թե երկու աղջիկների հետ հացատուն է գնացել, քեֆ են արել, իսկ երբ այդ աղջիկներին տանում էր Երևան, նրանք մեքենայի մեջ կռիվ են արել, մեքենայից իջել ու շարունակել են կռվել, աղջիկներից մեկը մյուս աղջկան հարվածներ է հասցրել ձեռքերով ու ոտքերով, ստացած վնասվածքների պատճառով տուժող աղջիկը հիվանդանոց է ընկել:

Ն.-ն ասել է, թե մոր հետ այցելել է այդ աղջկան՝ իմանալու նրա որպիսությունը:

Վկայի ցուցմունքից հետո ամբաստանյալ Շուշանը հայտարարարեց, թե վկան սուտ է ասում: Նա Ն.-ի ամենամոտ ընկերն է, լավ ճանաչել է իրեն, ճանաչել է նաև Աննային:

Շուշանն ասաց, թե վկա Կարենը նույնիսկ ցանկացել է «քնել» ընկերուհու հետ, բայց ընկերուհին մերժել է, իսկ հիմա նա ասում է, թե Աննային չի ճանաչել…

Վկա Կարենը պնդեց, թե ինքը Ն.-ի ամենամոտ ընկերը երբեք չի եղել, Ն.-ին որպես համագյուղացու է ճանաչել, ով երբեմն օգտվել է իր տաքսու ծառայություններից:

«Ի՞նչ ունեմ խաբելու»,- ասաց Կարենը:

Վկա Աննան մի ժամանակ «Լունա» գիշերային ակումբում աշխատել էր ամբաստանյալ Շուշանի և տուժող Աննայի հետ: Դեպքի պահի դրությամբ վերջիններս «Լունայում» արդեն չէին աշխատում:

Վկա Աննան ասաց, թե երկու աղջիկներն էլ իր համար նույնն են:

Աշխատանքի ընթացքում նրանցից վատ բան չի տեսել, իսկ աշխատանքից դուրս թե նրանք ինչով են զբաղվել, իրեն չի հետաքրքրում:

Դեպքից հետո, ըստ վկայի, Շուշանը շտապօգնության մեքենայից զանգահարել է «Լունա» գիշերային ակումբի տնօրինուհուն, ասել է, թե դեպք է պատահել, Աննան լավ չի, նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տանում: Շուշանը օգնություն է խնդրել իր նախկին գործատուից:

«Լունա» ակումբի տնօրինուհին անպատասխան չի թողել Շուշանի խնդրանքը, նա վկա Աննային հանձնարարել է աշխատանքը թողնել ու շտապ մեկնել հիվանդանոց, հնարավորության դեպքում օգնել վնասվածք ստացած աղջկան:

Վկա Աննան հիվանդանոց է հասել, տեսել է, որ տուժողը շատ ծանր վիճակում է, իսկ Շուշանը եղել է «խառնված»: Վկան ասաց, թե իր հարցին՝ ի՞նչ է պատահել, Շուշանը միայն պատասխանել է, թե վիճաբանել են:

«Ինձ հետաքրքիր չէր, թե ինչու կամ ովքեր են վիճել, ինձ համար կարևորը Աննայի վիճակն էր»,- դատարանում ասաց վկան: Այնուհետև ավելացրեց. «Ես մանրամասներով չեմ հետաքրքրվել, կոնկրետ վկա չեմ, ոչինչ չգիտեմ»:

Նախագահողը վկային զգուշացրեց, որ նա հենց գործով վկա է, ընդ որում՝ նախազգուշացվել է սուտ վկայության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

«Իմ տնօրենն է ինձ հիվանդանոց ուղարկել, կարծում եմ՝ վատ բան չեմ արել, որ գնացել եմ օգնելու»,- անհանգստացավ վկան: Նա պնդեց, որ հիվանդանոցում Շուշանը «խառնաշփոթի մեջ էր», իր հարցին նա պատասխանել է. «Խնդրում եմ, էլի, ահավոր վիճակ ա, չեմ կարա խոսամ»: Եվ չի ասել, թե ով ում հետ է վիճել, ով է վնասվածքներ պատճառել տուժողին:

«Ես կռվի պահով չհետաքրքրվեցի»,- ասաց վկան:

Նա հիվանդանոցից գնացել է աշխատանքի, տնօրինուհուն ներկայացրել է իրավիճակը, ապա աշխատանքից հետո նորից գնացել է հիվանդանոց, քանի որ նկատել է՝ տուժողը լրիվ մենակ էր:

Երկրորդ անգամ վկան արդեն Շուշանին չի տեսել, նա հեռացել էր հիվանդանոցից:

Շուշանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե ինքը հիվանդանոցում մնացել է մինչև լույսը կբացվեր, հետո գնացել է ծանոթի տուն: Այդ ժամանակ ինքն ապրել է տուժողի վարձած բնակարանում, առանց տուժողի այդ բնակարան գնալ չէր կարող:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց վկա Աննայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա հայտնել էր, թե հիվանդանոցում Շուշանն իրեն ասել է, որ տուժողն ու ինքը վիճել են, ինքը խփել է, տուժողն ընկել, գլուխը խփել է «բորդյուրին» ու կորցրել է գիտակցությունը: Ըստ վկայի՝ Շուշանն այս ամենը պատմելիս իրեն շատ վատ է զգացել, ասել է. «Ի՜նչ արեցի»:

Վկան լսեց իր նախաքննական ցուցմունքի հրապարակումը, ասաց, թե բաներ կան՝ «իրոքից» չի հիշում, բայց այն, ինչ ասել է նախաքննության ժամանակ ճիշտ է, ինքը պնդում է նախաքննական ցուցմունքը:

Դատարանի հարցմանը պատասխան էր ստացվել, որ գործով կարևոր վկա Ն.-ն հատել է Հայաստանի պետական սահմանը, մեկնել է Հայաստանից, վերադարձի մասին տվյալներ չկան:

Պաշտպանական կողմը և տուժողը պնդեցին, որ Ն.-ի ներկայությունը դատարանում շատ ցանկալի է, նա կարևոր վկա է, դրա համար առայժմ առարկեցին այդ վկայի ցուցմունքների հրապարակման դեմ:

Առաջարկ արվեց մեկ անգամ ևս բերման որոշում կայացնել, միգուցե Ն.-ն այդ ընթացքում վեր կենա ու գա Հայաստան…

Դատարանը որոշեց փոխել ապացույցների հետազոտման կարգը, հաջորդ դատական նիստին հարցաքննել մեղքը չընդունող ամբաստանյալին, միևնույն ժամանակ շարունակել միջոցներ ձեռնարկել Ն.-ին ու դատարան չներկայացող ևս երկու վկայի դատարան բերելու ուղղությամբ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին