▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանը չթարգմանվող քաղաք է»․ հարցազրույց ֆրանսաբնակ հայ գրող Հովհաննես Թեքգյոզյանի հետ

Արձակագիր, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը, ով հայ ընթերցողին առավել հայտնի է իր «Փախչող քաղաքը» վեպով, այսօր իր քաղաքում չէ։ Քաղաքն է փախել նրանից, թե նա իր քաղաքից,  դժվար է ասել, բայց որ Հովհաննես Թեքգյոզյանը այժմ դարձել է Ժան-Շա Թեքգյոզյան է և գրում է ֆրանսերեն, գիտեն շատերը։ Այս «մետոմորֆոզը» խիստ հակադրվում է հայ ժամանակակից գրողների բարքերին և զարմացնում է իր  յուրօրինակությամբ։

Մեզ ընձեռնվեց հնարավորություն կապ հաստատել ֆրանսաբնակ հայ գրողի հետ և լսել նրան․

 

«Ե՞րբ մեռա։ Ինչ էշ եմ, կատարյալ տավար, հիմա, երբ էս քսան տարվա եղած-անցածին նայում եմ՝ հստակ տեսնում եմ, որ հենց էսպես էլ պիտի լիներ։ Բա որ գիտեի՝ ինչի՞ էդքան սխալներ արեցի։ Անցյալի փորձառությունը ահավոր բան ա, իսկ ապագայինը՝ չկա․․․ Չէ՝ կա․․․ Եթե երեխա ժամանակ ապրածդ նշաններին ուշադրություն դարձնես՝ կտեսնես։ Պաթոսդ փչե՜մ․․․ Էս ամեն ինչնից հետո մի բանում հաստատ համոզվեցի։ Համոզվեցի, որ մանկություն, դաստիրակություն և այլն և այլն, հիմանականում ֆընդխ բաներ են, եթե, իհարկե, Աստված չկա․․․ Ու թե Աստվածն ի՞նչ ա, էդ հարյուր տոկոսով ջոգեցի։Հազար տոկոսով․․․ Մանավանդ ասեմ, որ Աստվածը շատ ռեալ ա։ Մի խոսքով՝ Աստված տեղ ա։ Կոնկրետ տեղ, կոնկրետ երկրաչափական ու քարտեզային չափագրումներով։ Ու Աստված մեկը չի։ Էդ միաստվածություն կոչվածը՝ մարդկանց կզցնելու, միձև դարձնելու համար ա։ Մի խոսքով՝ Աստված տեղ ա։ Ու ամեն մարդ ունի իր տեղը՝ իր երկիրը, իր մասը, իր կտոր երկինքը։ Եթե էն երկրում, ուր մարդն ապրում ա, իր պատկերացումներումները չեն համապատասխանում էդ տեղի Աստծո դրվածքին, սկսվում ա էն, ինչը, սովորաբար, դժողք են անվանում։ Հիմա, ըստեղից հետևություն ամեն մարդ պիտի գտնի իր տարածքային Աստծուն։ Բայց քաքը էն ա, որ հաճախ մարդիկ ինչ-ինչ կռուժևնոյ բարեկեցություններից ելնելով՝ փոխելով իրենց բնակության տեղը, կապերը նախկին Աստծո հետ խզել չեն կարողանում։ Էդ հերիք չի՝ նոր Աստծու հետ էլ ոչ մի կապ չունեն։ Բայց հակառակ աննա-կարենինան էլ ա լինում սաղ կյանքը ապրում են ծննդավայրում ու էդ ծնած Աստծու կողմից մշտական վրաերթերի են ենթարկվում։ Բա դո՞ւ․․․»  

Հատված Թեքգյողյանի վերջին «Ինտրիգային սեռ» վեպից։

 

Արդեն երկար ժամանակ է Ստրասբուրգում ես, հեռու երևանյան թոհուբոհից։ Ի՞նչպես ես քեզ զգում հեռու մնալով այն քաղաքից, որի մասին վեպ ես գրել։ Համեմատության եզրեր (թեկուզ ենթագիտակցական) անցկացնու՞մ ես։

Երկար ժամանակ․․․ Տարօրինակ բան կատարվեց․ տարածքը փոխելուց հետո՝ ժամանակի չափորոշիչներն էլ փոխվեցին։ Հիմա, ինձ համար, համարյա անհնար է ժամանակի երկարն ու կարճը տարբերակելը։ Երկու կեսի․ երկու տարածքի արանքում (իսկ կյանքը ևս չափագրում է) լինելը դժվար բան է, քանի որ քո առաջ ունես ապրելու կյանք, որն ուղորդել, բնականաբար չես կարող, իսկ անցյալը կառավարելը միանգամայն անիմաստ ու ցավոտ գործողություն է։ Այնուամենայնիվ, ուզած չուզած ինչ-որ ուղենիշեր փնտրում ես։ Ինձ համար էդ ուղենցույցերից գլխավորը դեռ «Փախչող քաղաքն» է, որը որոշակի հաճախականությամբ իր մասին զգացնել տալիս է, երբ հանկարծակի սկսում է խոսել այս կամ այն լեզվով։ Երևի թե համեմատության եզրերը հենց ստեղծագործության բազմալեզու լինելով կամ դառնալով են որոշվում, երբ ակամայից քո գործը, թարգմանվելով, խոսում է քեզ անհայտ լեզվով։ Իսկ քաղա՞քը․․․ Ասեմ, որ քաղաքները երկու տեսակի են՝ թարգմանվող և չթարգմանվող։ Կան լավ թարգմանված քաղաքներ, սինխրոն թարգմանությամբ ապրող քաղաքներ, շարահյուսության առումով ետադարձ թարգմանվող քաղաքներ։ Կան քաղաքներ, որոնք դեռ չեն թարգմանվել և կան այնպիսինները, որոնց թարգմանելն անհնարին է։ Երևանը, իմ դիտարկմամբ, վերջին տեսակին է պատկանում․․․

Իսկ ինչպե՞ս կգնահատես չթարգմանվող քաղաքի գոյությունը, ինչ հետևանքներ կամ առավելություններ ունի։

Տեքստը շատ արագ է փոփոխվում, մանավանդ հիմա։ Երևի թե ամենարագ ու բազմաձև մետամորֆորզներ ստացող երևույթն է, որը համ ճյուղավորվում-բաժանվում համ ինքն իրեն խայթում է։ Գլոբալիստական (ֆրանսերենում գլոբալիզացիա բառը թարգմանվում է որպես mondialisation, այսինքն՝ հիմքում monde-ն է՝ աշխարհը, սա հստակ խոսում է ֆրանսիացիների աշխարհընկալման մասին ) կարճ ասած գլոբալիստական, ստանդարդ տեքստերի մեջ միշտ էլ «փախչելու», դեպի ուրիշության տանող, ինքնատիպ լուսանցքներ կան։ Նայած թե դու ինչպես ես ընկալում քո տեսակի թարգմանությունը։ Չթարգմանված տեղանքները․ հիմնականում դառնում են վատ իմաստով գրաբար, որը միայն ընտրյալ քուրմերին է հասկանալի։

Ինչպիսի՞ն է գրական կյանքը Եվրոպայում, ի՞նչ տենդեցներ ես նկատում։ Ինչպե՞ս կգնահատես հայ ժամանակակցներին ընդհանուր պատկերի շրջանակներում։ Ժամանակակից գրականություն․․․  

Հարցերիցդ տարօրինակ բազմակետեր են առաջացնում։ Ի՞նչ տենդենցներ․․․ Չգիտեմ․․․Բայց մի բան հաստատ է, վիրտուալ իրականության ժամանակաշրջանում ապրելով՝ վեպը, զարմանալիորեն, հաստանում է՝ առաջ բերելով հստակ, հստակ, հստակ, երբեմն՝ շատախոս, երբեմն կարճ, բայց ուղակիորեն, մինչև վերջ հասկացվող ՄԵՍԱԺԻ առկայությունը։ Ենթտեքստը, հիմնականում վերափոխվում է «գրաբարի»։ Բայց իհարկե էս ամեն ինչը տեքստի որակազրկման, անարժեության հետ ոչ մի կապ չունի, ուղղակի մանյովրելու, թաքնվելու, ինքնաչբացահայտելու հնարավորություն ժամանակակից տեքստն այլևս չունի։

Ինչու՞ հենց Ժան-Շա։

Էս մեկը շատ պոպուրիստական հարց էր, բայց պատասխանեմ։ Անունների մեջ հնչյուններ կան, որ անտեսանելի են։ Ու էլի գալիս ենք թարգմանության հարցին։ Հա, շատ․ շատ կարևոր է, ժամանակակից աշխարհում․ լավ թարգմանիչ ունենալը (էստեղ կիսատխուր սմայլիկ եմ դնում։ Ի միջի այլոց էդ էմոցիոնա արտահայտող իկոնաները ամենաճիշգրիտ թարգմանիչներն են) ։ Ու ես որոշեցի անունս թարգմանել, մանավանդ՝ բնօրինակն արտասանելիս հնչյունների կեսը կորում էր։ Բայց նորից վերադառնանք գլոբիալիստական ցանցում առկա լուսանցքներին։ Շա-ն կատուն է։ Բայց ի՜նչ կատու։ Որպես անուն ես որոշեցի կերպար վերցնել «Մաշկացավ» վեպիս Կատվին, որն իր բնույթով առավել մոտ էր ինձ։ Փաստորեն հիմա ես և նա միասին ենք․․․

Գրողի համար կարևորագույնը թերևս իր միջավայրն է։ Միջավայրիդ կտրուկ փոփոխությունն ու լեզվին չտիրապետելը խոչընոտներ չհանդիսացա՞ն ստեղծագործական կյանքում։

Հանդիսացան, հանդիսա՜ցան․․․ Հիմա հենց էդ պրոբլեմները վերջնականապես փորձում եմ հաղթահարել։ Թարգմանությունը՝ թարգմանություն, բայց մի լեզվով գրելիս անտանելի տխմար բան է, միտքն այլ լեզվով թարգմանելը։ Ուղղակի թարգմանելը, ոչ թե էդ լեզվով գրելը։ Հիմա առավելապես փորձում մտքերս դուրս քաշել էն լեզվով, որոնց տեսակին, հնչյունաբանությանը, միս ու արյունին էդ մտքերը առավել համապատասխանում են․․․

Հարցազույցը՝ Հովհաննես Եսայանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին