Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին` ուժը զինատեսակի ժամանակակից լինելու և տանկերի թվի մեջ չէ: «Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են:
Բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ, ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ այն հավատի մեջ, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որն ամեն գնով պաշտպանելու է իր հայրենիքը: Այո, մենք հիմնականում կռվում ենք 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան ունենք, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին` մեր հասարակությանն ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել: Իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել. չեք կարող:
Գիտեք, պատերազմը շատ վատ բան է, ես նորություն չեմ ասում: Բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քանի որ ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է: Ուժը դրա մեջ է»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին` Սերժ Սարգսյանն ասել է.
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում` ՀԱՊԿ-ում: Բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամ մյուս երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ գործընթացի վրա»:
Այս մասին գրում է 168.am-ն, իսկ նախագահի պաշտոնական կայքում ներկայացված է Սերժ Սարգսյանի խոսքը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. այն կարող եք կարդալ նաև ստորև:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով կրկին գտնվել բարեկամ Գերմանիայում, որը Հայաստանի համար թե՛ եվրոպական և թե՛ միջազգային հարթակներում արժեքավոր բարեկամ է, հուսալի գործընկեր և հաստատակամ աջակից։ Շնորհակալ եմ, տիկի՛ն կանցլեր, հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների օրակարգը չափազանց լայն է: Այն ներառում է թե՛ բազմոլորտ երկկողմ հարաբերությունների շրջանակ, թե՛ փոխգործակցություն Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ և խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։
Բնականաբար, այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին:
Ես կանցլեր Մերկելին հանգամանորեն տեղեկացրեցի վերջին օրերի զարգացումների մասին: Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Դեռևս տարեսկզբին Գերմանիան վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման առաջարկը: Հայաստանը մշտապես կողմ է եղել դրան, ինչպես նաև, որպես վստահության ամրապնդման միջոց կամ կայունություն ապահովող միջոց, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկներին: Սակայն դրանք այդպես էլ չկենսագործվեցին. Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին՝ հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների։
Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին ս.թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Անտեսելով միջազգային հանրության՝ խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Փաստացի իրականացրեցին զինադադարից ի վեր մասշտաբներով աննախադեպ, նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում։ Արդյունքում Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։
Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն:
Արդեն շուրջ երեսուն տարի` 1988-ից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը: Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր: Նրանք միջազգային հանրությունից ակնկալում են միայն մեկ բան` իրենց այդ իրավունքի ճանաչում:
Այս մասին եմ պատմել տիկին կանցլերին, ով քաջատեղյակ է պայքարող այդ ժողովրդի նորագույն պատմության մանրամասներին:
Օգտվելով առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը, անձամբ տիկին կանցլեր Ձեզ` Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը հետևողականորեն աջակցելու համար։ Դա կենսական է մեզ համար՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող ու հետևորդ ժողովուրդ։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առևտրային գործընկերն է։ Օրեր անց Երևանում կկայանա Գերմանիայի տնտեսական միության ներկայացուցչության բացումը, ինչը վկայում է խոստումնալից տնտեսական ներուժի մասին։ Տիկին Մերկելին ասացի, որ պատրաստ ենք հյուրընկալել գերմանացի գործարարներին Հայաստանում։
Օգտվելով առիթից՝ պետք է հատուկ նշեմ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Դրա ամենաթարմ օրինակն է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին միջազգային փորձի ներգրավման հարցում Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերված հետևողական օգնությունը:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ասել, որ հայկական կողմը կանի հնարավորը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման: Հույս եմ հայտնում նաև, որ Գերմանիայի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:
Շնորհակալություն։