«Ժամանակ»-ը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
-Պարոն Կիրակոսյան, կարծում եք, որ այսօր նոր իրավիճա՞կ է ստեղծվելՂարաբաղի շուրջ՝ մայիսի կեսերին գրանցված ռազմական սրացումից և դրան հաջորդած դիվանագիտական որոշ զարգացումներից հետո:
-Միանշանակ է, որ 2016 թ. ապրիլից հետո սկզբունքորեն նոր միջավայր է առաջացել և այն շարունակում է փոխվել միայն ու միայն դեպի ավելի վատը: Օրինակ՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակումը ուղղակիորեն կապված է անվտանգության այս նոր միջավայրի առաջացման հետ: Միևնույն ժամանակ, թե' Մինսկի խումբը և թե' միջազգային հանրությունը գնալով ավելի շատ են առերեսվում այն փաստին, որ Ադրբեջանին այլևս չի հետաքրքրում իր միջազգային հեղինակությունը կամ միջազգային հանրությանը մաս կազմելը:
Մյուս կողմից, հակամարտության ամենաարագ փոփոխվող ասպեկտը Ռուսաստանն է և իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ մոտ ժամանակներում:
-Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե Երևանը և Բաքուն որոշ համաձայնության են հասել շփման գծում միջազգային դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ: Որևէ նշանակություն ունի՞ այն հանգամանքը, որ սրա մասին հայտարարում է հենց Ռուսաստանի ներկայացուցիչը:
-Անկեղծ ասած՝ ես դրան չեմ հավատում: Ինձ համար դժվար է հավատալ համանախագահներից որևէ մեկի որևէ հայտարարությանը, եթե չկա կոնկրետ ապացույց, որ իրոք դիվանագիտական նոր ճեղքման հնարավորություն կա: Ավելին, եթե հիշենք, թե ինչ լուծում է ենթադրաբար առաջարկում այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», ապա դա պիտի անհանգստացնի մեզ, ոչ թե հուսադրի: Չեմ կարծում, թե սա ինչ-որ առաջընթաց է, որովհետև իրականում սա նոր համաձայնություն չէ: Դա այն խոստումն է, որը տվել է Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո Վիենայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ուստի, եթե սա համաձայնություն է, ապա բառը սխալ է ընտրված, որովհետև հիմա մի իրավիճակում ենք, երբ կողմերը սպասում են, թե երբ Ադրբեջանը պիտի կատարի այն, ինչ արդեն խոսք է տվել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: