Այն որ իշխանական կոալիցիան Հայաստանում միատար չէ և նույն խմբի տարբեր “թայֆաներին” չի ստացվում իրար հետ լեզու գտնել, արդեն նորություն չէ: Գոնե վերջին տարիներին մամուլում ականատեսն ենք եղել իրար կծոտելու կամ թեթև վնասվածքներ հասցնելու բազմաթիվ փորձերի. նախարարությունից նախարարություն, պետական մի կառույցից մյուս կառույց, այս “մենամարտերը” անընդհատ են:
Սակայն իրար ծանր վնասներ հասցնելու փորձերը կտրուկ փոփոխություն են բերում առանց այն էլ կեղտի մեջ կորած հայկական քաղաքական դաշտին, ինչին ականատեսն ենք լինում վերջին մի քանի ամիսների ընթացքում: ՀՀ իշխանությունները, մասնավորապես իշխանության որոշ թեևի ներկայացուցիչներ խուճապի մեջ են: Իսկ ինչպես գիտեք, խեղդվող մարդը խուճապի մեջ ընկնելով ոչ միայն թույլ չի տալիս իրեն փրկել, այլև համառորեն փորձում է իր հետ խեղդել իրեն փրկողին: Սակայն հանգամանքներին անդրադառնանք հերթով:
Հայաստանը աշխարհի ամենադժբախտ երկրների ցանկում 12-րդ հորիզոնականում է: Մեկ երկու հորիզոնականի կամ մեկ երկու ռեյթինգի տարբերությամբ իրավիճակը շարունակում է նույնը մնալ վերջին երկու տասնամյակում: Որոշ մարդիկ էլ զարմանում են, ինչու է այդպես:
Տղերք, ինչներիդ վրա եք ուզում երջանիկ լինել: ՀՀ արտաքին պետական պարտքը 4,5 միլիարդ դոլար է, ՀՀ սուվերենությունը խիստ կասկածելի վիճակում է Տնտեսական միություն մուտք գործելու պատճառով, ՀՀ-ում որևէ սահման բացելու կամ տարածքային կոնֆլիկտ լուծելու որևէ հնարավորություն փակուղում է և այլն, և այլն, և այլն: Բնականաբար փակուղում են Հայաստանի բնակչության հնարավորությունները: 32 տոկոս աղքատության ցուցանիշ, արտագաղթի բարձր տոկոս, միայն պարտքեր, վարկեր, ապառիկներ... ահա թե ինչն է ՀՀ քաղաքացիների հոգսը հիմա:
Իհարկե որոշ մարդիկ շտապում են մեր դժբախտության մեջ մեղադրել սովետական համակարգին ու վերջինիս արժեքները, որը ժառանգեցինք ԽՍՀՄ կազմալուծումից հետո: Մյուսները այնքան հեռու են գնում, որ Հայաստանի պետականության դարավոր պակասն են հիշում կամ Հայոց Ցեղասպանությունը: Մեկ այլ խումբ 90-ականներից իշխանության մեջ իրար հերթափոխողօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին է մեղադրում, որին հիմք դրեց ՀՀՇ-ն իր մերձավորներով և սպասավորներով:
Կարճ հիշողությամբ մարդիկ էլ մեղադրում են իշխող համակարգին՝ իր բոլոր օղակներով: Վերջիններից ամենաակտիվները Բաղրամյան 26-ի մոտակայքում կոկորդ են պատռում՝ հարցեր լուծելու պահանջով. “Դեմ ենք կուտակայինին”, "Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը”... Չգիտես որ մեկին զգոնության կանչես. այն մարդկանց, ովքեր իրենք իրենց ձայնը գլուխներն գցած իրենցից զարմացած միտինգ են անում ինքնահաստատվելու համար, թե այն իշխանականները, ովքեր միտինգի աղմուկից խուճապի մեջ ընկած փորձում են “սթափեցնել” կամ ցրել հավաքվածներին՝ այլ թեմաներով շեղելով:
Ամեն դեպքում հետևելով պատվերով նյութեր գրող լրատվամիջոցների ցանկին և մի փոքր ուսումնասիրելով նրանց ֆինանսական աղբյուրները հստակ կարելի է տեսնել՝ ով է խուճապի մեջ, իշխանություններից ում վախն ամենաշատը չափելու կարիքը կա ու ով է անհույս վախենում իշխանական քեֆերին հրավիրատոմս չստանալու իրավիճակից:
Թիրախ դարձրած օղակներին էլ կարելի է այս պարագայում փրկվողներ համարել. գործիչներ, ովքեր թեևօլիգարխիկ համակարգում գործում են սոլիդարության շրջանակներում, այնուամենայնիվ որոշակի ժողովրդականություն ու անկեղծ համակիրներ ունեն ժողովրդի շրջանում:
Մասնավորապես Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վրա անվերջ ցեխ շպրտելու փորձերը, տնից մինչևնախարարի կնոջ հետ կապված պատմություն, այս ամենի վառ օրինակներից են: Կամ այլ օրինակներից են Քաղաքապետի և նրա ղեկավարած կառույցի շուրջ օրը մեջ սկանդալներ ստեղծելու և հանրության ուշադրությունը շեղելու փորձերը՝ ընդհուպ մինչև հոգեկան խանգարում ունեցող հիվանդ կնոջն օգտագործելու միջոցով:
Իհարկե քաղաքապետ Մարգարյանին կեղտոտելու թեմայով կարելի է սևPR-ի մասին մի ծավալուն ուսումնասիրություն հրապարակել. մինչ այս մարդը զբաղված է քաղաքի բարեկարգմամբ, կանաչապատ տարածքների ավելացմամբ կամ նոր ճանապարհների կառուցմամբ, նրա օպոնենտները հենց նույն իշխանական թևից զբաղված են Տարոնի վրա ցեխ շպրտելով: Այն, ինչ ներվում է պետական տարբեր կառույցներին՝ բիզնես կլասովուղևորությունների, թանկարժեք մեքենաների գնման և այլնի տեսքով, ոչ մի կերպ չի ներվում տարեկան մեկ հարյուրից ավելի դելեգացիաներ հյուրընկալող և որպես նվեր կոնյակ շնորհող քաղաքապետարանին: Իհարկե, արդար լինելու համար պիտի նշենք, որ Քաղաքապետարանում ևս ամեն ինչ հարթ չէ: Բայց քաղաքապետի կամ պաշտպանության նախարարի ժողովրդականությունը անհերքելի է, ուստի իշխանության խորտակվողթևը խուճապի մեջ ընկած փորձում է խորտակել նաև նրանց, ի թիվս այլ գործիչների:
Տղերք, էդպես լավ չի, ձեր գնալուց առաջ ոչ միայն ձեր գործընկերներին վնասեք, այլև ամբողջ երկիրը քամուն տվեք, ավերեք ու ջարդեք, որ ևս մի 500 տարի վերականգնվելու հույս չլինի:
Հ.Գ. Եթե միմյանց աշխատանքը կեղտոտելու, իրարից բամբասելու կամ վնասելու ժամանակը ամեն մեկն այս երկրում ծախսեր սեփական գործն անելու վրա, քաղաքականությունը անբարոյականություն չէր լինի, ընդդիմությունը՝ ձևականություն ու միտինգը՝ կապիկություն:
Հեղինակ`
Արկադի Սարգսյան