▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատավորն այսօր հազիվ հացի հարց է լուծում, մի կերպ տանում «շեֆի» քմահաճույքները.Ռուբեն Թովմասյան

Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: 
1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց  են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել է  8 ոստիկան և 4 ցուցարար, տուժել են տասնյակ մարդիկ:  

1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում է ընդունում`  մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:  Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թվականին: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվել է  որպես մեծ տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով:

Անցյալի և ներկայի Մայիսի մեկի, դրա նպատակի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի Կոմկուսի նախկին ղեկավար Ռուբեն Թովմասյանի հետ.

«Ես էլ քեզ եմ շնորհավորում, աղջիկ ջան, պապիկիդ, ծնողներիդ, շնորհավորում եմ մեր բոլոր վետերաններին, գյուղացիությանը, երիտասարդությանը, 500.000 թոշակառուներին, որոնք կառուցել են Սովետական Հայաստանը»,-զրույցի սկզբում փոքր-ինչ հուզված, բայց, միևնույն ժամանակ մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ ասաց Ռուբեն Թովմասյանը, սակայն նրա հուզմունքն ավելի ուժգնացավ, երբ խոսքը գնաց այսօրվա աշխատավորի, Մայիսի մեկի` իր նպատակին ծառայելու  մասին.

«Այսօր Մայիսի մեկը չի ծառայում իր նպատակին, քանի որ «աշխատավոր» հասկացությունն այլ նշանակություն ունի: Մարդիկ հազիվ հացի հարց են լուծում, այն դարձել է անհասանելի,  մի կերպ տանում են  «շեֆի» քմահաճույքները, բանվորը հույս ունի, որ բնակարան կստանա, երիտասարդը`  անվճար կրթություն և այսպես շարունակ…այնպես, ինչպես սովետական երկրներում»:

Հիշելով, թե նախկինում ինչպես էին նշում այս օրը`  Ռուբեն Թովմասյանը  նկատեց. «Լենինի անվան հրապարակում կանգնում էր Հայաստանի ղեկավարությունը` Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, անցնում էր արդյունաբերությունն` իր մեծ հզորությամբ(Հայաստանը աշխարհի 120 երկիր էր արտահանում իր արտադրանք` այդ թվում և շատ զարգացած կապիտալիստական երկրներ), ապա անցնում էին երկաթուղայինները, Գիտությունների ակադեմիան` Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ, Գրողների միությունը`  Վարդգես Պետրոսյանի, Սիլվա Կապուտիկյանի գլխավորությամբ, այնուհետև գալիս էին բուհական շրջանները. Երևանի 13 բուհերում անվճար սովորող  60.000  երիտասարդ աղջիկներ ու պատանիներ: Գալիս էր մեր սպորտային պատվիրակություն ` Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Վլադիմիր Ենգիբարյան, Աիդա Մելնիկ, Իգոր Նովիկով…դրա հետ միասին անցնում էր ամբողջ մեր պիոներիան»,-պատմեց Հայաստանի Կոմկուսի նախկին ղեկավարը` չմոռանալով նշել նաև, որ Սովետական Հայաստանը արդյունաբերության և մյուս ճյուղերի զարգացման համար պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և «Ժողովուրդների բարեկամություն» շքանշաններով:

Հարցին, թե ինքն անձամբ ինչպե՞ս է նշելու Մայիսի մեկը, տեղյա՞կ է կուսակցության ծրագրից, Ռուբեն Թովմասյանը պատասխանեց, որ ծրագրից տեղյակ չէ.

«Ամեն տարի` անկախ նրանից, թե որտեղ կլինեմ` չի կարող պատահել, որ չնշեմ: Մայիսի մեկը մեր դաստիարակությունն էր, ապագան...»,-եզրափակեց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին