▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդար թուրքեր. ովքե՞ր են և ինչու՞ են նրանք կարևոր

Առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում կարելի է լսել խոսակցություններ ցեղասպանության ընթացքում թուրքերի կողմից հայերին փրկելու դեպքերի մասին: «Թուրքեր, ովքեր փրկել են հայերին» արտահայտությունը, խոստովանենք, հայի ականջին խորթ է հնչում, եթե չասենք` ցասում առաջացնում: Բայց արդյոք այդ պատմությունները ճի՞շտ են: Այո՛, ճիշտ են: Կան բազմաթիվ օրինակներ ցեղասպանությունը վերապրածների գրավոր և տպագրված հուշերում, ինչպես նաև բանավոր պատմություններում, որոնք վկայում են, որ շարքային մուսուլմանները (թուրքեր, քրդեր, արաբներ) հայ անհատներին և ամբողջական ընտանիքներին օգնել են գոյատևելու, թեկուզ և` ժամանակավոր: 

Այսուամենայնիվ կա երկու հարց, որ պետք է հաշվի առնել այս թեմայի մասին խոսելիս: Դրանցից առաջինը վերաբերում է այս դեպքերի դասակարգմանը: Առհասարակ պատերազմների, զանգվածային կոտորածների և բնական աղետների ժամանակ մարդկային վարքագիծը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ: Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ամենաառաջին և ամենակարևոր սահմանումն այն է, որ հայերի կանխամտածված զանգվածային բնաջնջումը կազմակերպված էր օսմանյան պետության կողմից, և այն, անտարակույս, ցեղասպանություն էր: 

Ավելին, հայերի ցեղասպանության պարագայում Օսմանյան կայսրության մուսուլման բնակչության մեծամասնությունը դրական արձագանքեց պետության կողմից ծրագրված հանցագործությանը: Վերջիններս նման քաղաքականությունը համարում էին պետության անվտանգության տեսանկյունից բխող գործողություն: Այն նաև ընկալվում էր որպես լավ հնարավորություն հայկական ունեցվածքը կողոպտելու և բռնագրավելու միջոցով հարստանալու համար, իսկ Օսմանյան կայսրության ծայրահեղական մուսուլմանների համար՝ որպես հնարավորություն «անհավատներին» սպանելու միջոցով դեպի դրախտ իրենց մուտքն ապահովելու համար: Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության դեմ կատարված հանցագործություններում թուրքերի զանգվածային մասնակցությունը, այդ թվում` թուրք և քուրդ կանանց և երեխաների, պայմանավորված էր նաև երիտթուրքերի կառավարության կողմից տարվող պատերազմական քարոզչությամբ, հատկապես կայսրության՝ պատերազմի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց՝ 1914թ. նոյեմբերի վերջին արված Ջիհադի հայտարարությամբ: Սա ճակատագրական դարձավ հայերի և այլ քրիստոնյաների` պետականորեն ծրագրավորված ցեղասպանությանը սատարելու նպատակով օսմանցի մուսուլմաններին համախմբելու համար: Հայերի դեմ իրականացվող հանցագործության մեջ թուրք տարրի զանգվածային մասնակցության հարցը վառ կերպով ներկայացված է Ստամբուլի գերագույն հանձնակատարի՝ ծովակալ Ռիչարդ Վեբի կողմից Փարիզի Խաղաղության համաժողովին ուղարկված ծանուցագրի մեջ (ապրիլի 13, 1919 թ.). 

«Հայերի դեմ կատարված ոճրագործության համար բոլոր հանցագործներին պատժելն անհրաժեշտություն կառաջացնի զանգվածաբար պատժի ենթարկելու բոլոր թուրքերին, ինչի պատճառով առաջարկում եմ հատուցումն իրականացնել ինչպես ազգային մակարդակով՝ մասնատելով «հանգուցյալ» Օսմանյան կայսրությունը, այնպես էլ անհատական մակարդակով՝ դատելով բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր կան իմ ցանկում, և ում ճակատագիրը կարող է օրինակ դառնալ մյուսների համար»: 

Սա նշանակում է, որ պատերազմի ավարտից հետո Դաշնակից պետությունների ներկայացուցիչները հասկացել էին հանցագործությունների մեջ զանգվածաբար ներգրավված բոլոր թուրքերին պատժելու անհնարինությունը:

Երկրորդ հարցը վերաբերում է «արդար թուրքերի» թեմայի շուրջ հետզհետե աճող հետաքրքրությանը և փրկության դեպքերի դասակարգման անհրաժեշտությանը: Այսօր՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, մենք ականատեսն ենք Թուրքիայում և նրա սահմաններից դուրս երկու թեժ թեմաների լայնորեն քննարկման: Առաջինն այն թուրքերի մասին է, ովքեր փրկել են հայերին, իսկ երկրորդը վերաբերում է այսպես կոչված «ծպտյալ հայերին», նրանց, ովքեր մինչ օրս ապրում են Թուրքիայում: Մեծ միջոցներ են տրամադրվել այս թեմաներով հետազոտություններ և փաստագրում իրականացնելու համար` չհաշված վերջին տարիներին այս թեմային նվիրված մի քանի միջազգային գիտաժողովների կազմակերպումը: Ցավում եմ, եթե տապալում եմ ինչ-որ մեկի վարդագույն և լավ հաշվարկած ծրագրերն ու հեռանկարները, բայց պետք է նշեմ, որ հայերի փրկության դեպքերի վրա, որոնց իսկությունը վերը հաստատեցի, չափազանց կենտրոնանալու դեպքում դժվար չէ նկատել, որ մենք գործ ունենք Հայոց ցեղասպանության բուն թեմայից շեղելու՝ դեպի երկրորդական թեմա տանելու հստակ մարտավարության հետ: Չնայած սա ցեղասպանության արդարացման կամ ժխտման փորձ չէ, այդուհանդերձ նման շեշտադրումները նպատակ ունեն իրագործված ցեղասպանության թեմայի համատեքստում այս պատմությունները դարձնելու գերակա և առաջնային: 

Ծիծաղելի կլիներ, եթե ասեինք, այո՛, հայերի ցեղասպանություն եղել է, բայց այդ «ողբերգական իրադարձությունների» ընթացքում եղել են թուրքեր, ովքեր փրկել են հայերին: Ցանկացած փորձ՝ ուղղված Հայոց ցեղասպանության հիմնական պատումը փոխելուն, և ցանկացած ֆինանսական ներարկում՝ նման փորձերին օժանդակելու համար, անարդյունավետ են լինելու և վատ անդրադարձ կունենան երկու կողմերի հաշտեցման գործընթացի վրա: Իրական հաշտեցում կլինի միմիայն իրագործված հանցագործության և դրա հետևանքների վերացման անհրաժեշտությունը ընդունելու դեպքում: 

Մեկ այլ հարց է, թե ինչու են այս պատմությունները հայկական կողմի համար նույնպես կարևոր: Նախ և առաջ, ցեղասպանության ընթացքում թուրքերի կողմից հայերի կյանքը փրկելու վերաբերյալ բոլոր պատմությունները, թեև դրանք այնքան էլ շատ չեն, այդուհանդերձ պետք է բարձրաձայնվեն, քանի որ դրանք կոծկելը կամ դրանք հիշատակելուց խուսափելը հավասարազոր կլինի ժխտողականության դրսևորման: Այլ կերպ ասած՝ թուրքերի կողմից հայերին փրկելու պատմությունները Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմության անբաժանելի մասն են: Ավելին, այդ պատմությունները կարևոր են, քանի որ դրանք լրացուցիչ կերպով հաստատում են այն պնդումը, որ ցեղասպանությունը պետականորեն ծրագրավորված և իրագործված էր օսմանյան պետության կողմից: Հայերին փրկող մուսուլմանները ընդդիմանում էին թուրքական պետության քաղաքականությանը և թաքցնելով հայերին՝ վտանգում էին իրենց և իրենց ընտանիքների մյուս անդամների կյանքը: Հայտնի փաստ է, որ, թուրքական բանակի հատուկ հրամանի համաձայն, ցանկացած մուսուլման, ով իր տանը հայ թաքցներ, ենթակա էր իր տան առջև կախաղան բարձրացվելուն, իսկ նրա տունը` ամբողջությամբ հրդեհվելու: 

Սա թեմային վերաբերող կարևոր մի կետ է, քանի որ հայերի փրկության պատմություններին անդրադառնալիս պետք է պարզաբանենք, թե ով, ինչ պայմաններում և ումից է փրկել հայ զոհերին: Ակհայտ է, որ այս հարցադրումները մղվում են երկրորդ պլան: Հարկ է նշել, որ այն դեպքերը, երբ հայերի կյանքը փրկել են վերջիններիս շահագործելու կամ նրանց ունեցվածքը բռնագրավելու համար, չեն կարող համարվել փրկության դեպքեր: Դա նույնն է, երբ թուրքը, քուրդը կամ մեկ այլ ազգության ինչ-որ մեկը փրկում էր հայ ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի ամուսնանար նրա գեղեցիկ աղջկա հետ: Սրանք պարզապես ֆիզիկական փրկության դեպքեր էին, և հաճախ փրկված հայերը, այդ թվում` երեխաները, բռնի կրոնափոխ էին լինում, թուրքացվում իրենց նոր ընտանիքներում, կորցնում իրենց ինքնությունը, ինչը նույնպես համարվում է ցեղասպանական գործողություն՝ համաձայն ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի կոնվենցիայի դրույթների:

Վերադառնանք հիմնական սահմանմանը. իրական փրկության օրինակ է այն դեպքը, երբ թուրք անհատը կամ մի ողջ թուրք ընտանիք, ընդդիմանալով հայերին բնաջնջելու պետական ծրագրին, վտանգի տակ դնելով սեփական կյանքը, թաքցրել կամ փրկել է հայերին տեղահանությունից կամ անշահախնդիր օգնել է նրանց փրկվելու անխուսափելի մահից: 

Իսկ մնացյալ պատմությունները վերաբերում են բռնության և ամոթալի ցեղասպանական գործողություններին… 


Հայկ Դեմոյան, ՀՑԹԻ տնօրեն

Աղբյուրը՝ http://genocide-museum.am/

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին