▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջադեմ երկրները հրաժարվում են ատոմակայաններից, մենք՝ 10 տարով երկարաձգում ենք շահագործումը

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կառավարության ընդունելության ժամանակ հանդիպել է Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ Միրոսլավ Լիպարի հետ։

Քննարկման ընթացքում ԱԷԿ-ի շահագործումը ծրագրվել է երկարաձգել մինչև 2027 թվականը, հետո իրականացնել նոր բլոկների ներդրման աշխատանքներ։

Այսպիսով՝ արդեն հստակ կարող ենք փաստել, որ մեր երկիրը դեռ մի քանի տասնամյակ մնալու է Ռուսաստանին պատկանող ԱԷԿ-ի հույսին։ Հիշեցնենք, որ 2003 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ  Ռուսաստանի հետ կնքվեց «գույք պարտքի դիմաց» պայմանագիր, որի արդյունքում Մեծամորի ատոմակայանի շահագործումը անցավ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ին։

Հայաստանն ատոմակայան գործարկող միակ պետությունն է հարավային Կովկասում։ Աշխարհի տարբեր երկրներ արդեն վաղուց հրաժարվել են ատոմային էներգիայից, որոշ պետություններում ատոմային էներգիա ստանալը անգամ արգելված օրենքով։

 Քարտեզում ներկայացված է աշխարհի պետություններում ատոմային էներգիայի շահագործման տեղաբաշխումն ու կարգավիճակը։ 



Կապույտ՝   Շահագործվում են ԱԷԿ-ներ, կառուցվում են նոր էներգաբլոկներ 

Բաց կապույտ՝ Շահագործվում են ԱԷԿ-ներ, պլանավորվում են նոր էներգաբլոկների կառուցման աշխատանքներ  

Կանաչ՝ Չկան ԱԷԿ-ներ, կառուցվում են կայաններ 

Բաց կանաչ՝ Չկան ԱԷԿ-ներ, պլանավորվում են կառուցման աշխատանքներ 

Դեղին՝ Շահագործվում են ԱԷԿ-ներ, նոր ԱԷԿ-ների կառուցում չի պլանավորվում 

Կարմիր՝ Շահագործվում են ԱԷԿ-ներ, նախատեսվում է ԱԷԿ-ների թվի կրճատում 

Սև՝ Քաղաքացիական ատոմային էներգետիկան օրենքով արգելվում է 

Մոխրագույն՝ Չկան ԱԷԿ-ներ


2013 թվականից սկսած՝ ԱՄՆ-ում փակվել է շուրջ 5 ատոմակայան, նախատեսվում է մինչև 2019-ի վերջը դադարեցնել ևս 8 ատոմակայանի աշխատանք։ Ըստ Ֆրանսիայի բնապահպանության նախարարի պաշտոնական հայտարության՝ պլանավորվում է մինչև 2025 թվականը Ֆրանսիայում փակել շուրջ 17 ռեակտոր։ Գերմանիայում մինչև 2022 թվականը փակվելու են երկրի բոլոր ատոմակայանները (8-ն արդեն փակված են)։ Իսկ Իտալիայում և Բելգիայում ԱԷԿ-ների շահագործումը արգելված է օրենքով։

  Ինչպես տեսնում ենք, չնայած իր մատչելիությանն ու արդյունավետությանը՝ մի շարք առաջատար երկրներ արդեն լիովին կամ մասնակի դադարեցրել են ԱԷԿ-ների շահագործումը։ Պատճառները շատ են ու մտահոգիչ (հայերի համար առանձնապես)։ Վտանգներից առաջնայինը պայթյունի հավանական ռիսկն է, ինչպես եղավ Ֆուկուշիմայի և Չեռնոբիլի դեպքում։ Այդ պայթյունները ոչ միայն խլեցին հազարավոր մարդկանց կյանքեր, այլև շրջակա միջավայր արտանետեցին խիստ վտանագավոր ճառագայթում՝ ստիպելով հարյուր հազարավոր մարդկանց ընդմիշտ լքել իրենց բնակավայրերը։ Եթե նման ողբերգական պատահար տեղի ունենա Մեծամորի ատոմակայանում, ապա վտանգի կենթարկվի ոչ միայն Մեծամորի շրջակա բնակչությունը, այլ նաև Երևանը, քանի որ հայկական ատոմային էլեկտրակայանը Երևանից հեռու է ընդամենը 36 կմ։ 

Ինչպես նաև մեծ ռիսկ է պարունակում ատոմակայանի ռեակտորի գերտաքացումը, որը հանգեցնում է ռեակտորի միջուկի հալմանը, ինչի հետևանքով ԱԷԿ կարող է արտանետել շրջակա միջավայրի համար խիստ վտանգ ներկայացող ճառագայթում։

Երկրորդ պատճառը ռադիոակտիվ թափոնների արտանետումն է, որը խիստ վնասակար է բնության ու մարդկանց համար։ Այդ ռադիոակտիվ թափոնները շարունակում են իրենց ճառագայթումը տասնյակ հազարավոր տարիներ։

Մակընթացային էլեկտարկայան, հողմնային էներգիա

Աշխարհի առաջադեմ երկրները, հրաժարվելով ԱԷԿ-ներից, սկսել են օգտագործել բնական ռեսուրսներ՝ արևի լույս, քամի, նույնիսկ անձրև ու մակընթացություններ։ 

Հայաստանի բնակլիմայական պայմաններն ու բնության ընձեռած հնարավորությունները թույլ են տալիս, ոչ միայն հրաժարվել ատոմային էներգիայից, այլև ճիշտ մարտավարության դեպքում ստանալ էկոլոգիապես մաքուր ու ավելի էժան էներգիա։

 Ցավալի է, որ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ին պատկանող ատոմակայանի  ճակատագիրը կախված չէ մեզնից, և մի միլիոնից ավել հայ շարունակելու են ապրել պոտենցիալ վտանգից 36 կմ հեռավորության վրա։


Նյութը պատրաստեց Հովհաննես Եսայանը 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին