Հարցազրոյց Իրանի Իսլամաան Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի հետ/հարցազրույցը դասական ուղղագրութամբ է/:
Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի շուրջ վեցամեայ դիւանագիտական գործունէութիւնը Իրանում աւարտւեց:
Դեսպանի լիազօրութիւնների աւարտին վերջին հարցազրոյցը ունեցանք դիւանագէտի հետ, որին մասնակից ենք դարձնում նաեւ մեր ընթերցողներին:
***
Ալիք - Մեկնարկում է Ձեր դիւանագիտական նոր շրջանը, քանզի այստեղ աւարտւեց Ձեր պաշտօնավարութեան շուրջ վեցամեայ ժամանակաշրջանը եւ, եթէ կարելի է, կիսւէք Ձեզ մօտ համայնքից թողած ամենավառ տպաւորութիւններից մէկով:
Գ. Ա. - Բնականաբար, ամէն մի աւարտ նոր մեկնարկի սկիզբն է: Իմ գործունէութիւնն Իրանում դեսպանի կարգավիճակում աւարտւում է: Թէ ո±ր ոլորտում կը շարունակեմ աշխատանքս, առայժմ չգիտեմ: Բայց գիտեմ, որ աշխատելու եմ, իմ կարողութիւններն ու ցանկութիւնը դեռեւս սպառւած չեն:
Իրանում աշխատած տարիներին, թէ° որպէս դեսպան, եւ թէ° այլ հանգամանքներում բազմաթիւ շփումներ եմ ունեցել համայնքային կառոյցների հետ եւ, այդ աշխատանքը համարել եմ իմ գործունէութեան գլխաւոր ուղղութիւններից մէկը: Ուրախ եմ, որ իմ առաքելութեան տարիներին որոշակի ակտիւութիւն է արձանագրւել ՙՀայաստան՚ Համահայկական հիմնադրամի աշխատանքներում: Համոզւած եմ, որ գործընկերային շփումների արդիւնքում ձեռք եմ բերել մեծ թւով բարեկամներ, որոնց հետ իմ կապերը կը շարունակւեն նաեւ ապագայում:
Ես յաճախ եմ խօսում այն մասին, որ նկատի ունենալով իմ ծագումնաբանութիւնն ու արմատները, Իրանում աշխատած տարիներին հպարտութեան բազմաթիւ պահեր եմ ունեցել, քանի որ իրանահայութիւնն իր ազգային նկարագիրն ու ինքնութիւնը պահպանելու հարցում եղել է անսահման նախանձախնդիր:
Այնքան շատ են իմ վառ տպաւորութիւնները համայնքից, որ այժմ դժւարանում եմ կենտրոնանալ դրանցից մէկի վրայ: Ես հետագայում իմ յուշագրութիւններում անպայման կանդրադառնամ համայնքային շփումների մասին իմ լաւագոյն տպաւորութիւններին: Այսօր միայն կասեմ, որ ինձ հետ հայրենիք եմ տանում ձեզ հետ շփումների արդիւնքում կուտակւած ջերմութեան մեծ պաշար: Այդ ջերմութիւնն այնքան անսպառ է, որ ես ու իմ ընտանիքի անդամները մշտապէս սիրով ու բերկրանքով կը յիշենք Իրանում անցկացրած մեր լաւագոյն տարիները: Քանի որ այդ տարիները լի էին անմոռանալի պահերով:
Ալիք- Ձեր պաշտօնավարման ժամանակահատւածում հայ- իրանական յարաբերութիւնների ինչպիսի զարգացումներ արձանագրւեցին:
Գ. Ա. - Ես աշխատել եմ հաւատարիմ մնալ անցնող տարիների ընթացքում դեսպանութեան աշխատանքներում ձեւաւորւած աւանդոյթներին եւ փորձել եմ ապահովել մեր երկկողմ յարաբերութիւնների զարգացման դինամիկանª այն հասցնելով այսօրւայ ցանկալի մակարդակին: Քաղաքական երկխօսութեան առումով մենք որեւէ խնդիր չունենք: Առեւտրատնտեսական ոլորտում գոյութիւն ունեցող դժւարութիւնների յաղթահարման ուղին այլեւս հարթեցման ընթացքում է գտնւում, քանի որ Իրանի նոր կառավարութեան որդեգրած հաւասարակշռւած քաղաքականութեան շնորհիւ օրըստօրէ բարձրանում է Իրանի միջազգային հեղինակութիւնը, որն ուղղակիօրէն բարենպաստ պայմաններ է ապահովում առեւտրատնտեսական գործունէության ակտիւացման համար:
Այս ընթացքում ինձ յաջողւել է Իրանի ու Հայաստանի տարբեր շրջանների ու քաղաքների միջեւ ստեղծել գործընկերային յարաբերութիւններ, որոնք միջկառավարական համագործակցութեանը զուգընթաց կարողացել են բարեկամական ուղիղ կապեր հաստատել:
Բացի այդ, իմ ուշադրութեան կենտրոնում է եղել մշակութային կապերի զարգացումը: Սա այն ուղղութիւնն է, որտեղ համագործակցութեան եզրերն անսպառ են: Գրահրատարակչութեան ոլորտում համագործակցութիւնը այդ ուղղութիւններից մէկն է, որը զարգացման լուրջ հեռանկարներ ունի:
-Ալիք-ը Ձեր մասին ի՞նչ չգրեց:
-Ալիք-ը իմ մասին ինչ ասես չգրեց: Եթէ ժամանակ գտնեմ, անպայման համակարգչի եւ համացանցի ընձեռած հնարաւորութիւնների միջոցով կը ճշտեմ նախ իմ մասին գրւածը, տարբեր առիթներով իմ հարցազրոյցների ու ելոյթների քանակն ու բովանդակութիւնը, որից յետոյ միայն բացասման մեթոդոլոգիայի օգնութեամբ կը պարզեմ, թէ ինչ չի գրւել իմ մասին: Մի բան յստակ կարող եմ ասել. ՙԱլիք՚-ն այնքան բարեհաճ է եղել ՀՀ դեսպանութեան նկատմամբ, որ երբեւէ չի զլացել հրապարակել մեր առաջարկած նիւթերը:
Ալիք-ը չի գրել, որ ես կարօտելու եմ Իրանն ու իրանահայութեանը: Թող այդ մասին էլ գրի:
Շնորհակալութիւն:
Հարցազրոյցը վարեց
ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ