ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Իլհամ Ալիեւի երեկվա խայտառակ ելույթին մեր պատվիրակության անդամներն այդպես էլ չարձագանքեցին: Նրանք գլուխները կախ, լուռ լսում էին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը հայերին մեղադրում մշակութային վանդալիզմի մեջ, մեզ կոչում ընդամենը 200 տարվա պատմություն ունեցող քոչվորներ եւ այլն: Եվ բարբաջանքների այդ երկրաշունչ տարափը այդպես էլ որեւէ ձեւով չխաթարվեց մեր պատվիրակության անդամների ելույթով, հարցով, կամ գոնե ռեպլիկով:
Մինչդեռ ընդգծենք` Ադրբեջանի նախագահի ոչ միայն ելույթն էր նախօրոք պլանավորված, այլեւ դրա բովանդակությունն էր միանգամայն սպասելի: Հետեւաբար` ՀՀ պատվիրակության անդամները շատ հանգիստ կարող էին եւ պարտավոր էին ոչ միայն ժամանակին հերթագրվել, այլեւ վաղօրոք մշակել հակադարձելու մի քանի տարբերակներ: Երեկ, սակայն, անգամ Ալիեւից հետո ելույթ ունեցած Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակին, այդպես էլ նվազագույն նախաձեռնություն չդրսեւորեց եւ վաղօրոք գրած տեքստից չշեղվեց: Անհասկանալի էր նաեւ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի բացարձակ անգործությունը: Ծայրահեղ դեպքում` նա կարող էր Ալիեւին հարց ուղղել: Ի վերջո, Ալիեւն էլ հո Կիսելյովը չէր, որ Նաղդալյանն այդքան կաշկանդվեց:
Եթե ՀՀԿ-ական փափկասուն տիկնանց լռությունը կարելի էր պայմանավորել փորձառության պակասով կամ անգլերենի չիմացությամբ, ապա տարակուսելի էր սովորաբար ակտիվ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի կեցվածքը, եւ ավելի քան խոսուն` ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի լռությունը: Անհիշելի ժամանակներից ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված Արմեն Ռուստամյանին չենք հիշատակում, քանզի ԵԽԽՎ-ում նրա գործունեության մասին առհասարակ դժվար է որեւէ բան ասել` չեղած բանի մասին խոսելու անհնարինության պատճառով: Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին կամ Մհեր Շահգելդյանին, նրանց ակտիվությունն անգամ հայրենի ԱԺ-ում է զրոյական, ուր մնաց թե` նրանք ԵԽԽՎ-ում ինչ-որ բան անեին: Երեկ ավելի քան երբեւէ, զգացվեց Զարուհի Փոստանջյանի պակասը ԵԽԽՎ-ում, ով ի հեճուկս իր հասցեին հնչեցվող մեղադրանքների, հաստատ կհակադարձեր Ալիեւին:
Ինչեւէ. եղածը եղած է, եւ վստահաբար` այսօր մեր «քաջարի» պատվիրակները մեկ տասնյակ պատճառաբանություններ կներկայացնեն` արդարացնելու իրենց անկարողությունը, նրանք անգամ կմեղադրեն լրատվամիջոցներին` իրավիճակը չզգալու եւ առանց դիվանագիտական հաշվարկների մեջ խորանալու` էմոցիոնալ գնահատականներ հնչեցնելու համար: Այդ ամենը, սակայն, որեւէ մեկին չի համոզի:
Հ. Գ. Կարծում ենք` առաջիկայում արժե ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկել Առաքել Մովսիսյանին` Շմայսին: Ի վերջո, Շմայսից հաստատ ավելի շատ օգուտ կլինի, նա գոնե Ալիեւին անկեղծորեն կհայհոյի:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում