«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական «Լա ռեպուբլիկա» պարբերականին տված հարցազրույցից հետո հայ-ռուսական փոխհրաձգություն եղավ՝ ո՛չ ՀՀ իշխանական վերնախավը, ո՛չ ՌԴ գործիչներն ու վերլուծաբաններն այլեւս խոսքի կոռեկտությանը չեն հետեւում։ Բանը հասավ նրան, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ալեն Սիմոնյանի խոսքը մեկնաբանելով, օգտագործեց անթույլատրելի արտահայտություն՝ «հռետորաբանություն, որը լպիրշության սահմանին է»։ Փաշինյանի խոսքը «լկտիություն» անվանեց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Զատուլինը։ Ալեն Սիմոնյանն իր հերթին «աբսուրդ» բառն էր օգտագործել՝ բնորոշելով Զախարովայի կարծիքը, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետեւանքն է։ Փաշինյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի կարող ապահովել ՀՀ անվտանգությունը, Մարիա Զախարովան բնորոշեց վատ պարողին խանգարելու մասին հայտնի ասացվածքով։ «Պետք է կարողանալ պատասխանել սեփական արարքների համար, ոչ թե մեղավորներ փնտրել։ Պետք է անձամբ պատասխանատվություն կրել եւ չդնել այն ինչ-որ մեկի ուսերին։ Սա է քաղաքական գործչի տարբերությունն անցողիկ մեկից, որը չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին»,- ասաց Զախարովան։
Մենք մի քանի հարց ուղղեցինք ՌԴ առաջատար փորձագետ, վերլուծաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին, ում հակաադրբեջանական հայտարարությունների պատճառով անցյալ տարի ազատեցին ՌԴ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից (ՄԳԻՄՕ), իսկ Ադրբեջանը քրեական գործ հարուցեց նրա դեմ։
- Փաստորեն, Ռուսաստանը Փաշինյանին համարում է անցողիկ մեկը։ Այստեղ չկա՞ մանիպուլյացիա։ Մեծ հաշվով, Փաշինյանն իրականացնում է Ադրբեջանի բոլոր ցանկությունները եւ այս առումով այս պահին ձեռնտու է նաեւ Ռուսաստանին։
- Ես փոքր-ինչ այլ հայացք ունեմ այդ իրավիճակին։ Բանն այն է, որ մինչեւ հիմա Հայաստանն իրեն համեստ էր պահում, ինչ-որ անորոշ բաներ էր ասում, եւ սա թույլ տվեց ՌԴ ԱԳՆ-ին՝ քննադատել Հայաստանի վարչապետին։ Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Զախարովան Ալիեւին քննադատի։ Մինչդեռ քննադատության առիթ կա։ Նա, օրինակ, ուկրաինական զորքերի համար արդեն ականազերծման սարքավորումներ է մատակարարում։ Դա թշնամական գործողություն է, բայց չէ՞ որ նա մեզ հետ դաշնակցային հարաբերությունների մասին ակտ է ստորագրել։ Իսկ Լաչինի միջանցքում իր քայլերով չէ՞ որ նա ոչ միայն Ղարաբաղին է վնաս հասցնում, այլեւ մեր խաղաղապահներին։ Այնուամենայնիվ, նրա հասցեին ոչ մի քննադատություն չկա, կարծես նա ամեն ինչ ճիշտ է անում։ Հերիք է, որ Ռուսաստանը մի փոքր բացի բերանը կամ չնչին արարք անի, միանգամից կոշտ ռեակցիա է հետեւում։ Մի շաբաթ առաջ Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահն այցելել էր ինչ-որ թալիշական կազմակերպություն՝ հոբելյանի կապակցությամբ, եւ նրանց դեսպանն անմիջապես բողոք էր ուղղել Սվերդլովյան մարզի նահանգապետին։ Այսինքն՝ մեզ մոտ հենց մեկը մի բան է ասում, միանգամից դատապարտող հայտարարություններ, բողոքի նոտաներ են հղվում Ադրբեջանից։ Իմ դեմ նույնիսկ քրեական գործ հարուցեցին։ Ադրբեջանն իրեն շատ լկտի է պահում, եւ մեր «չինուշաները» ոնց որ վախենում են։ Հնարավոր է նաեւ, որ սա ուժեղ ադրբեջանական լոբբիի հետեւանքն է, որից Ռուսաստանի ներսում վախենում են։ Ադրբեջանն այստեղ լուրջ դիրք է ստացել, կաշառել է՝ ում պետք է, վախեցրել է մյուսներին, եւ անում է՝ ինչ ուզում է։ Հրամայում է մեր նահանգապետերին։ Սա վրդովվեցուցիչ է, պետք է նրանց տեղը դնել, քանի դեռ հնարավոր է։ Բայց ոչ ոք ոչինչ չի անում։ Իսկ Հայաստանին կարելի է քննադատել, որովհետեւ Հայաստանը դեմոկրատական երկիր է, այնտեղ չեն օգտագործում ֆաշիստական մեթոդներ։ Վախի մթնոլորտ ստեղծելն այլ պետությունում գեստապոյական մեթոդ է, Հայաստանը դրանով չի զբաղվում, եւ, հետեւապես, կարելի է Հայաստանը քննադատել։
- Բաց Փաշինյանն էլ արգելում է ՌԴ հայտնի գործիչների մուտքը Հայաստան՝ Զատուլինի, Կրիվոպուսկովի, մյուսների։ Սա դեմոկրատիա՞ է։
- Զատուլինը եւ Մարգարիտա Սիմոնյանը բացահայտ քննադատել են Փաշինյանին։ Բայց Կրիվոպուսկովի պահն ինձ համար էլ հասկանալի չէ։ Նա գուցե էլի ինչ-որ տեղ երեւացել է քննադատությամբ, բայց Հայաստանն իրավունք ունի ներս չթողնել իր կառավարությանը քննադատողներին։ Սակայն գոնե քրեական գործեր չի հարուցում, ինչպես Ադրբեջանը, ինչպես Ալիեւը՝ մեր շատ փորձագետների դեմ։ Բայց Ալիեւը լավն է, պարզվում է, իսկ Փաշինյանը՝ ոչ։ Հայկական կողմը չի պատասխանել հաճախ այս քննադատությանը։ Ընդ որում, Զախարովան, օրինակ, հաճախ խեղաթյուրում էր փաստերը, կարնավալային հայտարարություններ էր անում, որոնք վիրավորական են վարչապետի համար։ Ես նույնիսկ հոդված եմ գրել, որ Զախարովայի «կարնավալային հայտարարությունները չեն համապատասխանում ԼՂ հումանիտար ճգնաժամի իրավիճակին»։ Նա դադարեց նման հայտարարություններ անել, բայց շարունակեց ստել, այլափոխել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այդպես չի կարելի անել։
- Մամուլում՝ ՏԱՍՍ-ի միջոցով, լայնորեն տարածվեց ՌԴ ինչ-որ դիվանագիտական աղբյուրից ստացված տեղեկությունը, թե Մոսկվայում շատ դժգոհ են Փաշինյանից։ Ի՞նչ աղբյուր է դա, Ձեզ հայտնի՞ է։
- Հավանաբար, Փաշինյանը չդիմացավ եւ սկսեց պատասխանել։ Ու հենց որ նրանց պատասխանեցին, ՌԴ ԱԳՆ-ն լռեց եւ սկսեց հանդես գալ ինչ-որ դիվանագիտական աղբյուրի անունից։ Արդեն իրենց անունից խուսափում են խոսել, թաքնվում են ինչ-որ դիվանագիտական դժգոհ աղբյուրների տակ։ Լուրջ բանավեճին ՌԴ ԱԳՆ-ն չի դիմանում։
- Ասում եք՝ լուրջ բանավեճ։ Փաշինյանը հայտարարում է, որ սխալ էր անվտանգային հարցերում մեր կախվածությունը ՌԴ-ից, որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից։ Բայց չէ՞ որ սա Ադրբեջանին է ձեռնտու, որ ՌԴ-ն հեռանա։ Այսինքն՝ Փաշինյանը պրոադրբեջանական դիրք ունի այս հարցում։
- Փաշինյանը ճիշտ է մի հարցում՝ որ ՌԴ-ն օբյեկտիվորեն չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտականությունները։ Իսկ եթե չի կատարում դրանք, ապա ինչո՞ւ պետք է մնա ՀՀ-ում։ Հայաստանը դեռ ինչքա՞ն պետք է հանդուրժի ՌԴ ներկայությունը, եթե ՌԴ-ն ոչինչ չի անում ՀՀ-ին օգնելու համար։ Սա է տրամաբանությունը։ Պատկերացրեք՝ եթե Ղարաբաղում էթնիկ զտում տեղի ունենա, բոլոր այդ մարդիկ՝ 120 հազար, կվազեն Հայաստան։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հակառուսական տրամադրություն նրանք կունենան։ Այդ բոլոր մարդիկ ՌԴ-ին կընկալեն որպես մի դավաճանի, որը լքեց իրենց։ Նրանք՝ բոլորը, կգան Երեւան ու կպահանջեն, որ այդ ռուսական բազան դուրս հանեն, որ խզեն ՌԴ-ի հետ բարեկամության, գործընկերության եւ փոխօգնության համաձայնագիրը։ Եվ ի՞նչ կպատասխանի կառավարությունը։ Ոչինչ։ Ստիպված՝ կխզի ու ռազմաբազան կվռնդի։ Ըստ էության, ՌԴ ԱԳՆ հավասար հեռավորության քաղաքականությունը բերում է ճգնաժամի, որը հասունանում է ու ամեն պահ կարող է պայթել։
- Որքանո՞վ է տրամաբանական Զախարովայի պատասխանը Փաշինյանին, թե նա է մեղավոր, քանի որ ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Չէ՞ որ դրա մեջ կա տրամաբանություն։
- Ոչ, չկա։ Որովհետեւ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվականին, միշտ։ Բայց սա չի նշանակում, որ չի ընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ռուսաստանը չէ՞ որ ճանաչում էր Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց հետո ընդունեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Նույնկերպ Ալբանիան էր ընդունում Սերբիայի տարածքային ամբողջականությունը, իսկ հետո ընդունեց Կոսովոն։ Ռուսաստանը ճանաչեց Ղրիմի անկախությունը, թեեւ ճանաչում էր Ուկրաինայի ամբողջականությունը։ Այսինքն՝ սա Զախարովայի հորինվածքն է, որ այս հարցում ինչ-որ նորություն կա։ Ոչ մի նոր բան չի կատարվել։ ԼՂ կարգավիճակը 94 թվականից ընթացող բոլոր բանակցություններում նախ դիտարկվում էր որպես անկախության հավակնություն ունեցող հանրապետություն, հետո արդեն՝ Մադրիդյան սկզբունքները ՀՀ-ի կողմից՝ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրելուց հետո սկսեց ընկալվել որպես վիճելի։ Սրանով Սերժ Սարգսյանն ընդունեց ԼՂ կարգավիճակի վիճելիությունը։ Որովհետեւ նա համաձայնեց ռեֆերենդումի։ Այդ ժամանակվանից ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ ՀՀ-ն համարում է, որ ԼՂ կարգավիճակը վիճելի է, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Փաշինյանի բանաձեւն է՝ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Չէ՞ որ այն ներառում է նաեւ ինքնորոշման իրավունքը։ Փաշինյանն այս մասին հրապարակավ չի խոսում, քանի որ Ադրբեջանն անմիջապես կսկսի մեղադրել Հայաստանին՝ տարածքային հավակնությունների մեջ, ինչը նա արդեն արել է ու բավականին հաջող, երբ աշխարհում շատերին համոզեց, որ Հայաստանն ագրեսոր է, որն օկուպացրել է իր տարածքները։ Հիմա այս սցենարը հաջողվել է կոտրել։ Ադրբեջանը հիմա ստիպված է ապացուցել, որ պաշտպանում է ԼՂ ժողովրդի իրավունքները, բայց սա լավ չի ստացվում նրա մոտ։ Միաժամանակ շրջափակում է նրանց։ Ադրբեջանը հայտնվել է արդարացողի դերում, եւ սա հայկական դիվանագիտության արդյունքն է։ Հիմա արդեն աշխարհում, Արեւմուտքում, ՌԴ-ում սկսեցին խոսել գենոցիդի, էթնիկ զտումների մասին։ Մեր պատգամավորը՝ Միրոնովը, հայտարարեց, որ հասունանում է գենոցիդ։ Մարդիկ սկսում են այս մասին խոսել, իսկ Ադրբեջանն ասելիք չունի։ Հիմա նա ընտրության առաջ է՝ գնա՞լ էսկալացիայի, զորքեր մտցնե՞լ՝ խախտելով բոլոր համաձայնությունները, թե՞ ոչ։ Սա կլինի Սահակաշվիլու նախադեպը, որն Ալիեւը չէր ցանկանա։ Ահա թե ինչու նա նախընտրում է Ղարաբաղը սովով խեղդել։
- Ի՞նչ եք կարծում՝ ռուս խաղաղապահները կհեռանա՞ն։ Ոնց որ թե Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո հակառակ ռեակցիան սկսվեց ռուսական կողմից՝ Պեսկովն ասաց, որ ռուսները չեն պատրաստվում գնալ տարածաշրջանից։
- Փաշինյանը սրեց հարցը եւ ստիպեց մեր պաշտոնյաներին՝ արձագանքել որոշակի հնարավոր հեռանկարների։ Նրանք հիմա ձեւ են տալիս, թե ոչ մի բան չի կատարվում, բայց ակնհայտ է, որ եթե ՌԴ-ն լքի Ղարաբաղը, պետք է հեռանա նաեւ Հայաստանից։ Հայերը չեն ների ՌԴ-ին ԼՂ էթնիկ զտման համար։ Իսկ Ռուսաստանին ոչ ոք չի թողնի, որ Ադրբեջան մտնի։ Եթե Պուտինը կամ Պեսկովը կարծում են, թե Ադրբեջանն ուրախացած կթողնի, որ իրենք մտնեն այնտեղ, բազա հիմնեն, դաշնակից դառնան, ապա դա հիմարություն է։ Արդյունքում Ռուսաստանը կկորցնի ներկայությունն Անդրկովկասում։
Հեղինակ՝ Սյուզան Սիմոնյան
Նյութը՝ սկզբնաղբյուրում