Օրերս ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ս․թ․ ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։ Ուստի, ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն:
Նշենք, որ նախատեսվում է դատական հայց ներկայացնել նաև Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի երեք տարեց հայ բնակիչների սպանության և ականջները կտրելու փաստով:
Արդյո՞ք Ադրբեջանն այս վայրագությունների համար պատասխան կտա, արդյոք կկիրառվե՞ն սանկացիաներ այդ երկրի նկատմամբ հարցին անդրադառնալով «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը բացասական պատասխան տվեց.
«Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառվի: Այսօր Ադրբեջանն ասում է՝ ես ի՞նչ եմ արել որ: Հա, կարող է՝ Կարմիր խաչը երկու հայտարարություն անի հումանիտար իրավունքի ոտնահարման հարցով, բայց վերջը լինելու է այն, որ ադրբեջանցիներն էլ են փաստեր բերելու: Եթե հիշում եք՝ սկզբում հայտնեցին, որ խաղաղ բնակչության մեջ զոհեր չկան, հետո կասեն՝ եղել է: Թիվ է՝ կկրակեն, եթե պետք է՝ դիակ էլ կգտնեն: Շատ են դեպքեր եղել, երբ հայերի դիակները ներկայացրել են որպես իրենցը: Աշխարհն էլ կանգնելու է ու ասի՝ երկու կողմերն էլ մեղավոր են, Ռուսաստանն էլ կասի՝ իրար կոտորում են, մի մանդատ տվեք՝ զորքերս մտցնեմ, խաղաղություն հաստատեմ: Աշխարհը կտա դա, որովհետև արնահոսությունը պետք է կանգնեցնել: Հետո Ռուսաստանը կասի՝ Ադրբեջան ջան, ի՞նչ ես ուզում, կասի՝ Արցախը: Իհարկե, Ռուսաստանը չի թողնի, որ հայերին շատ կոտորեն, մի մասին կթողնեն, որ ասեն՝ ռուսներն են մեր փրկիչը: Հայ համայնքն էլ որպես գործոն կպահեն: Մերոնք էլ այստեղ կասեն՝ ինչ լավ էր ու կշարունակեն իրենց բիզնեսը: Շատ եմ ասել՝ մի՛ դարձրեք Արցախը մանրադրամ՝ ԵԱՏՄ մտնելու հարցում: Այն պահին, երբ մտանք այս միություն, թաղեցինք Արցախի հարցը, քանի որ դադարեցինք որևէ կարևորություն ներկայացնել Ռուսաստանի համար»:
Անի Կարապետյան