2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր:
«2014 թվականի վերջի տվյալներով փախստականների թիվը մոտ 60 միլիոն է: Աշխարհում ամեն մի 122-րդ անձ փախստական է»-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին և ծանր վիճակում հայտնված սիրիահայերի խնդրին՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը նկատեց.
«Արաբական երկրներում բիզնես մթնոլորտը խաղաղ ժամանակ շատ բարենպաստ է, և անձը, որ գործել է նման պայմաններում, գալով Հայաստան՝ տհաճ իրավիճակում է հայտնվում: Սիրիահայերի անգամ այն չնչին տոկոսը, որը Հայաստան է գալիս, խոսում է այն մասին, որ դեռ հեռու են այն պայմանները, որով Հայաստանը կարող է ապահովել նրանց: Առայժմ մենք այն երկիրը չենք, որը կարող է մեծ թվով փախստականների ընդունել »:
Լարիսա Ալավերդյանն անդրդարձավ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժած և ՄԻԵԴ դիմած երկու հայցերով կայացրած վճիռներին, համաձայն որոնց «Չիրաղովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ-ը պատասխանող երկրներից պահանջել է վերականգնել փախստական քաղաքացիների խախտված իրավունքները:
«Այս հարցը նոր փուլ է մտել, ուստի պետք է կարողանանք ցույց տալ խորքային այնպիսի հանգամանքներ, որոնք հաշվի չեն առնվել դատարանի կողմից: Օրինակ այն, թե ի՞նչ պարագայում են տեղի ունեցել դեպքերը»:
Բանախոսի կարծիքով Ադրբեջանն օգտվելու է այս վճիռներից՝ նոր հակահայկական քարոզչությունն ակտիվացնելու, այլ հարցեր բարձրացնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների աշխատանքը կասկածի տակ դնելու համար:
«Օգտվելու է վճիռներից՝ անարդար պտուղներ քաղելու համար»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Մինաս Սարգսյանը Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ է, նա ՄԻԵԴ էր դիմել 2006 թվականին։ Գործի քննության ընթացքում Սարգսյանը մահացել է, և գործին հետևում են նրա կինը և զավակները։ Սարգսյանի պահանջը կապված էր իր գույքի տիրապետման իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, հայերի նկատմամբ Ադրբեջանում խտրական վերաբերմունք դրսևորելու, Ադրբեջանում հայկական գերեզմանները ոչնչացնելու և հայերին իրավական պաշտպանությունից զրկելու հետ։ ՄԻԵԴ֊ի որոշման համաձայն, հայ փախստականի իրավունքը խախտվել է՝ Ադրբեջանում իր սեփականությանը հասնելու անհնարինության պատճառով, ինչը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։ «Չիրաղովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Լաչինի շրջանի նախկին բնակիչներ Էլհան և Ադշիրին Չիրաղովները, Ռամիզ Ջաբրայիլովը ընդդեմ Հայաստանի հայց են ներկայացրել՝ նշելով, թե ղարաբաղյան հակամարտության ժամանակ՝ 1992 թվականի մայիսի 17-ին, լքել են Լաչինի շրջանը: Հայցում նրանք նույնպես նշել էին, որ հնարավորություն չունեն վերադառնալ իրենց բնակավայր, տնօրինել իրենց պատկանող գույքը, որի համար էլ Հայաստանի Հանրապետությունից փոխհատուցում էին պահանջում։ ՄԻԵԴ-ը բավարարել է նրանց հայցը՝ նշելով, որ տվյալ դեպքում էլ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության հասնելու արդյունավետ միջոցի իրավունքները։ ՄԻԵԴ֊ը փոխհատուցման հարցի մասին որոշում չի կայացրել՝ կողմերին 12 ամիս ժամանակ տալով խնդրի շուրջ համաձայնության գալու համար։
Անի Կարապետյան