1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է նախկին զինծառայող Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, 20-ամյա Ա.-ն խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում համածառայող կրտսեր սերժանտ Ս.-ին հալածել է՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
Տուժողը, ըստ մեղադրանքի, 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, գիշերվա ժամը 3-ին վաշտի ննջարանում քնած է եղել, նրա՝ անօգնական վիճակում գտնվելուց օգտվելով, նրա կամքին հակառակ՝ Ա.-ն իջեցրել է նրա կիսավարտիքը ու կատարել է ձեռնաշարժություն:
Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին և 139 հոդվածի 1-ին մասերով:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Ա.-ն, ում խափանման միջոցը կալանավորումն էր, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:
Տուժող Ս.-ն դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ ամբաստանյալի նկատմամբ ինքը պահանջ, բողոք չունի:
Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը բնութագրվել է դրական, նախկինում դատված չի եղել, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է ու հաշտվել տուժողի հետ:
Ամբաստանյալ Ա.-ն մեղավոր է ճանաչվել և վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի 3 ամիս ազատազրկման:
Այս պատժին հաշվակցվել ու պատժից հանվել է ամբաստանյալի՝ կալանքի տակ գտնվելու 4 ամիս 3 օր ժամկետը, ու սահմանվել է 2 տարի 10 ամիս 27 օր ազատազրկման:
Ա.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
Ամբաստանյալ Ա.-ն անհապաղ ազատ է արձակվել կալանքից դատարանի դահլիճում:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը՝ պահանջելով պատժի մասով փոփոխել դատավճիռը, ամբաստանյալ Ա.-ին դատապարտել իրական ազատազրկման՝ վերացնելով նրա նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում