Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության, Թեհրանի և Բաքվի հարաբերությունների վրա դրա ազդեցության և հաջորդ տարում հարաբերությունների հեռանկարի մասին ասել է, որ Ղարաբաղի հիմնական քաղաքները պատրաստվում են ադրբեջանցիների վերադարձի համար, գրում է «ՊարսԹուդեյ»-ը։
Այս տարածքներում ապրող գրեթե բոլոր հայերը տեղափոխվել են Հայաստան, և դա պատճառ է դարձել, որ Լաչինի միջանցքը, որի մասին ստորագրվել էր Պուտինի միջնորդությամբ ղարաբաղցի հայերին Հայաստանի հետ կապելու համար, կորցրեց իր գործառույթը։
Խոսրոշահին «Դոնյայե էղթեսադ» թերթի հոդվածում գրել է. «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը Նախիջևանը կապում է նոր ազատագրված հողերին, նշանակում է հայկական տարածքի նվիրում. ուստի այն, ինչ պահանջում էր Բաքուն, լիովին բացառվում է։ Ներկայումս խոսվում է այն երթուղիների վերաբացման մասին, որոնք եղել են Հարավային Կովկասում խորհրդային տարիներին։
Կովկասի հարցերով հետազոտողն ընդգծել է, որ պատմությունն այստեղ չի ավարտվում: «Կովկասը բազմաթիվ արտաքին խաղացողների դերակատարման դաշտն է։ Հայաստանի վարչապետը մշտապես մտածում է Ռուսաստանից հեռանալու և դեպի Արևմուտք գնալու մասին։ Օրերս նա ռուսական ուժերին խնդրել էր հայկական ուժերին վերադարձնել Երևանի օդանավակայանի վերահսկողությունը։ Բնականաբար, հաջորդ քայլը կլինի սահմանների հսկողության պահանջը։ Այժմ Ֆրանսիան ակտիվ դեր է ստանձնում Արևմուտքի անունից և նույնիսկ առաջարկել է ռազմական ուժեր բերել Հայաստան։ Հնդկաստանը, որն Ադրբեջանի կողքին է տեսնում իր վաղեմի թշնամի Պակիստանին, նախատեսում է ծանր զինտեխնիկա վաճառել Հայաստանին: Հաշվի առնելով այս փաստերը՝ պետք է ասել, որ խաղաղությունը մոտ ապագայում Կովկաս չի վերադառնալու»,- ասել է նա։