Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծամորցի երգիչ Գևորգ Հակոբյանին որոշել է աշխատանքի տեղավորել:
Այն էլ ինչ աշխատանքի... Այն էլ ինչ մեթոդներով...
Պարզվում է՝ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, լուսահոգի Գեղամ Գրիգորյանն իրեն փոխարինող տեսնում էր հենց Գևորգ Հակոբյանին... Սա, ըստ Սերգեյ Սմբատյանի, ով հարցազրույցներից մեկում ասել է, թե Գեղամ Գրիգորյանը կյանքի վերջին օրերին է այդ ցանկությունը հայտնել... Հասկանու՞մ եք` Սմբատյանը համարյա ասում է, որ դա մեռնողի ցանկությունն է ... Մի բան էլ ավելացնում, թե բարոյական քայլ կլինի մաեստրոյի/ Գեղամ Գրիգորյանի-խմբ./ հանդեպ հարգել այդ ցանկությունը....
Ուզում եմ հարցնել` իսկ բարոյակա ՞ ն է, պարոն Սմբատյան, ինչպես ժողովուրդն է ասում, մեռնողի «յոթն ու քառասունքը» չտված նրա տեղի համար նման «խաղեր տալը»:
Ու հետաքրքիր է` ուրիշ էլ ի՞նչ ցանկություն է հայտնել մահանալուց առաջ Գեղամ Գրիգորյանը, որ միայն Սերգեյ Սմբատյանը գիտի ու գուցե այդ ցանկությունը նույնպե՞ս վերաբերում է Գևորգ Հակոբյանին, ով, ըստ ասեկոսեների, Սերգեյ Սմբատյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է:
Գուցե Սերգեյ Սմբատյանը հասկացել է, որ քավոր-սանիկական կապերն օգտագործելը աշխատանքի տեղավորելու կամ միջնորդելու գործում կարող է խոցելի լինել իր համար, դրա համար որոշե՞լ է հանգուցյալի անունն օգտագործել:
Մեղա, մեղա...
Երիտասարդ ու հարգելի Սերգեյ Սմբատյան, առայժմ ուրախացեք ու «ուրախացրեք» ձեր կարիերայով, իսկ Վահագն Բագրատունու, Տիգրան Լևոնյանի, Գեղամ Գրիգորյանի գործը շարունակողի հարցում անհոգ եղեք...Այս երկրում կգտնվեն երևի այլ թեկնածուներ` առավել փորձով ու վաստակով և առանց` քավորի միջնորդության ու հանգուցյալի վերջին ցանկության...
Պարադոքս է , բայց զավեշտի հասնող տխրեցնող է այս ամենը
Զայրացնող ու զարմացնող է նաև...
Ու կրկին` մեղա, մեղա ... գոնե լուսահոգի Գեղամ Գրիգորյանին մի խառնեք այս «նախաձեռնությունում»:
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան