Hraparak.am-ը գրում է.
Հատկապես վերջին շրջանում հաճախակի են դարձել ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայրենասիրական ելույթները.
«Մեր հասարակությունը մեզ չի վստահում այդ թվում նաեւ ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի եւ նրանց աշխատաոճի հետ կապված: Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ՝ մատով ցույց տալով, որ վերևներին ենք տալիս, ձեռքներդ կկտրեմ: Եթե ես էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասված հասկացությունը, հարկահավաքը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը»:
Ու սա միակը չէ. յուրաքանչյուր օր նոր հայրենասիրական պաթոսով է լցվում Վովա Գասպարյանի խոսքը: Բան չեմ ասում, նախկինում էլ ոստիկանապետի խոսքը պաթետիկ էր, բայց այսօր լրիվ ուրիշ սերիալից է: Այնպիսին, որ թաշկինակներն առնել ու հայրենասիրության գերավելցուկից լացել ես ուզում...
Այս ֆոնի վրա խոսել, թե մեր ոստիկանապետին աշխատանքից հուր հավիտյան ազատում են, ինչպես գրում են լրատվամիջոցները, առավել քան ծիծաղելի է: Ինչու՞, եղբայր, ինչու՞... Վա՞տ է համազգեստի միջից հանում ոստիկանին կամ վա՞տ է ցույցերը «կարգավորում՝ եկեղեցական բոլոր ավանդույթներով»:
Այստեղ մի փոքր մտածել է պետք: Մեր ո՞ր բնագավառում է, որ հայրենասիրությունն այդքան անհրաժեշտ է: Կասեք՝ բոլոր բնագավառներում: Բայց ավելի, ավելի՜ շատ...
Բանակու՞մ...
Էլ որտե՞ղ կարելի է այդպես ոգևորել մարդկանց ու կոչել՝ ի զեն... Հայի արյունը հայրենասիրական բոցերից «պաժառ է ընկնում», մեծով ու փոքրով ուզում ենք բոբիկ հասնել սահման ու ասել՝ երեխեք դուք տուն գնացեք, մե՛նք ենք հիմա էլ կռվելու...
Խեր աչքս խաղում է. Վովա Գասպարյանը Հայրենիքի պաշտպանության գործին է լծվելու...
Հայոց պաշտպանության զորավար: Նախարարն ի՜նչ է այդ կոչման դիմաց... Ասեմ, որ ոստինականապետի ելույթներն արյան պտույտների համար շա՜տ օգտակար են... Բայց չափավոր պետք է օգտագործել, չափավո՜ր... Հ
Գ Հիմա կասեք՝ իբր հանել են, նոր գործի մասին եք խոսում:
Որ կայք ուզում եք, բացեք, ոստիկանապետին հանում են: Բոլորդ միասին հանում եք, ես էլ նշանակում եմ: Ա՜յ էս գործին ենք:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում