▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղություն ամեն գնով՝ նշանակում է՝ Թուրքիան ու Ադրբեջանը կորոշեն մեր սահմաններն ու ինքնությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Անցյալի փորձից ունենք «երևանյան հանրապետության» նախադեպը, երբ հարյուր և ավելի տարի առաջ՝ Բաթումի, ապա՝ Ալեքսանդրապոլի դաշնագրերով տեսել ենք թուրքական քաղաքականության թիրախը։ Հիմա մենք տեսնում ենք պատմության կրկնության հավանականություն, բայց ավելի հոռի եղանակով, երբ լավագույն դիպաշարը, այսպես շարունակվելու դեպքում, կլինի «երևանյան հանրապետությունը»։ Խաղաղություն ամեն գնով՝ նշանակում է՝ Ադրբեջանը Թուրքիայի ուղեկցությամբ կորոշի, թե որն է մեր սահմանը, պետականության հիմքը, ինքնությունը, տարածքային ամբողջականությունը։ Նաև հուշում են վտանգը՝ մեզ հետ կապված՝ իրենք տեսնում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերով սահմանված՝ Նախիջևանի կարգավիճակը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

«Նախիջևանը ժամանակին ուներ թուրքական և ռուսական խնամակալություն, բայց պատկանում էր Ադրբեջանին, թեև այն ժամանակ հարաբերական մեծամասնությունը հայերն էին այնտեղ։ Վտանգ կա, որ եթե այսպես շարունակվի, կարող է անվանումով Հայաստանի Հանրապետություն մնա, մեր սրբազան դրոշը ծածանվի հայտնի շենքի վրա, բայց մենք կկորցնենք մեր ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ընդհանրապես մեր ինքնությունը։ Կզրկվենք ոչ միայն պատմությունից, այլև ապագայից։ Բոլորիս հուզում է՝ ի՞նչ անել, մեր մեջ այդ հարցը պայթում է ամեն օր։ Մեկը չի կարողանում իրեն զսպել, դիմում է ծայրահեղ միջոցների։ Կան անկյուններ, հրապարակներ, դահլիճներ, գյուղեր, որտեղ սրտացավ մարդիկ հավաքվում են, փորձում են լուծումներ գտնել»,- ասաց քաղաքական գործիչը:

«Մինչև հիմա մենք չենք կարողացել գտնել այն բանաձևը, կարգախոսը, մեթոդաբանությունը, որը կհամակարգեր բոլոր ջանքերը, կլիներ իրական պոռթկում, որը կունենար համապետական և համահասարակական նշանակություն։ Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք համապետական պայքարի։ Այս իշխանությունը խաղաղություն բառը չարաշահում է՝ իր աթոռը պահելու համար։ Պետք է Հայաստանի Հանրապետությանը շունչ տալու հնարավորություն ստեղծել՝ սրանց փոփոխմամբ։ Զուգահեռաբար՝ պետք է նվազագույն պաշտպանական զսպումների համակարգ ստեղծել՝ միջազգային հանրության հետ աշխատելով, ոչ թե սենսացիոն հարցազրույցներ տալով։ Անցման շրջանում մեզ ոչ թե պետք է վախեցնեն պատերազմով, այլ մենք պիտի կարողանանք ուժեղանալ, սեփական պաշտպանությունն ապահովել, և այս փխրուն, ճակատագրական և վտանգավոր անցումը միասին կատարենք»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее