▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրույր Փենեսյանը գտել է Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նոր տարբերակներ

BPA ընկերությունը, որն արդեն երկու տարի է, ինչ կազմակերպում է «Ինվեստ Արմենիա» համաժողովները, եկել է այն եզրահանգման, որ զբոսաշրջության վերաբերյալ համաժողով կազմակերպելու կարիք կա: Այս մասին Asekose.am-ին հայտնեց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը:

«Համաժողովի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության ողջ ներուժը:  Համաժողովը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 28-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության նորակառույց շենքում` «Welcome to Armenia»  («Բարի գալուստ Հայաստան») խորագրի ներքո»,-ասաց Վրույր Փենեսյանը` պատմելով, թե ինչպես է անցկացվելու բուն միջոցառումը.

«Համաժողովը բաղկացած է լինելու երկու մասից: Սռաջին հատվածում մի շարք նախարարություններ ներկայացնելու են զբոսաշրջության վերաբերյալ իրենց տեսլականը: Երկրորդ հատվածում կներկայացվեն զեկույցներ Հայաստանի զբոսաշրջային քաղաքների քաղաքապետերի կողմից, ովքեր էլ համապատասխանաբար կներկայացնեն վերջին տարիների զբոսաշրջային շարժը և միտումները: Ակնկալվում է նաև Ստեփանակերտի քաղաքապետի ներկայությունը: Համաժողովի ընթացքում  առաջարկվելու է  նաև ոչ ավանդական տուր-փաթեթների ստեղծում Հայաստանի համար, որովհետև մենք ունենք մեծ ներուժ և այնպիսի հնարավորություններ, որոնք ամեն երկրում հասանելի չեն զբոսաշրջիկներին: Առհասարակ, կարծում եմ, որ այս համաժողովը կլինի շատ արդյունավետ, քանի որ թե ասելիք, թե անելիք շատ ունենք և միասին կգանք դրական եզրահանգման, որն էլ դրական ազդեցություն կթողնի զբոսաշրջության հետագա զարգացման վրա: Կարծում եմ, որ վարչապետը հատուկ ուշադրություն կդարձնի զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այս ոլորտն ունի մեծ պոտենցիալ և կապահովի տնտեսության զգալի եկամուտների հոսք»:

Վրույր Փենեսյանի խոսքով` այս համաժողովի ընթացքում խոսվելու է նաև մի փառատոնի մասին, որն անկացվելու է 2017 թվ-ին: Միաժամանակ Վրույրը չցանկացավ մանրամասներ հաղորդել տվյալ փառատոնի մասին` նշելով միայն, որ իրենք զբոսաշրջիկների մեծ հոսք են ակնկալելու այդ կապակցությամբ:

«Համաժողովի ընթացքում կներկայացնենք նաև այնպիսի ոչ պետական կառույցների, որոնք Հայաստանում զբաղվում են զբոսաշրջության զարգացման և աջակցման ծրագրերով: Նմանատիպ կառույցներից կառաձնացնեմ ամերիկյան աշխարհահռչակ Սմիթսոնյան հիմնադրամը, որը նոր է սկսել իր գործունեությունը Հայաստանում և ներկայացնելու է զբոսաշրջության վերաբերյալ իր անելիքները»,-իր խոսքը եզրափակեց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Աֆրիկայում «Երևան» հիպերմարկետ ստեղծողը շուտով կլինի Երևանո՞ւմ. պարզաբանում է Վրույր Փենեսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее