«Արմեդիա» տեղեկատվական վերլուծական գործակալությունը ներկայացրել է բացառիկ հարցազրույց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ:
- Պարո´ն Դարչինյան, հայտարարել եք, որ մի քանի օրից մեկնելու եք Արցախ: Ո՞րն է Ձեր այցի նպատակը:
- Մեկնում եմ Արցախ հանդիպելու մեր զինվորներին, քաջալերելու նրանց՝ ասելու, որ նրանք կռվում, պայքարում են մեր հայրենիքի համար և պետք է պինդ մնան:
- Ապրիլյան սրացումների ժամանակ Դուք գտնվում էիք Հայաստանից դուրս: Ի՞նչ զգացողություններ ունեիք: Արդյո՞ք այդ ժամանակ նկատվում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության ոգին:
- Այո´, Ավստրալիայում այն ակնհայտ էր: Մենք բոլորս էլ փորձում էինք ինչով կարող էինք օգտակար լինել. ոմանք գումար էին հավաքում, ոմանք ինչ-որ բաներ էին ուղարկում:
Իհարկե, բոլորս էլ գիտեինք, թե ինչ է կատարվում, որ ունենք զոհեր: Ես ինքս չէի կարող չգալ և տեղում չտեսնել, թե ինչ է կատարվում: Իհարկե, ես դիպուկահար չեմ, չեմ կարողանում կրակել և այս առումով զինվորներին օգնել չեմ կարող, բայց ուզում էի անպայման լինել զինվորների կողքին, քաջալերել նրանց, ասել, որ զգույշ լինեն, որ փամփուշտներից գլուխները ցածր պահեն:
Բառեր չեմ գտնում ասելու: Մենք շատ զոհ ենք տվել: Բոլորը երիտասարդ տղաներ… Ուզում եմ, որ ավելի զգույշ լինեն:
- Մի առիթով Դուք նշել եք, որ պրոֆեսիոնալ ռինգում Ձեր գործունեությունը շուտով ավարտվելու է: Ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել հետագայում: Երբևէ մտածե՞լ եք, որ եթե չլիներ սպորտը, ինչով կզբաղվեիք:
- Մոտ 30 տարի է, ինչ զբաղվում եմ սպորտով ու երբևէ չեմ էլ մտածել, որ կարող էի մեկ ուրիշ բանով զբաղվել: Մտքովս երբևէ նման բան չի անցել: Ինչ վերաբերում է հետագա իմ գործունեությանը, ապա կշարունակեմ զբաղվել սպորտով և կօգնեմ մեր մարզիկներին կռվել և փող աշխատել, քանի որ սպորտի՝ հատկապես հենց բռնցքամարտի աշխարհում գրեթե բոլորին գիտեմ:
Քանի որ Հայաստանում չկա պրոֆեսիոնալ բռնցքամարտ, պատրաստվում եմ ԱՄՆ-ում բացել բռնցքամարտի ակումբ, որտեղ կհավաքեմ ողջ աշխարհի հայ բռնցքամարտիկներին:
- Մոտակա ժամանակներս կա՞ պլանավորված մենամարտ:
- Այո´, հուլիսին կա պլանավորված մենամարտ, սակայն դեռ օրը հստակ չէ: Արցախ այցելելուց անմիջապես հետո մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու մենամարտի համար նախապատրաստական աշխատանքները:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում